28 01 2019

Ինչո՞ւ է փոխվել Լավրովի հռետորաբանությունը․ «168 Ժամ»

Ինչո՞ւ է փոխվել Լավրովի հռետորաբանությունը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մի շարք հանգամանքներ են փոխվել, որոնք հիմք են դարձել նման հայտարարությունների համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին իր ամենամյա ամփոփիչ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ ասել էր, որ Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը և հույս ունի, որ հայ գործընկերները՝ ի պատասխան, նույն դիրքորոշումը կարտահայտեն: Հատկանշական է, որ հենց նույն օրը Փարիզում նախատեսվում էր և ժամեր անց տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Լավրովի խոսքով, պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները:

«Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները՝ ի պատասխան, նույն դիրքորոշումը կարտահայտեն», – հավելել էր նա՝ նշելով, որ ՀՀ-ում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության պատճառով Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, աշխատանքը սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին: Ավելի վաղ, դեկտեմբեր ամսին ՌԴ ԱԳ նախարարը Բաքվի դիրքորոշումը կարգավորման հարցում կառուցողական էր որակել:

Հարցին, թե ինչո՞ւ է ռուսական կողմը փոխել իր հռետորաբանությունը Բաքվի քաղաքականության վերաբերյալ այն դեպքում, երբ նախկինում Ռուսաստանը զիջումներ փնտրելու, հակամարտությունը կարգավորելու կոչերն ուղղում էր հակամարտության բոլոր կողմերին, գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասաց, որ մի շարք հանգամանքներ են փոխվել, որոնք հիմք են դարձել նման հայտարարությունների համար: Ըստ նրա, նախ Հայաստանում իշխանություն է փոխվել:

«ՌԴ ԱԳ նախարարը հստակ մատնանշում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, բացի ճանաչողությունից, որևէ այլ քայլ չի արվել բանակցային գործընթացում: Իսկ ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ լի է հույսերով՝ կարգավորել հակամարտությունը, դրա ապացույցն են նրանց հայտարարությունները և ավելի դրական հայտարարությունները կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայկական կողմի մոտեցումները Ղարաբաղյան հարցում դեռ լիովին բացահայտված չեն, քանի որ ի սկզբանե հայտարարվեց Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն հանդիպումներ տեղի ունեցան:

Թեև այդ սկզբնական հայտարարությունը չէր բացառել, որ լինելու են Հայաստան-Ադրբեջան հանդիպումներ, սակայն կար տպավորություն, որ որևէ լուրջ գործընթաց չի լինի առանց Արցախի:

Գուցե դա այդպես է: Բայց նաև հասկանալի չէ, թե ինչ են կողմերը քննարկում այս հաճախակի հանդիպումների ընթացքում՝ թե նախարարական, թե ղեկավարների մակարդակով: Հասկանալի չէ, թե սրանք բանակցություններ են պարզապես բանակցությունների համա՞ր, թե՞ հիմքում կա ավելի լուրջ գործընթաց: Որևէ տարբերակ չեմ բացառում:

Մշտապես այն համոզմանն եմ, որ կարգավորման համար կողմերին ավելի հեղինակավոր հարթակ է հարկավոր` գուցե միջազգային կազմակերպության տեսքով կամ միջնորդ երկրների ղեկավարների, ինչը կողմերին գործընթացի նկատմամբ հավելյալ լրջություն կհաղորդեր:

Վիեննայի հանդիպման ձևաչափը ողջունելի էր, և շարունակականության դեպքում գուցե հաջողություններ գրանցվեին, սակայն այդ ձևաչափը չպահպանվեց: Բանակցային գործընթացի շարունակականությունը, անկախ արդյունքների առկայությունից, դրական է:

Վերադառնալով ռուսական հայտարարությանը, ենթադրում եմ, որ Ադրբեջանը և միջնորդները հայկական կողմից հստակություն են ակնկալում, նկատի ունեմ՝ կարգավորման տեսլական են ցանկանում լսել կամ ակտիվ բանակցություններ վարելու ցանկություն են ցանկանում տեսնել: Իսկ Հայաստանը, կարծում եմ, չի հրաժարվել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր ցանկությունից և այդ հարցը բարձրացնելու համար հարմար առիթի է սպասում»,- ասաց Ալեքսանդր Ռարը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ