15 02 2019

Կյանքից կտրվելու նշաններն ու ինքնաստուգման անջատված մեխանիզմը․ «Առավոտ»

Կյանքից կտրվելու նշաններն ու ինքնաստուգման անջատված մեխանիզմը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հեղափոխությունից օրեր հետո՝ մայիսին, երբ հեղափոխականներից մեկն արդեն պաշտոն էր ստացել, լրագրողը զանգել էր նրան եւ հարց տալուց առաջ ճշտել՝ «կարելի՞ է ձեզ անունով դիմել»: Նախկին հեղափոխականն անգամ զարմացավ՝ «իհարկե, ես բացարձակապես չեմ փոխվել»: Վերջերս, երբ մեկ այլ գործընկեր նույն պաշտոնյային դիմեց անունով, նա բավականին սառը կերպով ճշգրտում մտցրեց՝ «գուցե պարո՞ն…»:

Թերեւս մանրուք է, բայց՝ նշանակալից մանրուք: Այն ակնկալիքները, որ նոր՝ «հետհեղափոխական» պաշտոնյաներն իրենց պահելու են մեր՝ սովորական մարդկանց նման, քայլելու են ոտքով, երթեւեկելու են մետրոյով, չեն մեծամտանալու, մեզ վերեւից չեն նայելու՝ այդ ամենը իրականություն չդարձավ: (Ի դեպ, նույն չիրականացված սպասելիքները կային 1990-ականների սկզբին՝ ՀՀՇ-ական պաշտոնյաների հետ կապված):

Կան մարդիկ, որոնց առանձնասենյակը (ցանկալի է՝ վերանորոգված), սպասարկող ավտոմեքենան, քարտուղարուհին, «վերարկու բռնող» անձնակազմը, մարդկանց հրահանգներ տալու հնարավորությունը եւ պետական ծառայության մյուս ատրիբուտները դուր են գալիս, թեեւ դա նրանք ոչ միայն ուրիշներին, այլեւ անգամ իրենց չեն խոստովանում:

Մարդիկ էլ կան, որոնք իրենց ամբողջ հոգով ընդվզում են նման բաների դեմ, որոնց հոգուն հակացուցված են բոլոր տեսակի աստիճանակարգերը (հիերարխիաները) եւ արարողակարգերը՝ ով որ շարքում պետք է նստի կամ կանգնի, ով քանի անգամ կարող է մտնել «շեֆի» մոտ եւ քանի րոպե խոսել եւ այլն: Այդպիսի՝ «պալատներից հեռու» մարդիկ (օրինակ՝ ես) պետական համակարգում երկար չեն մնում:

Բայց նրանք, ովքեր մնում են (իսկ այս իշխանության պարագայում հավատում եմ, որ մեծ մասը մնում է «բարի նպատակներով»), նրանք պետք է միացնեն «ինքնաստուգման» մեխանիզմը: Անհրաժեշտ է, որ իշխանավորն ամեն վայրկյան իրեն հաշիվ տա՝ արդյոք ես չե՞մ տառապում «նոմենկլատուրային ախտերով», արդյոք ես չե՞մ կտրվել իրականությունից:

Ամենամեծ գայթակղությունն, իհարկե, քծնանքն է առաջացնում՝ «դու իմաստուն ես, դու հանճար ես, իմ գլխին ընկույզ էլ կոտրես, միեւնույն է՝ քո մեծությունը կասկածի տակ չեմ դնի, բայց թույլ տուր ես քեզ, այնուամենայնիվ, մի փոքրիկ հարց տամ, բայց հանկարծ չմտածես, որ ես քո դեմ ինչ-որ բան ունեմ, պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ քո հրաշալի ձայնը լսեմ»:

Իսկ կյանքից կտրվելու նշաններն են հետեւյալ պնդումները՝ «ընդդիմությունը խանգարում է մեզ կերտել պայծառ ապագան», «մենք դեմ չենք քննադատությանը, բայց այն պետք է կառուցողական լինի»: 28 տարի իշխանավորներից նույն բանն եմ լսում: Պարզապես 1990-ականների սկզբին «կոնստրուկտիվ»-ը թարգմանվում էր որպես «շինիչ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ