05 02 2019

Պետք չէ տրվել պոպուլիզմին և «հետողորմյա անել». «Առավոտ»

Պետք չէ տրվել պոպուլիզմին և «հետողորմյա անել». «Առավոտ»

«Առավոտ»-ը գրել է. «Եթե ուզում եք շոշափել ժողովրդական տրամադրությունները, գոնե շաբաթը մեկ տաքսի նստեք: Ինչ էին ասում տաքսիստները մի տարի առաջ. «Սաղ թալան ա, սաղ փախան, էս երկրում էլ մարդ չի մնացել, կերան էս ժողովրդին»: Կես տարի առաջ. «Թողեք, վերջնական գնացեք, էլի, չե՞ք տենում՝ էս ժողովուրդը ձեզ չի ուզում»: Հիմա. «Է՜հ, էս ջահելներն էլ մի բան չկարացան անել»: Առաջ չէի ընդունում, հիմա էլ չեմ ընդունում ծայրահեղ բացասական գնահատականները: Համաձայն չեմ նաև, որ նոր իշխանությունները ոչ մի լավ բան չեն արել: Բայց հասկանում եմ, որ անկախ բոլոր դրական փոփոխություններից՝ «ժողովրդական մակարդակով» դժգոհ արձագանքները շարունակվելու են, խորանալու են և մեկ տարուց հասնելու են «թալանին» և «ժողովրդին ուտելուն»:

Առաջվա նման՝ հիմա էլ փորձում եմ ներկայացնել իմ բարեկամական դիտարկումները: Պետք չէ ասել բաներ, որոնք տեսանելի ապագայում իրականություն չեն դառնա: Օրինակ՝ Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարաններ մոտակա 5 տարում չեն բացվի: Ավելի լավ է՝ ոչինչ չասել և հաճելի անակնկալ մատուցել, քան խոստանալ, իսկ հետո արդարանալ, թե ինչու դա տեղի չի ունեցել: Պետք չէ անել և ասել բաներ, որոնք թեև չեն հակասում օրենքին, բայց անհրաժեշտ չեն: Օրինակ՝ որ ԱԺ նախագահի համար հույժ կարևոր է ապրել կառավարական «դաչաներում»: Իսկ ինչո՞ւ խորհրդարանի երկու նախորդ խոսնակները «դաչաներում» չէին ապրում: ԱԺ նախագահը Հայաստանում այն պաշտոնը չէ, որի համար անվտանգության ինչ-որ արտակարգ միջոցառումներ են պետք՝ նա ճակատագրական որոշումներ ընդունող չէ:

Վարչապետի համար, այո, նման միջոցառումներ պետք են, որովհետև նախ՝ հենց նա՛ է ամեն ինչ որոշում, երկրորդ՝ ներսում և դրսում կան բազմաթիվ ազդեցիկ ուժեր, որոնք, մեղմ ասած, նրա «չուզողներն» են: Սխալ գործողություն անելիս պետք չէ «երկար-բարակ» հիմնավորումներ փնտրել՝ սխալն արդարացնելու համար: Պարգևավճարներ տալն այդպիսի մի սխալ էր, որն, այո, պայմանավորված է անցյալի իներցիայով: 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քարտուղարուհին պետք է պարգևավճար ստանա՝ օրենքի համաձայն, տարին 2 անգամ, իր աշխատավարձի չափով, վերադասի դրական եզրակացության հիման վրա (ի դեպ, համաձայն եմ, որ պարգևավճարի չափն այս դեպքում չպիտի հրապարակվի):

4-5 հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան չպիտի պարգևավճար ստանա, առավել ևս՝ չպիտի պարգևատրվի մի քանի միլիոն դրամով: Պետք է այդքանն ընդունել և անցնել առաջ: Հակառակը՝ երբ ճիշտ բան է արվում (օրինակ՝ կառավարության կազմի օպտիմալացում կամ փողոցային առևտրի արգելում), պետք չէ տրվել պոպուլիզմին և «հետողորմյա անել»: Վստահության պաշարն առայժմ այնպիսին է, որ շատ բաներ կարելի է դնել «ճիշտ ռելսերի վրա»: Հետո ուշ կլինի: Իսկ քաղաքացիներին կառաջարկեի չհիանալ և չհիասթափվել, հույսերով չբոցավառվել և հուսախաբ չլինել: Ինչպես և շատ այլ հարցերում՝ արժե ընտրել ծայրահեղ հրճվանքի և ծայրահեղ մերժողականության միջև «միջին ճանապարհը»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ