16 03 2019

Որևէ կառույցի ավերումը չի կարող ոչնչով արդարացվել․ «Հրապարակ»

Որևէ կառույցի ավերումը չի կարող ոչնչով արդարացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչքան ուզում է ասեն՝ Երեւանն ազատագրում ենք բետոնից, վերականգնում ենք արդարությունը, պատրաստվում ենք կանաչապատել ու բարեկարգել Օպերայի շրջակայքը, որը խլել էին ժողովրդից ու «մեջ-մեջ» արել, միեւնույն է՝ որեւէ կառույցի ավերումը չի կարող ոչնչով արդարացվել։ Իսկ Կարգին Հայկոն իր պաշտոնավարման մեկնարկից մի քանի օր անց արդեն «քանդման» բուռն աշխատանքներ էր սկսել քաղաքում։ Նախ՝ Նորքի զանգվածում մի հսկա շենք քանդեցին, իբր՝ ապօրինի լինելու պատճառաբանությամբ։ Հետո սեփականատերը դիմեց դատարան, եւ, պարզվում է, այնքան էլ միանշանակ չէ «ապօրինի» լինելու մասին պնդումը։ Հետո փլվեց «Փոքրիկ երգիչների» գողտրիկ շենքի մի պատը, եւ Տիգրան Հեքեքյանը հայտարարեց, որ միտումնավոր ձգձգեցին ամրացման աշխատանքները, եւ փլուզումն այնքան էլ «պատահական» չէր։

Հետո բարբարոսաբար քանդեցին Խորենացու 13՝ կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը, որը գեղեցիկ քաղաքաշինական միջավայր էր ստեղծում այդ հատվածում։ Եվ վերջապես հերթը հասավ Օպերայի սրճարաններին։ Աղքատ ու իրենց կյանքից դժգոհ մարդկանց միջավայրում, անշուշտ, կլինեն անհատներ, որ կասեն՝ լավ են անում, էդ հարուստների ձեռքից պետք է ամեն ինչ խլել ու պետականացնել։ Կլինեն նաեւ մարդիկ, որոնք կփորձեն հաճոյանալ նոր իշխանություններին եւ ողջունել նրանց յուրաքանչյուր քայլը։ Բայց արդարության եւ հավասարության հաղթանակի, քաղաքն ազատագրելու մասին կարելի է խոսել, երբ կքանդվեն, ասենք, Մոնումենտի այգում կառուցված հյուրանոցն ու դղյակները, Օղակաձեւ զբոսայգում կառուցված բոլոր կառույցները, Կենտրոնի բոլոր շենքերի տգեղ կցակառույցները, Սամվել Ալեքսանյանի սրճարանն ու մյուս շինությունները։ Կանաչապատման մասին էլ կարող է խոսք գնալ, երբ քաղաքի ամայի տարածքները կանաչապատեն-ավարտեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ