21 11 2018

Տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել․ «Հայոց աշխարհ»

Տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ կառավարությունը զբաղված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքական իշխանությունն ամբողջովին իրենով անելու հարցով, տնտեսության վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ Կառավարության խոստացած թռիչքաձեւ աճի նշույլն իսկ չկա։   

Ավելին՝ տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել։ Թեպետ սեպտեմբերի անկումից հետո օպերատիվ տվյալներով հոկտեմբերին վիճակագրական ծառայությունը կարծես ամեն ինչ արել է ընտրությունների նախօրեին գոնե որոշ աճ արձանագրելու համար, այնուհանդերձ չի բացառվում, որ ներկայացված ցուցանիշներն առաջիկայում վերանայվեն։ Այնպես, ինչպես եղավ սեպտեմբերին, երբ օպերատիվ տվյալներով գրանցված 0,2 տոկոս աճը դարձավ 0,2 տոկոս անկում։   

Դրա համեմատ հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 5 տոկոսով։   

Այս պայմաններում հավանաբար դժվար չէ պատկերացնել, թե ինչու էր կառավարությունը հակված օր առաջ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Տրված խոստումները չեն իրականանում։ Ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական վիճակը երկրում ոչ միայն չի բարելավվում, այլեւ գնալով վատանում է։ Բնականաբար որքան ձգվեին ընտրությունները, այնքան հասարակության շրջանում հիասթափությունը կառավարության գործունեությունից ավելի կխորանար։   

Իհարկե, այնպես չէ, որ ընտրություններից հետո վիճակը կփոխվի դեպի լավը։ Դրա համար այս պահին բավարար հիմքեր չկան։ Գործունեության նախորդ շրջանում կառավարությունն այդպես էլ չկարողացավ իրեն զրկել տնտեսության հաշվին քաղաքական շահ հետապնդելու գայթակղությունից։ Ու դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ տնտեսությունն այս շոկային վիճակից հանելու համար։   Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից երկու ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 6 տոկոս է։ Վերջին երեք ամիսներին ակտիվությունը նահանջել է 3,3 տոկոսով։ Կառավարությունը դադարել է հավատալ նույնիսկ 6,5 տոկոս տնտեսական աճի հավանականությանը, որը կանխատեսվում էր ընդամենը մեկ-երկու ամիս առաջ։ Այժմ արդեն սպասումները 5 տոկոսի սահմաններում են։   

Թեպետ այս տեմպով շարժվելու պարագայում չի բացառվում, որ տարեվերջին դա եւս չլինի։ Եվ սա այն դեպքում, երբ առաջին կիսամյակում տնտեսական աճի լավ ցուցանիշ էր գրանցվել՝ 8,3 տոկոս։   

Մտահոգիչ վիճակը պահպանվում է գյուղատնտեսության ոլորտում։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտադրության ծավալները հոկտեմբերին կրճատվել են գրեթե 22 տոկոսով։ Գյուղատնտեսության անկումը տասը ամիսների տվյալներով գերազանցում է 8 տոկոսը։  

Հոկտեմբերին անկումը բավականաչափ խորացել է։ Առաջին երեք եռամսյակներին գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալների նվազումը 5 տոկոսի սահմաններում էր։   

Արագորեն թուլանում է շինարարության աճի տեմպը։ Տարեվերջից երկու ամիս առաջ տնտեսության այս ճյուղում գրանցվել է 6,5 տոկոս ակտիվություն։ Թվում է, թե վատ ցուցանիշ չէ։ Սակայն այն անհամեմատելի է տարեսկզբի հետ։ Շինարարության ամսական աճի տեմպը նվազել է 1,1 տոկոսով։   

Որպեսզի պարզ լինի, թե վերջին 6-7 ամիսներին ինչ փոփոխություններ են գրանցվել տնտեսության այս ճյուղի զարգացումներում, նշենք, որ առաջին եռամսյակում շինարարության ոլորտի աճը հասնում էր 23 տոկոսի։   

Ի տարբերություն գյուղատնտեսության եւ շինարարության, հոկտեմբերին արդյունաբերության հատվածում վիճակագրական ծառայությունը դրական արդյունք է գրանցել։ Նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալներն ավելացել են, ինչի շնորհիվ ոլորտում տասը ամիսների տնտեսական աճի ցուցանիշը փոքր-ինչ՝ 0,5 տոկոսով, բարելավվել է՝ կազմելով 4,5 տոկոս։   

Նվազել է ներքին առեւտրի աճի տեմպը։ Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ առեւտրի ծավալը նույնիսկ կրճատվել է։ Թե դա պայմանավորված է մեծածախ կամ էլ մանրածախ առեւտրի անկմամբ, հնարավոր կլինի ասել ավելի ուշ։ Այնուհանդերձ, ներքին առեւտրի ոլորտում տեղի ունեցող նման փոփոխությունները սովորաբար կապված են ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակության սոցիալական վիճակի հետ։   

Սեպտեմբերի անկումից հետո հոկտեմբերին արտաքին առեւտրի ոլորտում պատկերը դրական է։ Շարունակել է պահպանվել ներմուծման աճը։ Ավելացել է նաեւ արտահանումը։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ դա տեղի է ունեցել նախորդ ամսվա 15 տոկոս անկումից հետո։   

Տասը ամիսների ընթացքում արտաքին առեւտուրը հասել է 6 մլրդ դոլարի, որից 4 միլիարդը բաժին է ընկնում ներմուծմանը։ Այդ ընթացքում Հայաստանից արտահանվել է 2 մլրդ դոլարի ապրանք։ Ներմուծման առաջանցիկ աճի հետեւանքով արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարի, հատկապես վերջին ամիսներին, բավականաչափ խորացել է։ Այժմ արդեն ներմուծումը 2 անգամով գերազանցում է արտահանմանը։   

Կառավարության խոստացած արտահանման խթանման քաղաքականությունը արտաքին առեւտրի վրա առայժմ միայն բացասաբար է արտահայտվում։ Այլ բան դժվար էր սպասել, որովհետեւ ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ կառավարության գործողությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում։   

Թե այսպես շարունակվելու դեպքում տարեվերջին տնտեսական աճի ինչպիսի ցուցանիշ կամրագրի պաշտոնական վիճակագրությունը, ցույց կտա ժամանակը։ Մի բան ակնհայտ է, որ անկախ արդյունքներից՝ տնտեսական վիճակը Հայաստանում բարվոք չէ։ Չկան նոր նախաձեռնություններ, որոնք կարող են խթաներ ստեղծել տնտեսության աշխուժացման համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ