17 11 2018

Օրենքով հեղինակություն չեն բարձրացնում․ «Առավոտ»

Օրենքով հեղինակություն չեն բարձրացնում․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Պե՞տք է արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր, թե՞ պետք չէ՝ մասնավոր հարց է: Ինձ թվում է՝ եթե Գարեգին Բ-ն դիմի համապատասխան մարմիններին, վերջիններս պետք է հարգեն նրա խնդրանքը եւ ապահովեն նման բարձր հոգեւոր պաշտոն զբաղեցնող անձնավորության անվտանգությունը: Արդյոք Մայր աթոռը դիմե՞լ է նման խնդրանքով:

Փաստարկները, թե ինչու է դա պետք ամրագրել օրենքի մակարդակով, կարծում եմ՝ այնքան էլ հիմնավոր չեն: Երբ ասվում է, որ կաթողիկոսին պետք է պաշտպանել աղանդավորների եւ սեռական փոքրամասնությունների հարձակումներից, պարզ չէ՝ խոսքը ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական, գաղափարական հարձակումների մասին է: Եթե ֆիզիկական ոտնձգություններ են եղել, ապա անկախ հարձակվողների կրոնական եւ սեռական կողմնորոշումից՝ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Եթե խոսքը գաղափարական վեճի մասին է, ապա այստեղ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: Երեկվա խորհրդարանական բանավեճն ընդհանրապես սխալ ուղղությամբ գնաց: Կաթողիկոսին թիկնազոր տալու օրենքին ընդդիմացողները հարցնում էին՝ ի՞նչ է, կաթողիկոսին պետք է պաշտպանել սեփական ժողովրդի՞ց: Իսկ օրենքի կողմնակիցները հակադարձում էին՝ դե, թող Փաշինյանին նույնպես թիկնազորը չպաշտպանի ժողովրդից: Թե՛ փաստարկը, թե՛ հակափաստարկը իրար արժեն: Իհարկե, «ժողովուրդ» բառը պատեհ-անպատեհ օգտագործելը հետհեղափոխական ժամանակաշրջանի առանձնահատկություններից է:

Բայց այս օրինագծի պարագայում «ժողովուրդը» կապ չունի: Կան քաղաքացիներ, որոնց անվտանգությունը պետք է պաշտպանել, եւ կան քաղաքացիներ, որոնք այդ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում: Կամ չեն ներկայացնում: Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի հետ համեմատությունը բացարձակապես տեղին չէ. վարչապետն այսօր պետության թիվ մեկ պատասխանատուն է, եւ նրա անվտանգությունը պետք է ապահովվի ամենաբարձր մակարդակով: (Անձամբ ես կողմ եմ, որ անվտանգության միջոցառումներն այս առումով խստացվեն): 

Ասվում էր նաեւ, որ այդպիսով ընդգծվում է կաթողիկոսի հասարակական հեղինակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք՝ վեհափառն այսօր հեղինակություն չունի: Դրանում չկա ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական պատգամավորների մեղքը, եւ նրանք, եթե նույնիսկ 20 օրենք ընդունեն, դրանով այդ հեղինակությունը չի բարձրանա: Չդիտեմ՝ Գարեգին Բ-ն ինչ պետք է անի, որ իր հեղինակությունը բարձրանա, բայց դա ամբողջությամբ իր խնդիրն է: Ինչ մնում է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությանը, ապա այն բարձր է՝ անկախ կաթողիկոսի եւ մնացած կղերական պաշտոնյաների դրական կամ բացասական հատկություններից: Եվ բոլորիս պարտքն է այն է՛լ ավելի բարձրացնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ