08  02  2019

71 էջում՝ ամեն ինչ, բացի աշխատանքից․ «168 Ժամ»

71 էջում՝ ամեն ինչ, բացի աշխատանքից․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Փետրվարի 6-ին կառավարության նիստի օրակարգում ներառվեց և հավանության արժանացավ նորընտիր կառավարության ծրագիրը, որն առաջիկայում կքննարկվի և կհաստատվի Ազգային ժողովի կողմից: Իհարկե, նման կարճ ժամանակը բավարար չէ ներկայացված ծրագիրը մանրակրկիտ ուսումնասիրելու  համար, ինչպես նաև՝ մեկ հոդվածը ևս բավարար չէ բոլոր կարևորություններին անդրադառնալու համար, սակայն ընդհանուր ուսումնասիրությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս մի շարք եզրահանգումներ անել ներկայացված փաստաթղթի վերաբերյալ։

Նախքան ծրագրի բովանդակային մասին անդրադառնալը՝ արդարության համար պետք է նշենք, որ այն բազմակի գերազանցում է իր նախորդին՝ նույն Փաշինյանի հեղափոխական կառավարության կողմից ներկայացված նախորդ ծրագրին՝ թե՛ բովանդակությամբ, և թե՛ կառուցվածքով։ Այնպես որ, պետական կարևորագույն փաստաթղթերի մշակման շրջանակներում նոր կառավարության ձեռքբերումներն իսկապես ակնհայտ են։ Եթե նախկին կառավարությունը համարվում էր անցումային, և այդ պատճառով ծրագրից դուրս էին մնացել շատ կետեր, ապա այս նոր ծրագիրը դրա ճիշտ հակառակն է։

71 էջից բաղկացած այս ծրագրում կգտնեք ամեն ինչ՝ անդրադարձ անվտանգության, արտաքին քաղաքականության և սփյուռքի հարցերին, մշակույթին, տնտեսության ոլորտներին, և այլն։ Ընդ որում, այս ծավալուն փաստաթուղթն առաջին հայացքից բավական դրական մեսիջներ է պարունակում, սակայն դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում ավելի խորքային ուսումնասիրությունը փաստում է հետևյալը․ իսկապես, այս ծրագրում խոսվում է ամեն ինչի մասին, ազգային անվտանգությունից՝ մինչև քաղաքացիների երջանկություն։

Մի խոսքով, կառավարության ծրագրում կա ամեն ինչ, ամեն ինչ, բացի ամենակարևորից՝ գործ անելուց։ Ամբողջ 71 էջերում բարի երազանքների կողքին բացակայում է գործողությունների հաջորդականությունը՝ այն, թե ինչպե՞ս է պետք հասնել այդ արդյունքին։ Ավելի պարզ ասած, չկա որևէ նշում, թե առաջիկա 5 տարիների ընթացքում ի՞նչ է անելու կառավարությունը բաղձալի երազանքներին հասնելու համար։

Այսինքն, ի տարբերություն 9 ամիս առաջ առաջարկված ծրագրի, որում չկար գրեթե ոչինչ, այսօր ծրագրում կա գրեթե ամեն ինչ, բացի ամենակարևորից`   գործ անելուց: Իսկ թե ինչպես են այս երազանքներն իրականություն դառնալու` երևի հայտնի չէ ոչ մեկի: Չի բացառվում, որ այստեղ ևս կառավարությունը հույսը դրել է իներցիայի վրա, չէ՞ որ մեր ամբողջ կյանքն է իներցիա, տնտեսական զարգացումներն են իներցիա, բյուջեն է իներցիոն, ուստի էլ ի՞նչն է խանգարում, որ կառավարության ծրագիրն էլ լինի իներցիոն, գործերն էլ իներցիայով կգնան առաջ… Իսկ եթե լուրջ, ապա այս կառավարության ծրագիրը պետք է լիներ ոչ այլ ինչ, քան անելիքների և գործողությունների հաջորդականություն, քանի որ, եթե ուզում ենք հասնել որևէ արդյունքի, ապա պետք է պարզապես աշխատել, ընդամենը աշխատել, և վերջ:

Եվ որպես ամփոփում, անդրադառնանք ծրագրի վերջնամասում զետեղված մի հայտարարության, այն է՝ կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Իհարկե, շատ լավ է, որ կառավարությունը չի մոռանում, որ նախընտրական ծրագրով բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն շատ վատ է, որ այդ խոստումներից կառավարության ծրագիր է մտել միայն գաղափարական մասը: Բերենք մի պարզ օրինակ: Նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշված է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պարտավորվում են 5 տոկոսային կետով նվազեցնել՝ գործազրկության, և 10 տոկոսային կետով՝ աղքատության մակարդակները: Արդեն կառավարության ծրագրում հանդիպում ենք հետևյալ ձևակերումներին` «Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը   էապես նվազեցնել աղքատությունը» և «Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն»:

Թե ո՞ւր մնացին խոստացված տոկոսները, թերևս պարզ չէ, բայց այն, որ վստահության նման բարձր քվե ստացած կառավարությունն ընդամենը 1 ամսում փոխում է տված խոստումը, դա այնքան էլ լավ չէ և ցայտուն օրինակ է այն ամենի, որ  նախկինում բարձրաձայնված թվերն իրենց իսկ կողմից օգտագործվել են զուտ քարոզչական նպատակով, և դրանց իրագործմանն առանձնակի պետք չէ սպասել:

Նույն պատկերն է նաև՝ աշխատավարձի հետ կապված: Նախկինում բազմիցս թմբկահարված` բարձրացնելու ենք աշխատավարձերը կոչին կառավարության ծրագրում հանդիպում ենք շատ համեստ ձևակերպմամբ, այն է` հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում: Իսկ ի՞նչ կլինի, եթե մակրոտնտեսական զարգացումներն այնքան էլ փայլուն չլինեն, ինչպես, օրինակ, վերջին եռամսյակներում էր: Եթե այս հարցը տանք ինքներս մեզ, ապա ինքներս էլ կգտնենք պատասխանը և աշխատավարձի բարձրացման մասին ևս կմոռանանք:

Վերջում ամփոփելով՝ ևս մեկ անգամ կցանկանայինք նշել, որ այս վերլուծականը հպանցիկ անդրադարձ է կառավարության ծրագրին, իսկ մանրամասն կառուցվածքին, բարձրաձայնված հարցերին տարբեր մակարդակներում անդրադարձեր և բացահայտումներ դեռ շատ կլինեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ