13 02 2019

«Թագավորն ապրած կենա»․ ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»

«Թագավորն ապրած կենա»․ ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրել է․ «Ինձ թվում է՝ մենք մինչեւ վերջ դեռ չենք հասկացել, թե ինչ է նշանակում «տեղական ինքնակառավարում»: Շատերին, այդ թվում նաեւ՝ համայնքապետերին, թվում է, որ ՏԻՄ ղեկավարները կոլխոզի նախագահներ կամ սովխոզների տնօրեններ են, որոնք, ըստ էության, ենթարկվում են «ռայկոմի քարտուղարին» եւ ամեն ինչով կախված են վերջինիս քմահաճույքներից:

Պարզապես համայնքների ղեկավարները հիմա կոչվում են «գյուղապետեր», ռայկոմի քարտուղարները՝ «մարզպետեր», իսկ գյուղատնտեսության պատասխանատու Կենտկոմի 3-րդ, թե 4-րդ քարտուղարը՝ «տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար»:

Ընդ որում, այդ շփոթմունքի մեջ են ոչ միայն իմ հասակակիցները, այլեւ երիտասարդները: Ահա թե ինչ է նշանակում «գենետիկ հիշողություն»:

Երկուշաբթի օրը կայացած կառավարություն-գյուղապետեր հանդիպումն առանձնապես չէր տարբերվում «նախահեղափոխական» նման հանդիպումներից: Թեմաները գրեթե նույնն էին՝ համայնքները հողի, գույքի գումարները չեն կարողանում հավաքել եւ 42 միլիարդ դրամ են կուտակել, գյուղապետարանների եւ գյուղական դպրոցների հաստիքացուցակները ուռճացված են՝ հարսներին եւ բաջանաղներին տեղադրելու նպատակով, կառավարությունը փող կտա, բայց միայն նրանց, ովքեր արդյունք են ցույց տալիս (հիշո՞ւմ եք նախորդ վարչապետերից մեկի կոչը՝ «թուղթ ու գրիչով»):

Մի խոսքով, լավ չեք աշխատում, սիրելի համայնքապետեր, չեք կատարում եւ գերակատարում պլանը, համաքայլ չեք երկրում տեղի ունեցող փոփոխություններին:

Բայց այդ ամենը դեռ ամենաէականը չէ, շատ ավելի կարեւոր է գյուղապետերի վերաբերմունքը կենտրոնական իշխանությանը: Նույն քծնանքը, շողոքորթությունը, «թագավորն ապրած կենա» ոճը: Լավ է՝ դահլիճում գառ չմորթեցին վարչապետի ոտքերի տակ: Գյուղապետերի մեծ մասն արդեն դուրս է եկել ՀՀԿ-ից: Իրականում նրանց ՀՀԿ-ն բացարձակապես չէր հետաքրքրում, ինչպես դրանից առաջ չէր հետաքրքրում ՀՀՇ-ն, իսկ ավելի վաղ՝ ԽՄԿԿ-ն. քաղաքականությունն այդ մարդկանց ընդհանրապես չի հուզում, նրանք կուսակցություններ էին մտնում իրենց սեփական եւ, այո՛, նաեւ իրենց համայնքների գործերը դասավորելու համար: Հանուն արդարության նշենք, որ ներկայիս իշխանությունը նրանց չի ստիպում մտնել «Քաղաքացիական պայմանագիր»:

Բայց դարավոր հոգեբանությունը եւ հարաբերությունների բնույթը դրանից չեն փոխվում. տանուտերը, ռեսը, քյոխվան փոքր ֆեոդալ է, որը ենթարկվում է ավելի մեծ ֆեոդալներին: Եվ դա կշարունակվի եւս մի քանի դար, եթե ներկայիս կառավարությունը կտրուկ, չոր եւ ցավոտ միջոցներ չձեռնարկի: Այդ հնարավորությունը նա առայժմ ունի:

Չեմ պատկերացնում, որ, ասենք, Անգելա Մերկելը հավաքի գերմանական գյուղերի ղեկավարներին եւ նրանց խելք սովորեցնի, ղեկավար ցուցումներ տա: Բոլորը գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ ոչ ոք ոչ մեկից կախում չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ