08 11 2018

Ո՞վ է իսկական ընդդիմությունը․ «Հայոց աշխարհ»

Ո՞վ է իսկական ընդդիմությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այսօր մեզանում ներքաղաքական պայքարի առանցքում է հայտնվել ոչ թե «ո՞վ է իշխանությունը», այլ «ո՞վ է ընդդիմությունը» հարցադրումը։  

Գործող սահմանադրությամբ խորհրդարանում պետք է լինի ոչ միայն կայուն մեծամասնություն, այլեւ պատգամավորների մեկ երրորդի քվեներն ունեցող ընդդիմություն։ Ուստի նման պայմաններում առաջնային է դառնում ոչ թե ընդդիմության լինել-չլինելու, այլ նրա իսկական կամ կեղծ լինելու հարցը։   

Այս առումով պայմանականորեն ասած «Նիկոլի ցուցակի» մեջ չմտնող բոլոր մյուս ուժերը տեսականորեն հավակնում են այդ դերակատարությանը, ուստի խնդիրը 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարելն է։ Բայց չպետք է մոռանալ, որ ընդդիմությունը ոչ թե ձեւական կեցվածք է, այլ կոնկրետ բովանդակություն, այսինքն՝ տարվող քաղաքականությանը հակադրվող մեկ այլ ուղեգիծ։   

Ուստի փորձենք հասկանալ, թե «Նիկոլի ցուցակի» մեջ չմտնող ուժերից որը կարող է համընկնել նման դերակատարության, այսինքն՝ որո՞նք են վերջին 6-7 ամիսներին երկրի ներսում տարվող քաղաքականությանը բովանդակային առումով հակադրվող քաղաքական ուժերը։   Դատելով ամենից՝ առաջադրվող կուսակցությունների ցանկի մեջ այս առումով որոշակի շանսեր ունեցող հավակնորդների պակաս չի լինելու՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր» եւ այլն, եւ այլն։ Սրանք են առայժմ այն քաղաքական ուժերը, որոնք չմտնելով «Նիկոլի ցուցակի» մեջ՝ պատրաստվում են օգտվել սահմանադրությամբ իրենց ընձեռված հնարավորությունից։

Ուստի ընդունելով, որ ձեւականորեն նշված բոլոր ուժերն էլ կարող են իրենց համարել ընդդիմություն, այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե՝  

ա) Ո՞րն է «Նիկոլի ցուցակին» հակադրվելու եւ ընդդիմադիր գործունեության սահմանագիծը,  

բ) վերոհիշյալ քաղաքական ուժերից որո՞նք են համապատասխանում ապագա խորհրդարանում երկրորդ դերակատարությունը ստանձնելու առաջադրանքին։  

Եվ այսպես.   «Լուսավոր Հայաստան».- եղել է «Ելք» դաշինքի հենասյուներից, ուստի ե՛ւ արժեքային ընտրության, ե՛ւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով սկզբունքորեն չի տարբերվում «Նիկոլի ցուցակի» հիմքը կազմող «Քաղաքացիական պայմանագրից»։ Պարզապես նրանք որոշել են իրենց բախտը առանձին փորձել, ուստի մնում է պարզել, թե այդ որոշումը ընդդիմության տեղերը նույնպես զավթելու՝ իշխանության ցանկությա՞մբ է թելադրված, թե՞ պարզապես սովորական քաղաքական աբիժնիկությամբ։   

Ընդհանուր առմամբ սրանք ոչ միայն դավանում են նույն արժեքները, այլեւ իրենց հայտնի նախարարների միջոցով հիմա էլ Նիկոլի թիմում են։ Այսինքն՝ ցանկության դեպքում «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական հավատամքի բովանդակային կողմով չի կարող իրական ընդդիմություն լինել, ինչը փաստորեն նշանակելու է՝ ընդդիմանալ հենց ինքն իրեն։ 

«Սասնա Ծռեր».- թեպետ մաս չեն կազմել գործող իշխանությանը, սակայն աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով նրանից ավելի արմատական են, ուստի բացահայտորեն առաջ են քաշում անգամ Հայաստանից ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահանջը։   

Արժեքային առումով «Սասնա ծռերը» անշուշտ տարբերվում է գործող իշխանությունից եւ մերժում է նրան հատուկ կոսմոպոլիտիզմը, բայց թե ինչպես են այդ արժեքները տեղավորելու իրենց ընտրած արտաքին քաղաքական ուղեգծի շրջանակներում՝ սա թերեւս միայն իրենք գիտեն։   «Բարգավաճ Հայաստան».- «Սասնա ծռերի» ճիշտ հակապատկերն է՝ արժեքայնորեն չի նմանվում ներկա իշխանությանը, իսկ արտաքին կողմնորոշման առումով ուղղակի հակադիր է։   

Քանի որ իր առաջնորդը սեփականության պահպանության խնդիր ունի եւ ակնհայտորեն չի ցանկանում «պառկել ասֆալտին», ապա «Բարգավաճը», որը, անշուշտ, ապագա խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի, ապագա իշխանության համար եւս խոստանում է դառնալ գրեթե նույն շանթարգելը, որպիսին եղել է նախորդ իշխանությունների օրոք։   

Խնդիրը միայն այդ ապագա շանթարգելի մեծությունն է, ինչը, անկասկած, բովանդակային առումով հակադարձ համեմատական է լինելու «իսկական ընդդիմություն» հասկացությանը։ Այսինքն՝ որքան ավելի մեծ լինի «Բարգավաճի» ներկայացվածությունն ապագա խորհրդարանում, այնքան փոքր է լինելու բուն ընդդիմության ներկայացվածության չափը։  

Հանրապետական կուսակցություն.- որպես նախորդ քաղաքական վարչակարգի հիմնական հենասյուն՝ «Նիկոլի ցուցակի» բացարձակ՝ գրեթե 180 աստիճանի հակապատկերն է։   

Այսինքն՝ հակադիր է ներկայումս գործող իշխանությանը ե՛ւ արժեքային ընտրությամբ, ե՛ւ արտաքին կողմնորոշման առումով։ Ուրեմն որքան ավելի մեծ լինի ՀՀԿ-ի ներկայացվածությունն ապագա խորհրդարանում, այնքան մեծ է լինելու իրական ընդդիմության ներկայացվածության չափը։  

Դա նշանակում է, որ այդ պարագայում ապագա խորհրդարանը լինելու է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի շուրջ հակադիր տեսակետների բախման միջոցով ճիշտ լուծումներ գտնելու բեմահարթակ։   

ՀՅ Դաշնակցություն.- գրեթե նույնը կարելի է ասել նաեւ այս պարագայում՝ գործող իշխանությանը հակադիր քաղաքական ուղեգծի ե՛ւ արժեքային ընտրության, ե՛ւ արտաքին կողմնորոշման առումով։   

Բացի դրանից գոյություն ունի նաեւ մեկ այլ էական հանգամանք։ Ինչպես գիտենք, Հայաստանում գործող հաջորդական իշխանությունները պարտադիր են համարել ՀՅԴ-ի ներկայությունը հաջորդական խորհրդարաններում գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը եւ այդ հանգամանքը չեն էլ թաքցրել մեր հանրությունից։   

Ուստի եթե ներկա իշխանությունը պատրաստվում է հրաժարվել այդ չգրված օրենքից, ապա դա Ղարաբաղի հարցում Ադրբեջանին զիջումների գնալու նրա պատրաստակամության առաջին ազդանշաններից է լինելու։   

Համոզված ենք, որ այս համեմատական քննության համատեքստում առաջ քաշվող դիտարկումների հիմնական հակափաստարկը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության իրողությունն անտեսելու մեղադրանքն է լինելու։ Այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը վերջնական հաղթանակ չտանի, հնարավոր չէ գտնել իրական այլընտրանք «հեղափոխություն» ասած ուժին։ Ուրեմն նա պետք է վերջնականապես հաստատվի որպես իշխանություն, եւ նոր միայն հնարավոր դառնա նոր իշխանության այլընտրանքի ձեւավորումը։   

Այո, նոր իշխանությանը այլընտրանք դառնալու համար հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ այն նոր է միայն ձեւավորվում, ուստիեւ անհրաժեշտ է ունենալ նաեւ այդ նոր իրողությունից բխող սեփական առաջնահերթությունները։   

Բայց չէ՞ որ մենք խոսում ենք ոչ թե ներկա, այլ ապագա ընդդիմության հավակնորդների մասին, որոնց մի մասն արդեն հիմա պատրաստ չէ այդ դերակատարությանը, իսկ մյուսները՝ ի դեմս ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի, ունեն նման պոտենցիալ հնարավորություն, իսկ թե ինչպես այն կվերածեն իրականության, դա արդեն առաջիկա նախընտրական պայքարում իրենց որդեգրելիք պահվածքից է կախված։  

Ուստի հաշվի առնելով, որ երկրի կառավարման լծակները եւ ունեւոր խավի մի կարեւոր մասն արդեն անցել են նոր իշխանությունների կողմը եւ առաջիկա ընտրություններում ամեն ինչ անելու են ապահովելու նրանց հաղթանակը, հեղափոխության վերջնական հաղթանակի մասին դրույթին պետք է վերաբերվել մեծ վերապահությամբ, քանզի դա վկայում է բոլորովին այլ երեւույթի՝ երկրի առաջին դեմքերի, բայց ոչ համակարգի փոփոխության մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ