26 01 2019

Հոգեվարք

Հոգեվարք

Politik.am-ը գրում է.

«Ի՞նչ են հուշում և գուժում մեր երկրում կատարվող իրադարձությունները: Մերժվածին փոխարինածը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել արդեն տասը ամիս ձգվող իշխանափոխությունը: Ապօրինությամբ, հարկադրանքով, շանտաժով, հապճեպ նոր խորհրդարան ընտրություն նշանակելուց և վարչապետ նշանակվելուց հետո մատնված է հարկադիր պարապուրդի: Դատական համակարգի նկատմամբ տոտալ թելադրանք կիրառելու և կասկածելի լեգիտիմություն վաստակելու հետևանքով ոչ մի կերպ չի կարողանում շահել դեսպանատան մինիմալ վստահությունն ու գործունեությունը շարունակելու համաձայնությունը:

Առաջնորդվում է բացառապես գլխավոր առաջադրանքը կատարելու պարտադրանքով: Անհամբեր սպասում է նոր դեսպանի ժամանմանը և ղեկավարվում օտար խորհրդականի հեռախոսազանգերի, նրան արածի ու կատարվածի մասին օպերատիվ իրազեկումներ զեկուցելու միջոցով: Ուղիղ հեռախոսակապ ունի միայն թշնամի ու պատերազմող հարևան երկրի «քաղաքակիրթ» նախագահի հետ:

Կառավարության կազմն ու կառուցվածքը որոշելու թույլտվություն չունի և չի ստանում հայտարարած տնտեսական հեղափոխությունն սկսելու հրահանգը: ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում քաոս առաջացնելու փորձերից և վստահության տոտալ կորստից հետո վաստակել է Կրեմլի դուռը վեհերոտ թակելու, փակ դռան առաջ երկար սպասելու և ձեռնունայն վերադառնալու պատիվը: Բողոքի ցույցեր է պատվիրում տարատեսակ փոքրամասնություններին ու գրանտային կառույցներին՝ Հայոց եկեղեցու ու Կաթողիկասի, Գյումրիի ռուսական ռազմակայանի, սահմանապահ զորքերի, ազգային արժեհամակարգի, մշակույթի, ազատ խոսքի ու մտքի դեմ:

Պայքարում է հանուն մարդասպանների, գողերի, դավաճանների ազատության և Արցախի հերոսների, մարտական գեներալների, Հայաստանի ու Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը նպաստած գործիչների, քաղաքական հակառակորդների ու այլախոհների ազատազրկման: Տոտալ իշխանակալությունն ամրապնդելու համար ոտնահարում է սահմանադրությունն ու օրենքները: Վախեցած է ու վերահսկում է ամեն ինչ ու բոլորին: Իր կամքն է թելադրում իրավապահ ու դատական ողջ համակարգին:

Արտահերթ նշանակած խորհրդարանը ոչ մի կերպ չի կարողանում համապատասխանեցնել ներքին ու արտաքին, տնտեսական ու սոցիալական առկա քաղաքական լրջությանը: Ոչ մի կերպ չի կարողանում համակարգել իշխանական բուրգը: Առաջացած ֆինանսական ու բյուջետային ճեղքվածքը քողարկելու, առաջիկա աշխատավարձերը չվճարելուց առաջանալիք դժգոհությունն ու խուճապը կանխելու նպատակով պաշտոնյաներին թույլատրել է՝ բաժանել եղած բոլոր բյուջետային գումարները, կերակրվել իշխանության ընձեռած հնարավորություններով:

Նախաձեռնում է պետական բյուջեն ու անձնական հաշվեհամարները գոնե մասամբ համալրելու գործուն քայլեր՝ նոր հարկեր սահմանելու, մենաշնորհները վերականգնելու ու վերաբաշխելու, արտոնություններ սահմանելու եղանակներով: Մերժվածը համակարգը վերստեղծելու, նախկիններին հնարավորինս նմանվելու ձգտմամբ՝ վերականգնվում է 50/50 բիզնես/իշխանություն փայատիրական համակարգը: Ոչ մի կերպ չի կարողանում զսպել ո՛չ միայն բարձր պաշտոններ ստացած մերձավոր շրջապատի ու իշխանական վերնախավ դարձած յուրայինների գյոռմամիշության արտառոց դրսևորումները, այլ նա՝ պետական բյուջեի հաշվին իր հետ ու առանձին ամենուր պետական գործուղումների մեկնող ընտանիքի անդամների ցանկությունները:

Սա մեր այսօրվա, թավշյա իշխանության «կերտած» նոր Հայաստանի ոչ ամբողջական համայնապատկերն է: Ո՞ւմ համար է ղողանջում այս ահազանգը: Ի՞նչ է գուժում իշխանական այս համընդգրկուն հոգեվարքը: Պատրաստվում եք Արցախը հանձնելո՞ւն, Հայոց պետության կորստի՞ն, ադրբեջանաթուրքական լծի ներքո ապրելո՞ւն, ուկրաինական ու վրացական լաբորատորիաներից արդեն փոխանցված ու տեղական լաբորատորիայից տարածելուն պատրաստ բացիլային «խիստ պատահական» էպիդեմիային զոհ գնալո՞ւն, թե՞ արդեն գիտակցում եք Փաշինյանին կուռք դարձնելու կործանարար հետևանքները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ