14 03 2019

Պաշտոնանկություն՝ ՔԿ-ում․ պատճառը գործարարի դեմ քրգո՞րծն է․ «168 Ժամ»

Պաշտոնանկություն՝ ՔԿ-ում․ պատճառը գործարարի դեմ քրգո՞րծն է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեի (ՔԿ) Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն ազատվել է պաշտոնից: ՔԿ պաշտոնյայի ազատման հիմքը պաշտոնապես նշվում է՝ սեփական դիմումի համաձայն: Սակայն բնական է, որ Գլխավոր դատախազությունից ՔԿ տեղափոխված Կարեն Շահբազյանը մեծ եռանդով դեռ երկար կշարունակեր աշխատել համակարգում, եթե չխանգարեին որոշ գործոններ:

Խանգարող գործոնների մասին տարբեր խոսակցություններ կան: Համակարգի ներսում, սակայն, նախապատմության երկու հիմնական վարկած է շրջանառվում՝ Կարեն Շահբազյանը չի ենթարկվել ՔԿ նոր պետի սահմանած խաղի կանոններին՝ այն է՝ չսպառնալ, կաշառք չվերցնել, քաղաքացիների ընդունելություններ սահմանել, և այլն, երկրորդ վարկածն առնչվում է գործարարներից մեկի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Պարզվում է, հեղափոխությունից հետո բացահայտումների մրցավազքից փորձել է ետ չմնալ նաև Կարեն Շահբազյանը և ջանացել է գործարարների միջոցով չարաշահումների կծիկ բացել տապալված ռեժիմի պաշտոնյաներից մեկի վրա, սակայն նրան չի հաջողվել գործը մինչև վերջ գլուխ բերել՝ ոչ բավարար հիմքերի պատճառով:

Պաշտոնական հաղորդագրությամբ գործարարին վարկաբեկելուց բացի, Կարեն Շահբազյանը հասցրել է միայն մեկ անգամ հարցաքննության կանչել գործարարին՝ «Հրաշք այգի» ընկերության սեփականատիրոջը, և հարցաքննել 2014-16թթ. Գյուղատնտեսության նախարարության հետ կապված հողօգտագործողներին աջակցության ծրագրերով գործակցության մասին:

168.am-ի տված հարցազրույցում ընկերության սեփականատեր Արթուր Իվանյանը պատմել էր սուբսիդավորված պարարտանյութի հետքերով ՔԿ-ում մի շարք համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործի ու դրա շրջանակներում Կարեն Շահբազյանի դրսևորած անձնական շահագրգռվածության մասին: Նրա խոսքով՝ Կարեն Շահբազյանը փորձել էր իր ակնկալած «ատկատների» մասին կորզվող ցուցմունքներով ամեն գնով հասնել կոռուպցիոն բացահայտումների, որոնք կառնչվեին նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների, սակայն այդպես էլ նրան չէր հաջողվել: Նշենք, որ Կարեն Շահբազյանի հարուցած քրգործն այսքան ժամանակ օդում կախված է մնացել, ՀՔԾ-ում առկախված գործը փաստացի մինչ օրս ոչ կարճվում է, և ոչ էլ զարգացում է սպասվում:

«Հրաշք այգի» ընկերությունը դիմում-բողոքներ էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի դեմ: Ու բացառված չէ, որ իրականում հենց այս գործի շրջանակներում է Կարեն Շահբազյանի կարիերան ընդհատվել՝ մարտի 5-ից. իր «սեփական դիմումի համաձայն»՝ իրավական համակարգում նա այլևս անելիք չունի:

Կարեն Շահբազյանը հերքում է իր ազատման մասին երկու լուրերն էլ՝ պնդելով, որ ինքն է ցանկացել հեռանալ համակարգից:

«Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել պաշտոնից և շնորհակալ եմ, որ ղեկավարն ընդառաջ գնաց իմ պահանջին ու ստորագրեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Շահբազյանը՝ չթաքցնելով, որ շատ կցանկանար այդուհանդերձ պետական համակարգ վերադառնալ:

Շանսեր ունե՞ք, հարցրեցինք նրան։ ՔԿ նախկին պաշտոնյան փիլիսոփայորեն պատասխանեց՝ «Մեծ կյանք է, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ մի օր վերադարձա, ինչո՞ւ ոչ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ