17 11 2018

ՀՀ-ում չկա՞ դատավորների պակաս. «Հրապարակ»

ՀՀ-ում չկա՞ դատավորների պակաս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ ընդգրկվելու համար ԲԴԽ- ի անցկացրած որակավորման գրավոր քննությունը չի հաղթահարել քննությանը ներկայացած անձանց 2/3-րդը։ Քննությանը ներկայացած 72 անձանցից հարցազրույցների փուլ է անցել ընդամենը 24 հոգի։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից․ «2018 թվականի սեպտեմբերի 7-ին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն՝ դատավորների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին։ Այդ հայտարարությամբ արձանագրվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը՝ 28, քրեական մասնագիտացման բաժինը՝ 19 և վարչական մասնագիտացման բաժինը 2 թեկնածուներով համալրելու անհրաժեշտությունը։ ԲԴԽ է ներկայացվել է թվով 90 հայտ, որից 48-ը՝ քաղաքացիական, 29-ը՝ քրեական, 13-ը վարչական մասնագիտացման բաժինները համալրելու մասին։ Հարկ է նկատի ունենալ, որ վերը նշված հաշվարկում ներառված են նաև որակավորման ստուգմանը իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող թվով 10 անձանց կողմից ներկայացված հայտերի թիվը։ Վերոնշյալ հայտերի՝ օրենքով նախատեսված ստուգման արդյունքում Դատական դեպարտամենտի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվել է հայտերի ընդունումը մերժելու մասին թվով 9 (քաղաքացիական՝ 7 /այդ թվում 1 գիտական/, քրեական՝ 1, վարչական՝ 1) որոշում, որից 2-ը մասնագիտական աշխատանքի բավարար փորձառության բացակայության, իսկ 7-ը անհրաժեշտ բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի բացակայության հիմնավորմամբ։

Պետք է նշել, որ հիշյալ որոշումներից 5-ը հավակնորդների կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, 5 գործերով էլ վարչական դատարանի կողմից կայացվել են հայցը մերժելու մասին վճիռներ։ Որակավորման գրավոր քննությանը ներկայացած և մասնակցած 72 հավակնորդներից այս փուլը հաղթահարել և հարցազրույցի փուլ են անցել ընդամենը 24 (11-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 8-ը՝ վարչական մասնագիտացման ) հավակնորդ։ Բացի այդ, հարկ է նշել, որ հարցազրույցի փուլին կմասնակցեն նաև վերը նշված թվով 9 իրավաբան գիտնականները ( ընդհանուր առմամբ՝ 33 հավակնորդ)։ Ամփոփելով վերոգրյալը պետք է նշել, որ հարցազրույցի փուլի արդյունքների ամփոփումից հետո նոր միայն հնարավոր կդառնա արձանագրել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ ընդգրկված անձանց թիվը։ Այս գործընթացի արդյունքները միաժամանակ հնարավորություն կընձեռեն հստակ պատկերացում կազմել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները՝ ԲԴԽ որոշմամբ գնահատված անհրաժեշտ քանակի թեկնածուներով համալրելու կարիքի բավարարվածության աստիճանի մասին»,- ասվում է դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի պատասխան նամակում։

Հարցրել էինք նաև, թե ՀՀ-ում չկա՞ դատավորների պակաս, չէ՞ որ մշտապես խոսվում է, որ դատավորները ծանրաբեռնված են, և կան դատավորներ, որոնց վարույթներում 1000-ից ավելի գործեր կան, և ո՞րն է պատճառը, որ դատավոր աշխատել ցանկացողների թիվն այդքան քիչ է, գուցե աշխատավա՞րձն է ցածր, կամ հետագայում կենսաթոշա՞կը․ «Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ընդամենը 8 դատավոր, մինչդեռ Եվրոպայի խորհրդի երկրների միջին ցուցանիշը 21-ն է։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատարանների ծանրաբեռնվածության հիմնախնդրի և դրա լուծմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ դատավորների հաստիքների ավելացման անհրաժեշտության վերաբերյալ կատարվել են խորը և համապարփակ ուսումնասիրություններ, որոնց արդյունքներն արտացոլված են Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգում։ Ինչ վերաբերում է դատավոր աշխատել ցանկացողների քիչ թվաքանակին, ԲԴԽ աշխատակազմի կողմից դեռևս չեն կատարվել հիմնախնդրի բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրություններ։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների սոցիալական անկախության երաշխավորման գործընթացում առկա մտահոգությունների, այդ թվում՝ դատավորների կենսաթոշակին առնչվող և շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ Դատական իշխանության պաշտոնական կայք էջում հրապարակել է իր կարծիքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ