18 01 2019

ՀՅԴ-ն մարտավարությունը կփոխի․ «Հրապարակ»

ՀՅԴ-ն մարտավարությունը կփոխի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախում երեկվանից սկսված ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովը ոչ միայն աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ է Արցախում ընթանում, այլեւ ուրիշ պատճառներով։ Օրինակ, նրանով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից հետո, երբ ՀՅԴ-ն Հայաստանում կասեցված էր, սա առաջին դեպքն է, որ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով չեն ողջունել Ժողովը եւ հարգանքի տուրք չեն մատուցել ավանդական կուսակցությանը։ Նաեւ այն է ուշագրավ, որ երկար տարիներից հետո առաջին անգամ ՀՅԴ-ն ոչ միայն իշխանության մաս չի կազմում, այլեւ Հայաստանի պառլամենտում ներկայացված չէ։

Աննախադեպ էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Ժողովի բացման ելույթը, որի ժամանակ նա խիստ քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, կուսակցությանը զրկելով հայրենիքում տիրող իրավիճակը եւ իշխանության հետ հետագա շփումների հետ կապված հարցերը 7-օրյա ժողովի ընթացքում քննարկելու եւ համատեղ քաղաքականություն մշակելու հնարավորությունից։ Հրանտ Մարգարյանը, այսպես ասած, միանգամից կանխորոշեց ՀՅԴ մարտավարությունը։ Բայց, անշուշտ, իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն միատարր եւ միակարծիք չէ։ Իր իշխանավարման ընթացքում Ֆրանսիայի, Լիբանանի եւ ԱՄՆ-ի դաշնակցականների հետ հանդիպումներ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը պարարտ հող էր պատրաստում այս կուսակցության պառակտման համար՝ տարանջատելով դրսիններին ներսիններից։

Եվ այժմ հենց այդ կառույցների ՀՅԴ-ականները, ի տարբերություն հայաստանյանի, ավելի դրական են տրամադրված գործող իշխանության հանդեպ՝ հակված տեղավորվելու նրա կողմից ՀՅԴ-ի համար գծված շրջանակներում։ Կկարողանա՞ն արդյոք դրսից ժամանած պատվիրակները փաշինյանամետ Բյուրո եւ մարտավարություն պարտադրել ՀՅԴ-ին, կերեւա առաջիկայում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Ա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ