14 03 2019

Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին

Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀԱԿ նախկին անդամ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակին»՝ փետրվարի 12-ին հրապարակված «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ նյութի համար, որի հեղինակը Գյումրի քաղաքի բնակիչ, հասարակական գործիչ, ազատ լրագրող Հասմիկ Մեքոնյանն է, ում Գյումրիում բոլորն են ճանաչում։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Հայցադիմումի մեջ նշվում է, որ հրապարակված նյութը «արատավորում է Անդրանիկ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը»։ Հետաքրքիր է, որ փաստաբանը հենց հայցադիմումի մեջ ներառել է այն կետը, որում ասվում է, որ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացված փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ «այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»։

Այստեղից պարզ է դառնում, որ հայցվորը լավ էլ պատկերացնում է, որ այս պարագայում մենք որեւէ պատասխանատվություն չենք կրում եւ եթե իր պատիվն անգամ արատավորել են, ապա դա ոչ թե «Հրապարակն» է արել, այլ կոնկրետ անձ՝ գյումրեցի կինը, ով ապրել է Գյումրիում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եւ ներկայացրել է իր տպավորություններն ու հիշողությունները Քոչարյանի պաշտոնավարումից։

 Մենք զրուցեցինք հոդվածի հեղինակ Հասմիկ Մելքոնյանի հետ, որը նշեց՝ ինքը պատրաստվում է դատական պրոցեսին․ «Ինձ պետք է հայցադիմումի օրինակը։ Նախ արխիվային նյութեր ունեմ ես, այժմ ականատեսներից վիդեոներ եմ պատրաստում, որոնց հետ նա շփվել է եւ որոնց պարտադրել է փողեր տալ, արդեն ես 2 տեսագրություն արել եմ։

Թող «Հրապարակ»-ը դուրս գա, գործը տեղափոխեն Գյումրի։ Որ Գյումրի տեղափոխեն, Անդրանիկ Քոչարյանին կթաղեն գյումրեցիները։ Ես էս պահին շատ արագ չեմ ուզում անդրադառնալ, թող մի քիչ ուշ լինի»։ Մելքոնյանի խոսքով՝ ինքը բացարձակապես չի արատավորել Քոչարյանի «բարի համբավն ու արժանապատվությունը»․ «Ես շատ մեղմ եմ վարվել, երկրորդ հոդվածը 2 օրից կտպվի, ինքը կհասկանա՝ ինչ է։ Ես մտածում էի, որ ինքն էդքան խելոք կլինի եւ կլռի։

Ես էդ ժամանակ Շիրակի գոտու հատուկ թղթակիցն էի Գյումրիում, եւ ինքն ամեն օր օրվա իշխանություններին ասում էր՝ Մելքոնյան Հասմիկին վտարեք էստեղից, որովհետեւ ինձ խանգարում է աշխատել։ Էդ ժամանակ ես համարվում էի էդ նույն իշխանության մասնիկը, եղել եմ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, այնուամենայնիվ, ես փորձում էի Վազգեն Սարգսյանին հասկացնել եւ հասա նրան, որ 20 րոպե հանդիպում եմ ունեցել Լեոն Տեր-Պետրոսյանի հետ՝ հատուկ Անդրանիկի արած տականքությունների, կեղծիքների եւ ստերի համար, եւ հաջորդ օրը Անդրանիկը ստեղից գիշերով փախավ, նա մեծ թվեր էր հավաքել՝ գումարներ։ Հետո ես իրեն հանդիպել եմ, ասել եմ՝ տեսա՞ր, ով ում վտարեց․․․ ՀՀՇ-ում, երբ տղաներին բռնում էին՝ 92 թվականին, ես թղթեր էի փորձում դուրս բերել, իջա նկուղ եւ տեսա, որ կոյուղագծին փաթաթվել, կուչ է եկել, բայց ինքն է տղաների տեղերը ասել ռուսներին։ Իհարկե ես բոլորի ապացույցները չունեմ, բայց էստեղի շինտեխնիկան, որ ինքն է տարել, դրա ապացույցներն ունեմ․․․Մինչեւ վերջ իրեն բացահայտելեւ եմ, ես փաստահավաք խումբ եմ կազմելու։ Ես գտնում եմ, որ ինքն այդքան համաձակ է, թող ինձ տա դատի, իմ հասցեն է՝ Գյումրի, Ռիժկովի 2, բն․1։ «Հրապարակ»-ի հետ ի՞նչ գործ ունի»։ 

Նշենք, որ հայցադիմումը նոր է մուտք եղել դատարան, մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին, սակայն հայտնի չէ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ, թե վերադարձվել հայցվորին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ