18 12 2018

Նոր Հայաստանում ընդհանրապես ոչ մի բան չունի ոչ մի նշանակություն․ «Հայոց աշխարհ»

Նոր Հայաստանում ընդհանրապես ոչ մի բան չունի ոչ մի նշանակություն․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Որքան տարօրինակ բաներ կան այնուամենայնիվ մեզ շրջապատող իրականության մեջ, պարոնայք։ Այդ ամենի շուրջ չես հասցնում նույնիսկ ինչպես հարկն է մտորել։ Բայց լինում են երեւույթներ, որոնց կողքից, ինչպես ասում են, չես անցնի։ Իսկ եթե անցնես էլ, ապա հետո, միեւնույն է, կվերադառնաս։ Ու կքարանաս ապշահար։  

Վերցնենք թեկուզ կառավարությունը, որը հայտնվել է «վերլուծաբանների» ու «մեկնաբանների» ուշադրության կենտրոնում, քանզի այնտեղ բաժանում են նախարարական եւ այլ ղեկավար պորտֆելներ։  

Ընդհանրապես հիմարությունը քաղաքական դաշտում բաշխվում է հավասարապես։ Այստեղ նույնն է, ինչ օդային զանգվածների պարագայում։ Չի կարող հակացիկլոնն առհավետ անշարժանալ առանձին վերցրած օբյեկտի վերեւում, որպեսզի հիմարությունն անդադար շողա։ Եվ եթե այնտեղ, ասենք, ճնշումը բարձր է, իսկ այստեղ ինչ-որ տեղ, օրինակ, ցածր, ապա այդ ամենը անպայման մի տեղից մյուսը կհոսի։ Դրան ուղեկցող ճակատների բախումներով, ամպրոպներով ու փոթորիկներով հանդերձ։ Որից հետո կրկին կհավասարակշռվի։   Սակայն ահա արդեն ութ ամիս է, ինչ հիմարության հակացիկլոնը անշարժ ու վստահորեն կախված է կառավարության վերեւում, սահմանափակելով մնացած բոլորի համար այդ բնագավառում անմնացորդ դրսեւորվելու հնարավորությունները։  

Ասենք, շուտով կառավարության համար կհայտնվի անչափ լուրջ մրցակից՝ ի դեմս նորընտիր խորհրդարանի։ Այդժամ հիմարության հակացիկլոնը պարզապես ուժասպառ կլինի, մշտապես սրընթաց տեղափոխվելով Հանրապետության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա եւ հակառակ ուղղությամբ։  

Չէ, մենք, իհարկե, չենք բացառում հնարավորությունը, որ ե՛ւ կառավարությունում, եւ՛ խորհրդարանում կան առանձին արժանավոր մարդիկ։ Բայց երբ վերցնում ես այդ աստվածահաճո հաստատություններն ամբողջությամբ, ապա պատկերն առավել քան տխուր է ստացվում։  

Սոլոնը պնդում էր, որ առանձին վերցրած մեկ աթենացին խորամանկ աղվես է, բայց երբ աթենացիները ժողովի են հավաքվում Պնիքսում, ապա արդեն գործ ունես ոչխարների հոտի հետ։  

Հռոմեացիները հորինեցին մի ասացվածք, որը մեծ տարածում գտավ. «Senatores omnes boni viri, senatus romanus mala bestia» («Սենատորները անչափ արժանավոր այրեր են, հռոմեական սենատը՝ նողկալի կենդանի»)։ Այդպես էին նրանք բնորոշում առանձին վերցրած սենատորի հավանական արժանիքների եւ Սենատում համատեղ քննարկումներն արատավորող անմտության, անշրջահայացության ու բարոյական խոցելիության հակասությունը։  

Ինչեւէ, «վերլուծաբանները» եւ «մեկնաբանները» լրջորեն համարում են, թե ապագա կառավարության կազմը հուզում է բոլորին։ Իրականում նորմալ մարդկանց դա չի հետաքրքրում։ Խորհրդային Միությունը ներկայացնում էր մի աշխարհ՝ հստակ բաժանված «մենք»-ի եւ «նրանք»-ի։ Մենք չէինք ճանաչում, չէինք ցանկանում եւ կարիք էլ չունեինք ճանաչելու Քաղբյուրոյի անդամներին։ Հանեցի՞ն։ Նշանակվե՞ց։ Էկոնոմիկայի մինիստրի անո՞ւն։ Իսկ կա՞ր այդպիսին։  

Այդպիսիք չկային։ Չկային ընդհանրապես։ Մտքի, պատվի եւ խղճի մասին նրանց հիմար կարգախոսները, հավերժական բարեկամությունն ամրապնդելու, համագումարի որոշումները կենսագործելու նրանց տխմար տոնական կոչերը...  

Հատկապես ապշեցնում էր ահռելի ցուցապաստառը, որ տանում էին անխտիր բոլոր շքերթներում. «Աշխատավորնե՛ր եւ կոլտնտեսականնե՛ր։ Համառ աշխատանքո՛վ պատասխանենք կուսակցության հայրական հոգատարությանը»։  

Չենք խոսում արդեն այն մասին, որ կուսակցությանը ավելի շուտ վայել կլիներ դրսեւորել մայրական, այլ ոչ թե հայրական հատկանիշներ։ Բուն այն միտքը, թե ինչ-որ մեկի հոգատարությանը պետք է պատասխանել համառ, (ակնհայտորեն՝ ծանր) աշխատանքով...  

Այդ ամենը գոյություն ուներ զուգահեռաբար։ Մենք անեկդոտներ էինք պատմում նրանց մասին, նրանք՝ քաղպարապմունքներ անցկացնում մեզ հետ։   Ոչինչ չի փոխվել, եւ հայոց աշխարհը այսօր հստակ բաժանված է «մենք»-ի եւ «նրանք»-ի։ Նրանց, ովքեր վերեւում են, եւ մնացածների։ Այսօր նրանք պայքարում են պաշտոնների համար։ Չխանգարենք նրանց։ Դա մեր գործը չէ։  

Հետեւելով կառավարության գործողություններին, դժվար է ձերբազատվել տպավորությունից, որ այդ մարդիկ պարզապես զբաղվում են այսպես կոչված ֆարշինգով։   

Ֆարշինգը ներկայումս տարածված է Արեւմուտքում։ Դրա մասնակիցները հավաքվում են մեկտեղ, որպեսզի, օրինակ, դահուկներով սահեն ամռանը ասֆալտի վրա, բրեյքդանս պարեն հոկեյի դարպասապահի համազգեստով, բարձրաձայն բանաստեղծություններ արտասանեն՝ գլուխներին մանանեխ քսած ու միայն անդրավարտիքով հուշարձանի պատվանդանին կանգնած եւ այլն։  

Ֆարշինգում չկա սցենար եւ դերաբաշխում։ Ձեզ ասում են ժամանակն ու վայրը (առավել հաճախ՝ օրը ցերեկով, քաղաքի բանուկ կենտրոնում), որտեղ հավաքվելու են մյուս ֆարշերները։ Իմաստը՝ անել արտառոց ինչ-որ բան, արարք, որը ամոթ կլինի պատմել ծանոթներին։  

Ֆարշինգի գաղափարախոսներն անվանում են դա ինտելեկտուալ-հոգեբանական էքստրիմ եւ հավաստիացնում, որ այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձերբազատվել բարդույթներից ու ադրենալինի ներհոսք ստանալ իրենց արարքի անհեթեթությունից եւ հրապարակայնությունից։  

Ըստ որում՝ ոմանց դրա համար հարկավոր կլինի թիավարել ասֆալտի վրա կամ ուրվական պատկերել մարդաշատ խաչմերուկում, իսկ ոմանց էլ բավական է բարձր գոռալ կամ անցնել փողոցով՝ բերանից ցցված հում մակարոններով։ Յուրաքանչյուր ակցիայի իմաստը ոչ թե անցորդներին, այլ ինքդ քեզ զարմացնելն է, ասում են ֆարշերները։  

Պսիխոտրենինգի այդ տեսակը «հեղափոխական» կառավարության պարագայում վերածվել է սիրված խաղի։Դուք միայն նայեք, թե ինչեր են խոսում եւ ինչ որոշումներ են ընդունում. համատարած ֆարշինգ։ Նրանց ասում են կառավարության նիստի ժամանակն ու վայրը (առավել հաճախ՝ օրը ցերեկով, կառավարության շենքում), որտեղ հավաքվելու են մյուս ֆարշերները։ Գալիս ու անում են արտառոց բաներ, որոնց մասին նորմալ մարդիկ կամաչեին պատմել ծանոթներին։ Սակայն սրանք չեն ամաչում։   

Ֆարշինգով կրքոտ տարվածությունը հանգեցրեց նրան, որ բուն պարտականությունների կատարման հարցում կառավարությունը նման է ճանճի, որի թաթիկները պոկել են։ Պտտվում է, բզզում, փորձում թռչել, շրջվում, ընկնում մեջքի վրա։ Նրա գործողությունները անհետեւողական են ու հակասական։ Չկա ռազմավարություն, որն այնքա՜ն անհրաժեշտ է ցանկացած կառավարությանը։  

Ասենք, ունի՞ դա իրականում որեւէ առանձնակի նշանակություն, եթե Նոր Հայաստանում ընդհանրապես ոչ մի բան չունի ոչ մի նշանակություն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ