09  11  2018

Վարչական ռեսուրսը՝ որպես հեղափոխական զենք․ «Հայոց աշխարհ»

Վարչական ռեսուրսը՝ որպես հեղափոխական զենք․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Միտքը նրբատախտակի մասին, որից կարելի էր սավառնակ պատրաստել ու թռչել գրողի ծոցը շրջապատող իրականությունից, կարծում ենք, երբեմն-երբեմն այցելում է նույնիսկ Նոր Հայաստանի սպիտակ ու հպարտ քաղաքացիներին։   

Թռնեիր քաղաքակրթության երկրորդական նշաններով աղքատ քաղաքների եւ խղճուկ գյուղերի վերեւում ու թռչեիր՝ կնիք չդնելով անձնագրում, զննելով շրջակայքը՝ տանելի կեցության վայրի որոնումներով, որտեղ թեկուզ եթե անգամ ուրախ չլինեին տեսնել քեզ (այդքան հեռուն չի սավառնում մեր երեւակայությունը), ապա գոնե պարզապես կնկատեին։   

Առանձնակի հաճախ նրբատախտակի մասին մտքերն այցելում են այն քաղաքացիներին, որոնք ստիպված են այս կամ այն պատճառով առնչվել քաղաքականությանը։ Քանզի հայրենի քաղաքականությունը ներկայումս ասես գոմաղբի կույտ լինի։  

Գլխավորը՝ պատահաբար խորը չփորել։ Փորելու փորձ անելու դեպքում բարետես կույտը՝ արտաքուստ լիառատ զարդարված դրոշներով, փուչիկներով ու վարչապետի պաշտոնակատարի դիմանկարներով, ցույց է տալիս յուրաքանչյուր քաղաքականության համար ավանդական որդնած գարշահոտ ընդերքը։   

Օրինակ, երկար տարիներ կատաղի քննադատություն էինք լսում իշխանությունների հասցեին, որոնք ընտրությունների ժամանակ օգտագործում էին այսպես կոչված վարչական ռեսուրսը։ Եվ ի՞նչ։ Տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան իսկական ժողովրդավարներ, եւ բոլոր նախարարները, մարզպետներն ու այլ պաշտոնյաները Փաշինյանի հրամանով նետվեցին առաջադրվելու ռեյտինգային համակարգով։ Որպեսզի առավելագույնս օգտագործեն նույն այդ վարչական ռեսուրսը։  

Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, դեռեւս 1939 թվականին ընդունվեց Հեթչի օրենքը, որն արգելում է ընտրություններում օգտագործել վարչական ռեսուրսը։ Արգելքը բավականաչափ խիստ է, այն խախտողը կարող է նույնիսկ հայտնվել բանտում։ Միակ բանը, որ թույլատրված է ամերիկյան պաշտոնյային, ընտրությունների ընթացքում, անձամբ քվեարկելն է. դե, եւ առանց անունը նշելու փող հանգանակելը։  

Իհարկե, Ամերիկայում էլ այդ սահմանափակումները բազմաթիվ վեճեր ու բողոքներ էին առաջացնում պաշտոնյաների նկատմամբ այդօրինակ խտրականության արդարացիության մասին։ Երկու անգամ գործը հասավ Գերագույն դատարան, բայց Հեթչի օրենքը գործում է մինչ օրս։  

Կկանչի հիմա ռեյտինգայինով առաջադրված մարզպետը գյուղապետերին եւ դյուրըմբռնելի կբացատրի. եթե քո համայնքը համերաշխ չքվեարկի «Քաղպայմանագրի» օգտին, ապա ոչ միայն կզրկվես պաշտոնից, այլեւ կհայտնվես ճաղերի հետեւում, ասենք, տասը տարի առաջ թույլ տված չարաշահումների համար։ Նույնն էլ նախարարների եւ այլ պաշտոնյաների պարագայում։   

Կքվեարկեն «ինչպես որ պետք է» «Նոր Հայաստանի» հպարտ քաղաքացիները, իսկ հետո զարմանքով կհայտնաբերեն, որ կարելի է, պարզվում է, ապրել է՛լ ավելի վատ, քան ապրում էին նախկինում, մինչեւ իշխանափոխությունը։   Իհարկե, ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը պարտավոր է ջանալ առավելագույն օգուտ բերել հարազատ կուսակցությանը, ավելի շատ ձայներ՝ ընդհանուր գանձանակին։ Բայց ոչ ամեն գնով։  

Հիշո՞ւմ եք Մարկոսի Ավետարանը (գլուխ 12). «Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես է ժողովուրդը պղնձադրամներ գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ ու երկու լումա գցեց, որ մի գրոշ է։   

Եվ Հիսուս, մոտ կանչելով Իր աշակերտներին, նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուս բոլոր դրամ գցողները, քանզի ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա՝ իր չքավորությունից. գցեց այն ամենը, ինչ ուներ, իր ամբողջ ապրուստը»։  

Ի դեպ, գանձանակի մեջ դրամ գցողների մասին։ Եթե նոր իշխանությունն այդչափ բացահայտ օգտագործում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը, ապա ինչո՞ւ պիտի մենք բացառենք այն տարբերակը, որ հատուկ նախընտրական հարկ չի դրել օլիգարխների (այժմ նրանց անվանում են «խոշոր սեփականատերեր») վրա։ Չէ՞ որ ընտրությունները թանկ հաճույք են, հատկապես իշխանության համար։   Ավելին, ինչո՞ւ պիտի մենք բացառենք այն հնարավորությունը, որ կհայտնվեն բազմաթիվ մարդիկ, որոնք դրամահավաքով կզբաղվեն վարչապետի պաշտոնակատարի անունից, դնելով փողը սեփական գրպանը։ «Հեղափոխական» դաշտում Փաշինյանի անվամբ առուծախ են անում բոլորը, ինչպես դոմինիկյանները՝ սուրբ Պավսիկակիոսի մասունքներով։ Տեր Աստված, ներիր Քո մեղսավոր ծառաներին։ Եթե Քեզ համար դժվար չէ, իհարկե։  

Իշխանական ուժերի համար («Քաղպայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն») այս ընտրություններում ընտրակաշառքի դեր կխաղան խոստումները։ Ճիշտ է, մինչ օրս խոստացածից արված չէ ամենեւին ոչ մի բան։ Նույնիսկ արդեն չես հիշում, թե ով եւ կոնկրետ ինչ է խոստացել վերջին կես տարվա ընթացքում։ Պաշտոնները, դիրքերն ու անվանումները տարբեր են, սակայն զանազանելու ոչ մի հնարավորություն չկա։   Փափախը տեղում է, ձին՝ ճիշտ նկարած, հետին պլանում՝ սարը. ամեն ինչ ճանաչելի է, իսկ դեմք չկա։ Անցք է։   

Ահավասիկ հիմա էլ գլուխն անցքից կհանի իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչը եւ կգոռա ողջ ուժով. «Մենք կո՛ղմ ենք հզոր, հպարտ, արդար, ժողովրդավարական (այդ բառը հուզմունքի պատճառով բնավ ամեն անգամ չես կարողանում տարբերել)...»։   

Հետո մեկ ուրիշը. «Մենք գիտենք, թե ինչպես ապրեք ազատ ու երջանիկ», եւ նույնպես տեղնուտեղը կանհետանա անցքից։ Այդ մեկը խելացի կլինի։ Նա գիտի, թե ինչպես մենք կապրենք, ուստիեւ փոքր-ինչ այլ կերպ է ապրում։   

Երրորդը. «Մենք խոստանո՛ւմ ենք։ Ո՛չ։ Մենք երաշխավորո՛ւմ ենք ձեզ»։   

Ի՞նչ են նրանք մեզ երաշխավորելու։ Իշխանության բոլոր խոստումներից միայն մեկն է ճշգրիտ կատարվել. որոշ ժամանակ դժվար կապրենք։   

Այդ ինչքա՞ն ժամանակ։ Ողջ կմնա՞նք մինչ այդ օրը, երբ ապրելը մի քիչ կհեշտանա։ Թե՞ արագ միայն կատուներն են բազմանում ու հեղափոխականները՝ կարգախոսներ ծնում։   Ինչեւէ, որ նոր իշխանության դինամիկան բացասական է (իսկ ուրիշ ինչպիսի՞ն պիտի լիներ), մատնանշում են այսօր շատերը։ Տարաձայնություններ լինում են որակական գնահատականներ տալու փորձերի ժամանակ։ Անկումը աննշա՞ն է։ Չափավո՞ր։ Չափազանց լո՞ւրջ։ Թե՞ այնուամենայնիվ աղետալի։   

Հայաստանում ինչ-որ թյուրըմբռնմամբ դեռեւս ապրում են կիրթ մարդիկ, որոնք գիտեն, ինչպես լուծել քառակուսի հավասարումը, կարդացել են դասականներին ու լսել «Դոն Ժուան» օպերան։ Եվ նրանք հարցնում են. լավ, ո՞ւր է մեզ ուզում տանել այս իշխանությունը։   Չէ՞ որ դեռեւս իսպանացի մեծ մտածող Խոսե Օրտեգա-ի-Գասետն էր ասում. ամեն ազգ կարող է գոյատեւել միայն այն դեպքում, եթե իրականացնում է ապագայի իմաստավորված ծրագիր։ Ի՞նչ ծրագիր ենք մենք իրականացնում։ Մեկնումեկը կբացատրի՞ մեզ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ