04 03 2019

Իսկ ո՞ւր է երկխոսության երկրորդ կողմը, ո՞ւր է ժողովուրդը․ տնտեսագետ․ «168 Ժամ»

Իսկ ո՞ւր է երկխոսության երկրորդ կողմը, ո՞ւր է ժողովուրդը․ տնտեսագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Կառավարության կադրային քաղաքականությունն ընկալելի չէ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համար: Ասում է՝ կադրերի ընտրության մեջ պահանջների հստակության, մասնագիտական որակների գնահատման մոտեցում պիտի լինի, և այդ տեսանկյունից որպես լավագույն օրինակ՝ հիշատակում է Կենտրոնական բանկի (ԿԲ) կադրային քաղաքականությունը: Բայց այս լրջմիտ մոտեցումը նա չի տեսնում գերատեսչական գրեթե ոչ մի կառույցում: Զղջում է, որ ժամանակին սուր քննադատել է նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանին, Տիգրան Սարգսյանին ու մյուսներին, ասում է՝ բարձր պահանջներ էինք դրել այդ մարդկանց առաջ և ակնկալում էինք հապշտապ քայլերով մեծ փոփոխություններ տնտեսության մեջ:

«Եթե ամեն նոր կառավարության օրոք մարդիկ պիտի երանի տան նախորդների ժամանակներին, ուրեմն երկրում ինչ-որ բան այն չէ… մենք հետընթաց ենք ապրում, հասկանո՞ւմ եք… սա շատ վատ է,- 168.am-ի հետ զրույցում արձանագրում է կառավարության ղեկավարների հետ բազմաթիվ անգամներ օրենսդրական նախաձեռնությունների շուրջ համագործակցած տնտեսագետը և ավելացնում,- Նայում եմ ներկային ու մտածում, լավ, ո՞ւմ էինք քննադատում ժամանակին և ինչի՞ համար, իսկ այսօր համեմատում եմ այս մարդկանց ու չգիտեմ, թե ումի՞ց փոփոխություններ ակնկալել, ի՞նչ ակնկալել այսօրվա իշխանության եկածներից, գոնե մշակույթ կար ժամանակին: Նախկին պաշտոնյաներն այսքան կատեգորիկ չէին իրենց մարտավարության մեջ, գործ է արվել ժամանակին, չի կարելի նսեմացնել մինչև հեղափոխությունը կատարված աշխատանքը՝ կլինի փորձագետների հետ համատե՞ղ, թե՞ ներսում»:

Տնտեսագետի խոսքով՝ մերօրյա պաշտոնյաները համեմատելի չեն նախորդների հետ, նորերին պակասում է լրջմիտ լինելն ու լայնախոհությունը. «Ներկայիս նախարարներն ինձ համար նույնիսկ համեմատելի չեն ոչ նախորդ, և ոչ էլ նրանցից շատ առաջ պաշտոնավարած պաշտոնյաների հետ: Նրանք ինձ ֆեոդալների են հիշեցնում: Այդ մարդկանց գործելաոճի ու իրենց հռչակած գաղափարների միջև հսկայական տարբերություն կա»:

Օրինակ բերելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած վարչապետների պատմական հանդիպումը՝ ակնարկեց, որ նույնիսկ այս ֆորմատը փորձ չի արվում կիրառել՝ նյութի փախանակման, լուրջ թեմաների համատեղ քննարկման համար: Քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին սա կարող էր նոր մշակույթ դառնալ, բայց նրա կարծիքով՝ գործող վարչապետը հազիվ թե ցանկանա տպավորություն ստեղծել, որ ինքն այլոց խորհրդի ու աջակցության կարիքն ունի, որ չի կարողանում սեփական ուժերով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Նախկինների և գործողների միջև կապը հաճախ կարող է ստրատեգիական հարցերում արդյունավետ ծառայել, բայց սևերի ու սպիտակների միջև բաժանումով հարաբերություններն արհեստականորեն ախոյանական են դարձվել»,- ասում է Թաթուլ Մանսերյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հաճախ է պատրանք ստեղծում, թե ժողովրդի ուժն ու կարծիքը կարևոր է իր համար, նույնիսկ կոնսոլիդացիայի կոչեր էր հնչեցնում հեղափոխության հարթակից, բայց իրականությունն այլ է տնտեսագետի համար՝ իշխանության եկածներին բացարձակապես չի հետաքրքրում այլոց կարծիքները.

«Խոսում են երկխոսությունից, ժողովրդի անունից են խոսում: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս՝ իսկ ո՞ւր է երկրորդ կողմը, ո՞ւր է … երկրորդ կողմն ո՞վ է իրենց երկխոսության դաշտում… ո՞ւր է ժողովուրդը, ո՞ւր են նրա անունից հանդես եկողները, ո՞ւր էին փորձագետները, տնտեսագետները, երբ կառավարությունն իր գործունեության 5-ամյա ծրագիր էր կազմում: Համախմբվածության դիրքերից խոսողներն ընդհանրության մեջ ուժերի համախմբում չեն ուզում»:

Ասում է՝ նորերը փոշիացնում են բոլորի արած գործը՝ հներին փնովելով զրոյացնում են նախկինում ձևավորված մշակույթը:

«Նորերի մոտ չկա հետադարձ կապի մեխանիզմ՝ ինչպես իրականություն դարձնել Հանրապետության հրապարակից միլիոնավոր մարդկանց տված խոստումները, ամեն բան հայտարարելիս՝ ասում էին՝ ժողովուրդը պիտի ուզի, ժողովուրդը պիտի այդպես ցանկանա, որ անենք, բայց այս մարդիկ ժողովրդին իրենց որոշումների կայացման մասնակից չեն ուզում դարձնել, նրանք պատրաստ չեն լսել իրենցից դուրս հնչող կարծիք, հակված չեն դիմելու ժողովրդի կարծիքին»,- ասում է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ նորերի մոտ պահանջարկված չէ պրոֆեսիոնալ ռեսուրսն առհասարակ:

«Որոշումները հիմնականում կայացվում են փակ ու միանձնյա, նրանց հարկավոր չեն նաև փորձագետների ռեսուրսները, իրենց համար չկա այն միակը, ում զուտ պրոֆեսիոնալ գիտելիքների համար ընտրել են, որպեսզի ծառայի իր փորձով, գիտելիքներով, մյուս բոլորին համարել են անպիտան: Պրոֆեսիոնալի կարծիք լսելն ընդհանրապես մերժված մոտեցում է այս կառավարության համար»,- այս կարծիքին է Թաթուլ Մանասերյանը և համոզված է, որ «քայլողների» թիմից դուրս ցանկացած մեկին վարչապետի մոտ հնարավորինս սևացնում, մոխրացնում են, որպեսզի իրենք իրենցով մեկուսանան:

Նրա խոսքով՝ նորերը ոչ միայն կարգապահություն չունեն՝ ամեն մեկն իր տեղում, այլև ակամայից կրկնում են նախկինների սխալները.

«Արդյունքում՝ իր հետ իշխանության համակարգ բերած մի քանի ծանոթով, մտերիմ կապերով, ընկեր, սիրուհի, քավոր-սանիկ համակարգ խցկելու միջոցով՝ պետական կառույցներում առանց այն էլ կադրային քաղաքականության խճճված համակարգը վերածելու է կադրային բուտերբրոդի, որն այլևս մարսել չի լինում: Մի կողմից՝ գիտակցելու են, որ նրանք աշխատունակ չեն, անարդյունավետ է աշխատանքը, մյուս կողմից՝ կաշկանդվածություն կա նրանցից ազատվելու համար»:

«Ես դեռ համառորեն, միտումնավոր ուզում եմ պահպանել իմ լավատեսությունը նորերի ու կառավարության ղեկավարի հանդեպ, որպեսզի ես ինձ ճիշտ դրսևորեմ պետության հանդեպ, ու հավատամ փոփոխություններին, հակառակը շատ ծանր կլինի ինձ համար: Բայց երբ նայում եմ վարչապետի թիմին, այդ շրջապատին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մի հոգի իրեն պատեպատ է տալիս՝ անընդհատ խոսելով ներդրումների մասին, ներգաղթի, էս խնդրի մասին, մյուսի… իսկ կառավարության մյուս անդամների մոտ այս ելույթները նույնիսկ տրամադրություն չեն ստեղծում:

ԱԺ ամբիոնից վարչապետի լուրջ էմոցիոնալ ելույթին, որ այդքան համոզիչ է թվում, ուզում ես իրոք հավատալ, մեկ էլ հանկարծ օպերատորի տեսախցիկը ֆիքսում է նրա թիմից ցանկացած մեկի դեմքի արտահայտությունը՝ վարչապետի ելույթի պահին, ու այդ տեսարանն ամենից խոսունն է ինձ համար, նախարարների դեմքի արտահայտությունը լրիվ պատկերավոր ասում է, թե ինչ ընկալում կա վարչապետի թիմի անդամների մոտ՝ նրա ներկայացրած ծրագրերի հանդեպ, և թե ինչքանով են պատրաստ նրանք իրականություն դարձնել այն նպատակները, որոնք վարչապետը դրել է կառավարության առջև»,- ասում է նա:

Թաթուլ Մանասերյանին մտահոգում է նաև կառավարության աշխատատեղերի կրճատման ծրագիրը: Նա մեծ վերապահումով է հավատում կառավարության անդամների հավաստիացումներին, թե կառավարման օպտիմալացման ծրագրի տակ աշխատատեղերի կրճատման նպատակ չէ իրականում դրված.

«Ես ասել և պնդում եմ՝ կենսագրություն չունեցող մարդիկ երբեք չեն կարող ավելին տալ, քան նրանք, ովքեր կամայական կրճատումների արդյունքում զրկվելու են աշխատանքից: Ռիսկային է կրճատման գնալու այս մոտեցումը: Իսկ բոլոր այն կցկտուր խոստումները, թե ՝ նրանք, ովքեր մասնագիտական ներուժ ունեն, անգործ չեն մնա և կներառվեն կադրային բանկում, ինձ մոտ այդքան էլ հավատ չի ներշնչում, թեկուզ միայն այն պատճառով, որ այս խոստման տակ չկա կոնկրետ քայլերով ծրագիր, նպատակը չի նշվում»:

Տնտեսագետը զարմացած է, որ օպտիմալացման հիմքում դրված չէ մրցութային մոդելով կրճատումը:

«Մրցույթի ինստիտուտն ամենից արդարն է օպտիմալացման դեպքերում, բայց սա անտեսված մոտեցում է օպտիմալացման սցենարում, այս համարձակությունը ես չեմ տեսնում կառավարության ղեկավարի մոտ, չկա համակարգի մոդելը խորապես ուսումնասիրելու և գնահատելու տրամադրվածություն: Իսկ ո՞ւր է մեր ժողովրդավարական մոտեցումը, չէ՞ որ մրցույթի մոդելը հենց ժողովրդավարական երկրներին է հատուկ: Բյուջեի վրա նստած պորտաբույծներից ազատվելու համար էլ ամենանպատակահարմարը մրցութային ձևն է, ժողովուրդն իրապես կհամոզվի՝ կառավարման համակարգն ազատվել է բալաստից»,- ասում է Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կրճատման ծրագրի մասին հայտարարվում է՝ որպես տեղեկություն, համակարգի աշխատուժին հնարավորություն չի տրվում ապացուցելու՝ իրենցից ովքե՞ր են ավելի արդյունավետ աշխատում, ովքե՞ր են թույլ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ