09 11 2018

Պետական համակարգը չպիտի կախում ունենա որևէ մեկի բարի կամ չար կամքից․ «Առավոտ»

Պետական համակարգը չպիտի կախում ունենա որևէ մեկի բարի կամ չար կամքից․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Երբ ասվում է, որ պետության համար առավել կարեւոր է համակարգը, ոչ թե անձինք, դա հաճախ Հայաստանում բուռն հակազդեցության է հանդիպում. «Որ Պողոսը չլինի, Պետրոսը լինի, ժողովրդին չի թալանի, մարդիկ էլ լավ կապրեն»: Սակայն անձնական գործոնը, իմ կարծիքով, ազդում է երանգների, ոճի, բառամթերքի, բայց ոչ՝ էության վրա:

Օրինակ՝ եթե իշխող կուսակցությունը կառուցված է այնպես, որ ոչ ոք իրավունք չունի հակաճառելու առաջին դեմքին, ապա ինչպիսի հրաշալի մարդ էլ լինի այդ առաջին դեմքը՝ պետության կառավարման համակարգը, միեւնույն է, ունենալու է ավտորիտարիզմի տարրեր: Իսկ հիմա պատկերացրեք, որ ԱՄՆ հանրապետականները Դոնալդ Թրամփին ասում են՝ «հա, շեֆ ջան, ոնց ասես, շեֆ ջան, ինչ էլ որոշես, հանճարեղ է լինելու»: Դա անհնարին է՝ ոչ թե այն պատճառով, որ Թրամփը դա չի ուզում՝ ինձ թվում է, շատ էլ ուզում է, պարզապես Միացյալ Նահանգներում 250 տարվա ընթացքում ստեղծված համակարգն է դա բացառում: ԱՄՆ նախագահը ոչ կուսակցական, ոչ պետական մակարդակում չի կարող միանձնյա որոշում ընդունել:

Ընդ որում, ինչպես տեսնում եք, դա տեղի է ունենում կառավարման հենց նախագահական համակարգի պարագայում: Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերահսկում էին Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, ԱՄՆ նախագահը չէր կարողանում, օրինակ, չեղարկել Օբամայի առողջապահական բարեփոխումները, դժվարություններ ուներ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, ինչպես նաեւ հարկերը կրճատելու իր ծրագրերն իրականացնելիս: Թրամփը դժգոհում էր, իհարկե, հանրապետականներից, որ նրանք բավականաչափ ջանասեր չէին իրեն աջակցելու հարցում, բայց կոնգրեսականներն ու սենատորներն այդ երկրում անկախ մարդիկ են՝ նախագահը չի կարող, ասենք, նրանց բիզնեսների վրա «հարկային ուղարկել»:

Թրամփի ծրագրերի խոչընդոտներն ըստ ամենայնի ավելանալու են այս շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո, երբ Կոնգրեսում մեծամասնություն են նվաճել դեմոկրատները: Նրանք, շատ հավանական է, ոչ միայն կտապալեն նախագահի նախաձեռնությունները, այլեւ Կոնգրեսի միջոցով կսկսեն ավելի ակտիվորեն «բզբզել» 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Ժողովրդավարական համակարգը սա է՝ այն ունի «հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ» դասական անվանումը:

Մեր հեղափոխությունը կհաջողի, եթե մենք կարողանանք ստեղծել այդ մեխանիզմը: Իհարկե, դա ոչ վեց ամսվա, ոչ էլ անգամ վեց տարվա խնդիր է, բայց քաղաքական վերնախավը պետք է գոնե ունենա նման ձգտում: Պետական համակարգը չպիտի կախում ունենա որեւէ մեկի բարի կամ չար կամքից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ