18 12 2018

Թռիչքաձև աճի խոստումներ տվողները զբաղված են պաշտոնների բաշխմամբ. «Փաստ»

Թռիչքաձև աճի խոստումներ տվողները զբաղված են պաշտոնների բաշխմամբ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված:

Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս:

Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների ռիթմը ընտրություններից հետո ընկնելու է: Սակայն քարոզարշավի ընթացքում մի կողմից երկիրը կործանումից փրկելու, մեկ այլ կողմից այդ փրկության դեղամիջոցները ներկայացնող ուժերն այսօր արդեն այնպիսի հանգստությամբ են վերադարձել իրենց նախկին ռիթմին, որ հնչեցված սուր հայտարարություններից որևէ հետք չի մնացել:

Դժվար է հասկանալ, օրինակ, ինչպես են հանրապետականները անցնում քաղաքից դուրս հանգստի ռեժիմին, երբ դեռևս մեկ շաբաթ առաջ խոսում էին Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու վտանգի մասին: Ենթադրվում է, որ եթե կա նման վտանգ, ապա այն չի ավարտվում ընտրություններով:

Կամ ինչպես են հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները, հեղափոխության աջակից դիրքավորվող ուժերը այսօր զբաղված են կա՛մ պաշտոնների բաշխմամբ, կա՛մ էլ ապագա քաղաքական համակարգում դիրքավորվելու խնդիրներով՝ կորելով հասարակության ուշադրության դաշտից:

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նոր Ազգային ժողովի առաջին նիստը լինելու է Ամանորից հետո, ապա փաստացի քաղաքական տարին մոտեցել է իր ավարտին:Ու այն կսկսվի հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվա սկզբից՝ համազգային ամանորյա խումհարից հետո: Հուսանք՝ խումհարն ու քաղաքականության կուլիսային բնույթն այս օրերին կկրեն ժամանակավոր բնույթ, ու ընտրություններով կավարտվի քաղաքական պրոցեսի հախուռն փուլը, ոչ թե հեղափոխությունը»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ