19 02 2019

Մենք ուրիշ ենք, մեր հեղափոխությունը միակն է․ Panorama.am

Մենք ուրիշ ենք, մեր հեղափոխությունը միակն է․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Հայաստանում այսօր ասես զուգահեռ իրականություններում են ապրում մի կողմից նրանք, ովքեր համարում են ապրիլին մեր երկրում կատարվածը «գունավոր հեղափոխությունների» շղթայում հերթական օղակ,  մյուս կողմից՝  նրանք, ովքեր համարում են այն գերմարդ Փաշինյանի շնորքը:

Առաջին կողմին զգուշացնում է  արևմտյան հիացմունքը հայաստանյան  «՛թավշյա հեղափոխության» նվաճումներով, մյուս կողմը ներկայացնում է դա որպես հայության բացառիկության օրինակ: 

Մշտապես հնչող անհանգստություններն այն առիթով, որ բոլթոններն ու սորոսներն են որոշում մեր պետության ընթացքը՝ որակվում են որպես չարակամություն-չկամություն մեծն Նիկոլի  «համամոլորակային» փառքի հանդեպ, աչք փակելով այն անթաքցնելի իրողության վրա, որ  մեկ-երկու փառաբանական խոսք ասելով ու մեր գլուխը շոյելով՝ դրսի ուժերը դարձրել են Հայաստանը պայթուցիկով լցված խաղալիք ընդդեմ Ռուսաստանի և Իրանի... անշուշտ, առաջին հերթին վտանգելով հենց մեզ:   

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցների թոփ թեման դարձյալ Հայաստանն է  երկու բավականին անցանկալի երանգով .1. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարվել է հետխորհրդային տարածքի առաջին քաղբանտարկյալն  ըստ Комсомольская правда-յի։2. ՛՛Russia Today-ը պարզել է, որ Երևանում CampCamp անունով սեմինարներ են անցկացվել, որոնք  ֆինանսավորվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից և վերաբերվել են հեղափոխություններ կազմակերպելու թեմային:

Առաջինի վերաբերյալ ասենք, որ հայկական իրականությունում Ռոբերտ Քոչարյանն արդեն  վաղուց էր քաղբանտարկյալ համարվում: Նշենք նաև, որ հազիվ թե Ռ. Քոչարյանի նկատմամբ սանձազերված դատական հետապնդումը դրսի մեծ ուժերի  թելադրանքը լինի: Չի բացառվում անգամ, որ  Փաշինյան-Տեր-Պետրոսյան տանդեմի իրականացրած քաղաքական սույն  վենդետան բազմաթիվ ավելորդ պրոբլեմներ ծնեց օտարների աշխարհաքաղաքական խաղերում:  Ինչևէ, այս դատական գործընթացը դեռ Եվրադատարաններով կանցնի, և մեծ հարց է, թե  իրականում ով շահած դուրս կգա:

Ցնցող նորություն էր երկրորդը. փաստորեն  Հայաստանում  «թավշյա հեղափոխությունն» այնքան հաջող է անցել, որ դրանում փորձված մեթոդները պետք է փոխանցել հաջորդ երկրների կործանիչներին՝ հիմնական թիրախ ունենալով Ռուսաստանը: Ցավոք,այս առումով  եղած կասկածներն ապացուցվեցին:

Հիմա Ռուսաստանից «տղա  չենք բերում» ապացուցելու համար, այն ինչը տեսանելի էր հենց սկզբից: Չէ  որ այս ամենի մասին ամիսներ շարունակ խոսում-գրում-ցուցադրում է հայաստանյան  հասարակության այն հատվածը, որի համար առաջնային կարևորության հարց է պետության գլխին տեսնել սեփական  շահերով առաջնորդվող ուժի կամ անձի, այլ ոչ այլոց շահերը սպասարկող դրածոների:  Ապրիլ-մայիսից սկսած ներկայացնում ենք աչք ծակող «թավշյա»  նմանությունները  Արաբական գարնան  և  գունավոր հեղափոխությունների փոթորկով անցած ու  աղետալի հետևանքների առաջ հայտնված երկրների հետ: Ապարդյո՛ւն... մենք ուրի՛շ ենք, մերն ուրի՛շ է, մեր հեղափոխությունը  միակն է , ինքնաբուխ, ժողովրդական էր՝ ուղղված նախորդ հանցագործ ռեժիմի դեմ:

Ի դեպ, ապրիլից թավշահեղափոխականների կողմից անընդհատ կրկվող այս   արտահայտության ակունքը պարզվեց մեկ-երկու ամիս առաջ սոցցանցերում հրապարակված սորոսյան մի քանի կազմակերպությունների մշակած Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզում, որտեղ ամենից շատ հանդիպում էր  «...նախորդ հանցագործ ռեժիմ...» արտահայտությունը: Կրկնությամբ ուղեղներում մեխված միտք...  այն երիտասարդների  ուղեղում, ովքեր առաջիկա տասնամյակներում լինելու են ցանկացած իշխանության հենարանը: Նման տեսանկյունից  փաշինյանիզմի վտանգներն շատ ավելի խորքային են լինելու, քան 90-ականների կեսերին ահազանգվող  հհշիզմի կործանարար  հետևանքները:

Շարքային քաղաքացու համար երևի թե միևնույն կլիներ,  թե ով է ում ղեկավարում և  ինչ հեռահար նպատակներով, եթե հեղափոխությունից հետո կյանքի կոչվեին միտինգային   շռայլ խոստումների գոնե մի չնչին մասը: Դա էլ չարվեց. ավելին՝   800 000 մարդ անվանվեցին անկյալներ, աղքատներին հրահանգվեց գլուխներն աշխատեցնել, փողոց փակողներին ասվեց, որ դրա լիազորությունն իրենք չունեն... մի խոսքով՝ կառավարության դիմաց ամեն օր չիրականացրած խոստումների դժգոհությամբ  1 վարչապետին բողոքներ են ներկայացնում   «3 միլիոն վարչապետները»:

Հիասթափությունն ահագնանում է  օր օրի վրա, բայց շատ բարձր վերևներում հայտնվածները չգիտես ինչու  վտանգ չեն զգում: Եթե 2018թ.  ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում  լավատեսական շղարշով կուրացել էին  հասարակության մի հատվածի աչքերը, այսօր արդեն  այդ շղարշը փոխանցվել է իշխանավորներին, և իրենք են կորցրել  իրականության զգացողությունը...  Իսկ գուցե ազգային առանձնահատկությո՞ւն է չտեսնել այն,  ինչը քեզ ձեռնտու չէ:

Այդ առիթով մի անեկդոտ հիշեցի.  «Տարբեր ազգի տղամարդիկ  բռնացնում են իրենց կանանց սիրեկանների հետ: Կանանց ռեակցիաներն այսպիսին են. գերմանուհին նայում է ժամացույցին և խստաձայն ասում՝ «Պաո՛ւլ, դու երեք րոպե շուտ ես եկել»:

Ֆրանսուհին   ծիծաղում է՝  «Միացի՛ր, Պոլ, երեքով ավելի զվարճալի  կլինի»:

Իսկ հայուհին աղեկտուր ճչում է՝  «Պո՜-ղոս, Պողո՛ս ջա՜ն, աչքովդ տենաս՝ չհավատաս»:

Պողոսի անձնական գործն է՝ կհավատա  թե ոչ...  Բայց  եթե հարցն  ազգային անվտանգությանն է վերաբերում, ապա անհատ պողոսները  պարտավոր են աչքին տեսածին հավատալ, այլ ոչ սին հավաստիացումներին: Ողջ աշխարհն է  Հայաստանը դասում գունավոր հեղափոխություների ենթարկված երկրների թվում, բայց  մերոնք շարունակում են պնդել՝  «՛մենք ուրի՛շ ենք, մերն ուրի՛շ է»: Լա՛վ, բայց անկախ յուրաքանչյուրիս տեսակետից՝  կարող ենք, չէ՞,  դաս քաղել այս դժոխքով անցած այլ երկրների  դառը փորձից և պատվով դուրս գալ այս փորձությունից ևս»։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ