05 03 2019

ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը վտանգված է․ «168 Ժամ»

ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը վտանգված է․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:

Մեր տեղեկություններով՝ մասնավորա­պես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետա­գա համագործակցությունը, որովհետեւ հեղափոխական նոր իշխանություն­ների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, եւ դրա հետեւանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական եւ ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները:

Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման եւ վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ:

Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել եւ 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը:

Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. եւ փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը եւ այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից:

Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը:

Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նա­խարարությունը լինել, որովհետեւ նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, եւ դժվար թե նման խնդիրներ առաջացներ:

Ըստ ամենայնի գործընթացն արգելակվում է կա´մ Կառավարության աշխատակազմի, կա´մ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնա­կան հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց:

Ըստ երեւույթին, հենց սա է պատճառը, որ մեր աղբյուրների հավաստմամբ մեկ շաբաթ անց սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հա­տուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ