29 11 2018

Ո՞ւմ հետ է խոսում Փաշինյանը. «Փաստ»

Ո՞ւմ հետ է խոսում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, եւ հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին: Արդյո՞ք տեղին է վերստին դիմել սեւ–սպիտակի, նախկին իշխանություններին քննադատելու, հակահեղափոխության վտանգը թմբկահարելու տրամաբանությանը, թե ոչ, դժվար է ասել: Չենք բացառում, որ կան անտեսանելի վտանգներ, որոնք Փաշինյանը փորձում է կանխել՝ ի սկզբանե դրանք բնում խեղդելով: 

Քարոզարշավների, հանրահավաքների ընթացքում քաղաքական դեմքերը խոսում են ոչ թե հավաքվածների հետ, այլ իրենց մրցակիցների: Այս երեւույթն առավել ակներեւ է դառնում հիմա, երբ, օրինակ, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանին, կամ Գյումրիում փորձում է բացատրել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության իրական իմաստը:

Փաշինյանը, փաստացի, խոսում է ոչ թե Ստեփանավանի, Գյումրիի ու քարոզարշավային կանգառ հանդիսացող մյուս համայնքների բնակիչների հետ, այլ խոսում է նկարահանող խցիկի, ուղիղ եթերի առաջ նստած ինֆորմացիոն սպառողների, ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, մեդիադաշտի հետ:

Ճշմարտության առջեւ չմեղանչելու համար նշենք, որ երեկ արդեն որոշակիորեն նկատվեց, որ Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, թեկուզ մասնակի, բայց սկսեց խոսել տեղական խնդիրներից: Հուսանք՝ քարոզարշավի թեժ մեկնարկը ու այդ մեկնարկի սահմանած նշաձողերը ու առաջնահերթությունները կփոփոխվեն, ու մարզային քարոզարշավը կլինի առիթ խոսելու մարզի բնակիչների հետ մարզի խնդիրներից, ոչ թե կդառնա հարթակ խոսելու առավել ընդհանուր, ընթացիկ քաղաքական մարտահրավերներից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ