12  02  2019

Ո՞վ է իրականում Անդրանիկ Քոչարյանը․ «Հրապարակ»

Ո՞վ է իրականում Անդրանիկ Քոչարյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթում Հասմիկ Մելքոնյանը գրում է․ «1993-ին ինչպես էին ապրում Հայաս­տանը եւ Արցախը, բոլորս գիտենք: Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:

Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով նույն թվականին Անդրա­նիկ Քոչարյանը նշանակվեց կառա­վարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:

Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժա­մանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվական­ները' գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք` զին­ված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորս­ված հատուկենտ մարդիկ` վերա­ցած աշխարհից ու իրականու­թյունից...

Խմբի առջեւից քայլում է Անդրա­նիկ Քոչարյանի «համհարզը»` Անդրանիկ Արշակյանը, զինվորա­կան թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճա­նակով, հետո գալիս է ինքը` գլխա­վոր մաուզերիստը, հետո` Կոբալ Անգոն, հետո` Մռդոն, հետո` խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:

Ինչի՞ համար էր այս զինվո­րական մասխարան, հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչքան էր այս մասխարան:

Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որեւէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:

Ոհմակը դուրս Էր գալիս գիշե­րով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վա­ռելիքը: Առաջին երեւելի պատառը Երեւանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշա­րասյունով հանվեց Գյումրիից:

Հետագայում Շիրակացի փողո­ցում փոխհրաձգությունն Անդրա­նիկ Քոչարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի միջեւ այդպես էլ մեզ հա­մար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է եւ գամված անկողնուն, այլապես նախապատ­մությունը կիմանայինք հենց իրե­նից: Ի միջի այլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշո­ղությունը:

Քոչարյանի առաջին հպատակ­ներից մեկը Մարտին ԶԵլֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը: «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քո­չարյանի համար. Մարտին Զելֆիմյանը Եւս կորցրել է հիշողությունը:

Գուցե այցելեք նրան, Ձեզ հաս­տատ կհիշի... Ավելի ճիշտ՝ չի հա­մարձակվի չհիշել...

Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մա­հացել:

Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշա­տակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա. Քոչարյան քառյա­կի եւ աղետի գոտուց շինտեխնիկայի առեւանգման մասին կներկայաց նեմ հաջորդ հոդվածում:

ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտր­վեց ՀՀ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նա­խագահ: Ենթադրենք, Աժ-ում կենսագրություն չունեցող ջա­հելները չէին ճանաչում նրան, պարոնայք Աժ պատգամավոր­ներ Վարդան Ղուկասյան եւ Վարդեւան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ... Ավելի անկեղծ՝ վատ է...

Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ