04 12 2018

Ակնառու ձախողում, որից դասեր չեն քաղում․ «Հայոց աշխարհ»

Ակնառու ձախողում, որից դասեր չեն քաղում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դատելով ամենից, Հայաստանը անդառնալիորեն կորցրել է մինչեւ 2020 թվականը իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնելու ոչ միայն ցանկությունը, այլեւ հնարավորությունը։   

Ու թեպետ իշխանավորներն այս կապակցությամբ առակի խորամանկ «հերոսի» կեցվածքն են ընդունում՝ փորձելով խաղողի ողկույզներին հասնելու իրենց անկարողությունը բացատրել այդ մրգին վերագրվող ինչ-ինչ թերություններով, բայց երբ համեմատում ենք նրանց նախորդ կեցվածքը ներկա չքմեղանքի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ձախողումը քողարկելու անհաջող փորձի հետ։   

Հիմա էլ վարչապետի պաշտոնակատարը պնդում է, թե Հայաստանի կորցրած պաշտոնը ձեւական է, իրենից ոչ մի բան չի ներկայացնում, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սոսկ նրա անդամ երկրների ղեկավարների կամքի կատարողն է։   

Բայց ո՞ւր մնացին այդ դեպքում վարչապետի նախորդ պնդումներն առ այն, որ այդ պաշտոնը պահպանելը սկզբունքի հարց է մեր երկրի համար եւ նրա գործընկերները նախկինի նման չպետք է անտեսեն Հայաստանի կարծիքը եւ պարտավոր են հաշվի առնել, որ մինչեւ 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրենքով պետք է լինի մեր երկրի ներկայացուցիչը։  

Ի դեպ, քանի որ խոսքը նախկին իշխանության ժամանակ արձանագրված փաստերի մասին է, որոնց սիրում են քննադատել ներկաները, ապա չպետք է մոռանալ, որ գեներալ Յու. Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցում նախկինում նույնպես եղել է Բելառուսի եւ Ղազախստանի ուժեղ դիմադրությունը, բայց Հայաստանի կարծիքը, ի վերջո, հաշվի են առել։   

Սա, իմիջիայլոց, նոր իշխանությունների օրոք Հայաստանի սուբյեկտայնության մակարդակի բարձրացման մասին տափակ վերլուծություններ գրող հեղինակների համար։  

Իսկ իրականությունն այն է, որ մենք ոչ միայն կորցրել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլեւ ծայրաստիճան սրել ենք հարաբերությունները Բելառուսի ու Ղազախստանի հետ։ Այն աստիճան, որ Բելառուսը «Պոլոնեզներ» մատակարարելուց հետո էլի նորանոր զինատեսակներ է փնտրում Ադրբեջանին հանձնելու եւ երկու երկրների հավակնոտ ղեկավարների մրցավեճում Բատկայի հաղթանակն ամբողջացնելու համար։   

Մեզ կառարկեն, որ Լուկաշենկոն բռնապետ է, ուստի հաճախ գործում է անձնական համակրանքի, մանավանդ հակակրանքի սկզբունքով։ Ուրեմն առավել եւս պետք էր զգույշ լինել նման միջավայրում նախորդ իշխանությունների արձանագրած դժվարին ձեռքբերումը փոշիացնելուց առաջ։   

Նոր Հայաստանի իշխանավորները հոնքը շինելու փոխարեն կարող են նաեւ աչքը հանել, եթե շարունակեն միջպետական հարաբերություններին ու դաշնակցային պարտավորություններին մոտենալ ներքաղաքական վենդետայի սկզբունքով։ Ուստի նրանք դեռ պետք է շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին, որը հասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգմանը։    Այսինքն՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում լինելու է միայն Եվրասիական տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի պաշտոնական եւ ՀԱՊԿ ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպում կամ ուղղակի ընթրիք, որի օրակարգում բացակայում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման չարաբաստիկ հարցը։   

Ներկա միջազգային բարդ իրավիճակում Ռուսաստանի համար ռիսկային է այդ հարցի շուրջ Լուկաշենկո-Փաշինյան «գլադիատորական մարտերի» շարունակումը։ Բատկան անթաքույց օգնում է Ուկրաինային՝ Ռուսաստանի ղեկավարությանը հունից հանելու համար, ուստի այս առիթը եւս կօգտագործի Մոսկվայի հետ իր շանտաժային առեւտրի մեջ։  

Ավելի քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Ն.Փաշինյանի ու նրա կուսակիցների դեմքը գոնե մասնակիորեն փրկելու համար չէ, որ Ռուսաստանի միջնորդությամբ հարցը հերթական անգամ հետաձգվում է, այլ ՀԱՊԿ-ի փլուզման սպառնալիքը կանխելու համար։   

Անկախ նրանից, թե դեկտեմբերի 6-ին ով ավելի բարձր «կղժժար» Սանկտ Պետերբուրգում, տուժողն առաջին հերթին Ռուսաստանն էր լինելու։ Իսկ դրանից ակնհայտորեն օգտվելու էին Արեւմուտքում Ռուսաստանի միջազգային մեկուսացումը էլ ավելի ակնառու ցուցադրելու համար։ Այսինքն՝ եթե մեզ հետ յոլա չի գնում՝ հասկացանք, բայց որ իր ամենամերձավոր դաշնակիցներին էլ չի կարողանում կարգի հրավիրել, դա արդեն ոչ միայն կռվազանության, այլեւ թուլության նշան է։  

Բայց չպետք է մոռանալ, որ դեկտեմբերի 6-ից հետո էլ Բելառուսն ու Ղազախստանը դեմ են լինելու ոչ միայն Հայաստանի նոր ներկայացուցչի նշանակմանը, այլեւ ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ռուսաստանի ներկայացուցիչ Վ.Սեմերիկովի թեկնածությանը։ Ուստի ՀԱՊԿ ղեկավարների՝ տարեվերջին կամ նոր տարվա սկզբներին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ նրանք պնդելու են Բելառուսի ներկայացուցչին շուտափույթ նշանակելու անհրաժեշտությունը։  

Ստացվում է, որ թեեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվում է, բայց չի լուծվում՝ մեկ էական վերապահումով. Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այլեւս բացառվում է, որովհետեւ մեր երկրին տրված ժամանակն այդ ընթացքում կատաստրոֆիկ կրճատվելու է։ Եվ եթե սրանից ամիսներ առաջ կարելի էր առարկել Ն.Նազարբաեւի այն պնդմանը, որ Հայաստանի ներկայացուցիչը ժամանակ չի ունենա անգամ շրջագայել անդամ երկրներով ու ծանոթանալ իրերի դրությանը, ապա սրանից հետո նման փաստարկը իրական ուժ է ստանալու։   

Դասեր կքաղե՞ն այս ամենից իշխանավորները, թե՞ կշարունակեն հայտնի առակի հունի մեջ գտնվող իրենց ներկա անպատասխանատու կեցվածքը։ Դատելով սեփական հակառակորդներին ասֆալտին պառկեցնելու ցանկության լուսարձակումից, կամ էլ Արցախի ղեկավարությանն ուղղվող անիմաստ «հաթաթաների» բովանդակությունից, նրանք ոչ միայն ոչինչ չեն սովորել, այլեւ սովորելու ցանկություն էլ չունեն։   

Սովորելու հերթն այժմ մեր ժողովրդինն է, որը աստիճանաբար սկսում է հասկանալ, թե Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակի հետագա բարդացման պայմաններում ուր են տանում երկիրը միտինգային դեբատների ու փողոցային ճակատամարտերի հերոսները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ