14 12 2018

Գաղափարներով և առանց գաղափարների. «Առավոտ»

Գաղափարներով և առանց գաղափարների. «Առավոտ»

«Առավորտ»-ը գրում է. «Այս ընտրարշավին մասնակցող նորաստեղծ կուսակցություններից երկուսն իրենց ներկայացրել են որպես hստակ գաղափարախոսություն կրող՝ «Քաղաքացու որոշումն» իր անվանման մեջ էր ընդգրկել «սոցիալ-դեմոկրատական» բնորոշումը, իսկ Լևոն Շիրինյանի «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» հանդես էր գալիս ազգայնական դիրքերից: Թե որքանով են այդ կուսակցությունների մտադրությունները լուրջ՝ դժվար չէ պարզել. եթե նրանք շարունակեն գործունեությունը և պատրաստվեն հաջորդ ընտրություններին, ուրեմն նրանց նպատակներն այսրոպեական չէին: Ազատական թևը ներկայացնում էին «Մենք» դաշինքը և «Լուսավոր Հայաստանը», ընդ որում՝ առաջինն ավելի շատ էր ընդգծում իր գաղափարական ուղղվածությունը, սակայն, իմ կարծիքով, ժամանակ չունեցավ ամբողջությամբ հավաքագրելու իր ընտրազանգվածը: Չնայած «Լուսավոր Հայաստանը» համեստորեն է ներկայացված խորհրդարանում (18 պատգամավոր), ապագան, ես կարծում եմ, այդ տիպի, ոչ «անձնակենտրոն», որոշակի արժեքային համակարգով առաջնորդվող կուսակցություններինն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես ասում են, «իզմերի» կուսակցություն չէ՝ ամեն ինչ հիմնված է առաջին դեմքի, նրա պատկերացումների և ցանկությունների վրա: Գագիկ Ծառուկյանն անշուշտ բարի մարդ է, շատ շատերին է օգնել իր բարեգործություններով, բացի այդ՝ հաջողակ գործարար է, իսկ դա, ով ինչ ուզում է ասի, առանց որոշակի տաղանդի հնարավոր չէ:

Սակայն պարզ չէ, թե ինչ կապ ունի այդ ամենը քաղաքականության, օրենսդիր աշխատանքի հետ: «Քաղաքականություն եմ մտել, որ ժողովուրդը լավ ապրի» բանաձևը, մեղմ ասած, թերի է: Արաբական շեյխերը վստահում են Ծառուկյանին և պատրաստ են նրա բիզնեսում ներդրումնե՞ր անել՝ հրաշալի է, թող անեն: Որքան շատ դրա արդյունքում աշխատատեղեր բացվեն, այնքան լավ: Բայց ինչու էր դա ներկայացվում որպես կուսակցության և, հետևաբար, պետության ծրագիր՝ հասկանալի չէ:

ԲՀԿ-ն այս ընտրություններում ստացել է 103824 ձայն, 8,27 տոկոսը: 2017 թվականին «Ծառուկյան դաշինք» անունով ուներ 428 836 քվե (27,35 %): Ցուցանիշն, այդպիսով, վատթարացել է գրեթե 4 անգամ: Վերլուծելու նյութ կա: Հավանաբար իմաստ ունի ԲՀԿ շարքերից զուտ քաղաքական լիդեր առաջ քաշելը և ավելի «դասական» կուսակցական ուղիով գնալը: Իհարկե, «Իմ քայլը» նույնպես չունի որևէ գաղափարախոսություն: «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանն է, որն իսկապես հրաշք գործեց՝ շատերիս համար անհնարին թվացող իշխանափոխությունը դարձրեց հնարավոր: Հասարակությունը, բացի վարչապետից, չի ճանաչում որևէ մարդու, որից ակնկալիքներ և պահանջներ ունի: Բայց դրա մասին՝ շարքի վերջին հոդվածում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ