26 12 2018

Կառավարությունը շոկի մատնեց տնտեսությունը․ «Հայոց աշխարհ»

Կառավարությունը շոկի մատնեց տնտեսությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ավարտվում է հերթական տնտեսական տարին։ Այն առանձնացավ խիստ անկայունությամբ եւ փոփոխական զարգացումներով։   

Տարվա մեկնարկը բավական հաջող էր Հայաստանի տնտեսության համար։ Գրեթե բոլոր ոլորտներում բարձր էր ակտիվությունը։ Սակայն ներքաղաքական զարգացումներից եւ իշխանափոխությունից հետո ոչ միայն չհաջողվեց պահպանել տեմպը, այլեւ այն զգալիորեն նահանջեց։   

Տարեսկզբին տնտեսական ակտիվությունը Հայաստանում մի պահ հասավ մինչեւ 10,6 տոկոսի։ Դրան նպաստեցին ոչ միայն ավանդական աճ ապահովող ճյուղերը, այլեւ այնպիսիք, որոնք տեւական ժամանակ գտնվում էին ճգնաժամային վիճակում։ Խոսքը մասնավորապես շինարարության մասին է, որը տարեսկզբին առանձնացավ կտրուկ ակտիվությամբ։  

Բայց հետագայում ինչպես շինարարության, այնպես էլ տնտեսության գրեթե մյուս բոլոր ոլորտներում աճի տեմպերը աստիճանաբար նվազեցին։ Առանձին ամիսներին տնտեսությունը նույնիսկ անկում ապրեց։ Ներքաղաքական սրացումներից հետո վիճակը կտրուկ փոխվեց։ Տնտեսությունը կանգնեց լուրջ ռիսկերի առջեւ։ Քաղաքական նպատակներով նոր կառավարությունն իրականացրեց մի շարք չհիմնավորված քայլեր, որոնք մեծապես հարվածեցին տնտեսական գործընթացներին։  

Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվեց անորոշությունների ու սպասումների երկար փուլում։ Գործունեության 7-8 ամիսներին այդպես էլ կառավարությունը չկարողացավ ներկայացնել անգամ տնտեսական քաղաքականության իր հայեցակարգը։ Ավելին՝ լուրջ խոչընդոտներ ստեղծվեցին տնտեսավարողների համար։   

Կառավարության գործողությունները մեծապես հարվածեցին հատկապես օտարերկրյա ներդրումներին։ Իշխանափոխությանը հաջորդող շրջանում դրանք կտրուկ կրճատվեցին։ Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ արտաքին կապիտալի հոսքը պակասեց 11 անգամ։   

Իրավիճակը չհաջողվեց շտկել նաեւ հետագայում։ Տարեսկզբի առաջին եռամսյակում ներդրումների զուտ հոսքը կրկնակի շատ էր, քան հաջորդող վեց ամիսներին։   

Թեեւ դեռեւս հայտնի չեն վերջին եռամսյակի արդյունքները, այնուհանդերձ անկասկած է, որ դրանք շատ չեն տարբերվի նախորդ շրջանի դրսեւորումներից։   

Այս իրավիճակի հիմնական մեղավորը կառավարությունն էր, որն ամեն ինչ արեց ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ներդրողներին վախեցնելու համար։ Խնդիրների առջեւ հայտնվեցին մի շարք կարեւոր եւ խոշոր ներդրումային ծրագրեր՝ հատկապես հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում։   

Հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներից հետո խոչընդոտներ ստեղծվեցին Ամուլսարի ծրագրի հետագա շարունակման նկատմամբ։ Այսօր էլ այն հայտնվել է հարկադիր դադարի վիճակում։ Կասեցվեց Երեւանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը եւ միայն ամիսներ հետո հաջողվեց համաձայնության գալ։ Խնդիրներ առաջացան Հայաստանում գործունեություն իրականացնող այլ հայտնի ընկերությունների հետ։ Խոսքը ինչպես ջրային համակարգը, այնպես էլ երկաթուղային ցանցը կառավարող ընկերությունների մասին է։    Տարբեր պատճառաբանություններով քրեական գործեր հարուցվեցին բազմաթիվ տնտեսավարողների նկատմամբ։ Այլ հարց է, թե դրանք որքանո՞վ էին հիմնավոր։ Բազմաթիվ նման գործեր մինչ օրս չեն հասել դատարան։   

Այսպիսի լարված իրավիճակը, որքան էլ բխում էր կառավարության քաղաքական նպատակներից, այնուհանդերձ տնտեսության օգտին չէր։ Պատահական չէ, որ հետեւանքները շուտով սկսեցին արտահայտվել տնտեսության վրա։ Դրանք առաջիկայում դեռ երկար զգացնել կտան։ Ընդ որում՝ ոչ միայն ներդրումների նվազման, այլեւ տնտեսական իրավիճակի վատթարացման տեսքով։   

Իշխանափոխությունից հետո տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում զարգացման միտումները դանդաղեցին։ Նշենք, որ առաջին կիսամյակի 8,3 տոկոս աճից հետո Հայաստանում սպասվում է ՀՆԱ ընդամենը 5 տոկոս տարեկան ավելացում։  

Տարեսկզբի համեմատ տարեվերջին զգալիորեն նվազեց արտաքին առեւտրի ակտիվությունը։ Արտահանման աճի տեմպը ավելի քան կրկնակի կրճատվեց։ Ներմուծման առաջանցիկ աճի հետեւանքով վերսկսեց խորանալ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը։ Մի քանի ամսվա ընթացքում ներմուծումը վերստին 2-2,1 անգամ գերազանցեց արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումներին։   

Տարվա երկրորդ կեսին գրեթե եռապատիկ նվազեց շինարարության աճը։ Առանձին ամիսներին տնտեսության այդ ճյուղում ակտիվությունը իջավ մինչեւ զրոյի։    Զգալիորեն կրճատվեց արդյունաբերության աճի տեմպը։   

Կաթվածահար վիճակում հայտնվեց գյուղատնտեսությունը։ Այստեղ չհաջողվեց ոչ միայն աճ ապահովել, այլեւ անկում գրանցվեց։ Տասնմեկ ամիսների տվյալներով, գյուղոլորտի արտադրության ծավալները կրճատվեցին 8,1 տոկոսով։   

Գյուղատնտեսությունը, որտեղ ռիսկերը շատ են, անշուշտ ապահովագրված չէ նման կտրուկ դրսեւորումներից։ Սակայն այս անգամ դրա գլխավոր մեղավորը ոչ թե երաշտը կամ կարկուտն էր, այլ կառավարությունը։   

Ընկնելով պոպուլիզմի հետեւից՝ գրեթե մեկ ամիս ուշացումով Սեւանից ջուր բաց թողնվեց։ Դրա հետեւանքով մի շարք մշակաբույսեր չորացան եւ շարքից դուրս եկան։ Կառավարության չարդարացված գործողություններից լուրջ վնասներ կրեց ոչ միայն տնտեսությունը, այլեւ հասարակությունը, որը ստիպված է կրկնակի թանկ վճարել մի շարք գյուղմթերքների համար։  

Հայաստանի տնտեսության վրա անցնող տարում բացասական ազդեցություն ունեցան նաեւ մի շարք այլ՝ ոչ պակաս կարեւոր գործոններ՝ թելադրված թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայրից։ Խոսքը ինչպես պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ գործընկեր որոշ երկրների շուրջ ստեղծված լարվածության մասին է։   

Այս ամենի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, հայտնվեց շոկային վիճակում։ Այսօր էլ շատ բան չի փոխվել, թեեւ որոշ գործոններ թուլացել են։   

Ամեն դեպքում, դեռ վաղ է խոսել տնտեսության մեջ ի հայտ եկած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների հաղթահարման մասին։ Պահպանվում են բազմաթիվ անորոշություններ եւ ռիսկեր, որոնք ստիպում են տնտեսական ոլորտի մասնակիցներին ձեռնպահ մնալ ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնելուց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ