26 12 2018

Ճնշումները համակարգված բնույթ են ստանում․ «Հայոց աշխարհ»

Ճնշումները համակարգված բնույթ են ստանում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դատելով վերջին զարգացումներից՝ նորհայաստանյան արդարադատությունը, որի հիմնական չափորոշիչը դատական համակարգի եւ դատավորների նկատմամբ աննախադեպ՝ տոտալ ճնշումներն են, մտնում է զարգացման նոր՝ ավելի «բարձր» փուլ։  

Եթե նախկինում այդ ճնշումներն հիմնականում տարերային բնույթ ունեին, հիմա համակարգված բնույթ են ստանում՝ հող նախապատրաստելով «ժողովրդի թշնամիներին» պատժելու եւ (կամ) կուլակաթափ անելու՝ «անցումային արդարադատություն» կոչվող պատժիչ մեքենան գործի դնելու համար։  

Մինչեւ հիմա դրանք արտահայտվում էին անցանկալի որոշումներ կայացրած դատավորներին սաստող կամ կանխարգելիչ հայտարարությունների տեսքով («Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք», «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի՝ չէ՞, բերեք՝ տեսնեմ, ո՞վ ա էդ դատավորը»)։ Հրապարակային շանտաժի այս դրսեւորումներն ամրապնդվում էին ֆեյսբուքներում վխտացող իրական եւ ֆեյք քարոզիչների կազմակերպված կամ ինքնաբուխ սպառնալիքներով ու յոթ հարկանի կեղտոտ հայհոյանքներով։   

Երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անսպասելիորեն խառնեց Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան տրոյկայի խաղաքարտերը՝ համարձակվեց չեղյալ ճանաչել առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե-Հրաչի «պատմական որոշումը» հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, «նոր Հայաստանի» զանգովի արդարադատության «առաջնագծում» հայտնվեց գլխավոր դատախազությունը՝ անմիջապես դիմեց Վճռաբեկ դատարան եւ բողոքարկեց Վերաքննիչի որոշումը։   

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ ապրիլյան անհանգիստ օրերին պատրաստվում էր հանդես գալ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու միջնորդությամբ, իսկ այսօր ջանասիրաբար ծառայում է «հեղափոխականներին», անձամբ հիմնավորեց եւ պաշտպանեց Քոչարյանին վերստին փակի տակ առնելու միջնորդությունը։   

Հետո սա դարձավ գործելաոճ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ ճնշումները տեղափոխվեցին ինստիտուցիոնալ դաշտ։ Հենց որ դատարանը վարչապետի համար «անակնկալ», ասել է թե՝ նրա քիմքին ոչ հաճո որոշում է կայացնում, «տղամարդու իր խոսքը» ասում է գլխավոր դատախազությունը՝ դիմելով վերադաս ատյան եւ վիճարկելով այդ որոշումը։   

Այդպես եղավ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի դեպքում, երբ դատարանը չբավարարեց նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Պատմությունը կրկնվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Վստահաբար նույնը տեղի կունենա Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի պարագայում, եթե դատարանը հանկարծ որոշի փոխել նրա խափանման միջոցը։  

Սցենարը շատ պարզ է. եթե ստորադաս ատյանի դատավորը «թերացել» է իր պարտականություններում՝ Փաշինյանի ասածին ասել է՝ «չէ», վերադաս դատարանը դատախազության միջնորդությամբ «վերականգնում է արդարությունը»՝ որոշումը չեղյալ է ճանաչում եւ գործը ուղարկում լրացուցիչ քննության։   

«Վիճակահանությամբ» կամ մեզ անհայտ այլ հանգամանքների բերումով քննությունը հանձնարարվում է «յուրայիններից» մեկին կամ անաչառությամբ աչքի չընկած, կոմպրոմատների նկատմամբ խոցելի որեւէ դատավորի, որ սպանես էլ՝ վարչապետի «խոսքի տակից» դուրս չի գա, եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Երկնքից ընկնում է երեք խնձոր, մեկը՝ ալամ աշխարհի հայոց վարչապետ Փաշինյան Նիկոլին, մեկը՝ գլխավոր դատախազին, մեկը՝ սրանց ցանկությունները հլու-հնազանդ կատարող դատավորին, որ ճիշտ պահին ճիշտ որոշում է կայացրել։    ԱԱԾ հոբելյանին նվիրված իր ելույթում Փաշինյանը հուզիչ խոսքեր ասաց այն մասին, որ անվտանգության մարմինները չպետք է դառնան քաղաքական եւ անձնական հաշվեհարդարի գործիք, արդարադատությունը պետք է արդար լինի եւ նման բաներ։ Ոմանք նույնիսկ հավատացին, որ վարչապետը հետեւություններ է արել անցյալի սխալներից ու որոշել է այլեւս ուղղակի կամ միջնորդավորված միջամտություն չցուցաբերել դատարանի գործերին։ Պարզվեց՝ չարաչար սխալվել էին։   

Մարդը պարզապես հասկացել է, որ մախաթը հնարավոր չէ տեւական ժամանակ պարկի մեջ թաքցնել՝ «արդարադատության» այս տեսակը վաղ թե ուշ հայտնվելու է (արդեն հայտնվել է) եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի տեսադաշտում, եւ «նախաանցումային արդարադատությունն» առաջ տանելու նոր ձեւ է գտել։   

Դա «փողոցի գործոնն» է, որ առաջին փորձարկումն անցավ օրերս, երբ դատարանը գեներալ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշում է կայացրել։ Բավական էր Փաշինյանն ակնարկեր, որ այդ որոշումն «անակնկալ» էր իր համար, որպեսզի ժամեր անց առաջին պլանում հայտնվեն պրոֆեսիոնալ ցուցարարները՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդուն ամեն գնով կալանավայր վերադարձնելու պահանջով։   

Գլխավոր դատախազությունը, որ նախկինում ցուցադրաբար անտեսում էր այս կամ այն անձի իրավունքների խախտումները վիճարկող տարբեր խմբերի պահանջները եւ գործողությունները, այս դեպքում ընդգծված շահագրգիռ վերաբերմունք դրսեւորեց բողոքավորներին աջակցելու հարցում։   

Բանը հասավ նրան, որ գլխավոր դատախազն անձամբ դուրս եկավ ցուցարարներին ընդառաջ, հանգստացրեց եւ երդվեց, որ ամեն ինչ իրենց սրտով կլինի. դատախազությունն իր բարձրության վրա է՝ միշտ պատրաստ լսելու «ժողովրդի» ձայնը եւ բողոքարկելու դատարանի «անարդար» որոշումը դատարանում։   

Այնպես որ, այսուհետ պետք չէ, որ վարչապետը հարվածի տակ դնի Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ հրապարակավ սպառնալով եւ ուղղորդելով դատավորներին։ Նրա փոխարեն դա կանի դատախազությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ փողոցը, «ինքնաբուխ» պահանջելով Նոր Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված անձանց հանդեպ հաշվեհարդար տեսնելու հրամայականը չգիտակցող անպատասխանատու դատավորների «հրաժարականը»։ Պետք լինի՝ ֆիզիկական ուժ էլ կգործադրեն նրանց նկատմամբ։   

Դե, իսկ Փաշինյանը միշտ կարող է ասել՝ ուզում էի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ. Հայաստանում իշխանությունը պատկանում է «ժողովրդին»՝ ես ո՞վ եմ, որ ժողովրդի կամքին հակառակ գնամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ