23 10 2018

Հիմա մարզպետը նաև ոստիկանապե՞տ է․ «Հայոց աշխարհ»

Հիմա մարզպետը նաև ոստիկանապե՞տ է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է տարբեր, հիմնականում քննադատական անդրադարձերի արժանանալ: Հատկանշականն այս դեպքում այն է, որ Նիկոլ Փաշինյանին այդ որոշման համար, մեղմ ասած, քննադատում են առավելապես պայմանական յուրայինները:  

Ակնհայտ է, որ կոնկրետ այս նշանակումը, այսպես ասած, թավշահեղափոխական շրջանակներում աներկբա չի ընդունվել, ավելին՝ որոշակի խմորումների տեղիք է տվել: Դա միգուցեեւ լավ է այն իմաստով, որ այդօրինակ քայլերը կարող են նպաստել, որ հասարակության մի որոշակի մասը ձերբազատվի «դըմփ-դըմփ-հու»-ից, թե կուզեք «հեղափոխական էյֆորիա» ասվածից եւ վերսկսի ավելի սթափ ընկալել ներքաղաքական անցուդարձը:   

Առերեւույթ կարծես մի երեւելի բան չի եղել. նախկին փոխոստիկանապետը իշխանությունից պաշտոնի առաջարկություն է ստացել եւ ընդունել է: Կարեւորը, սակայն, նրբերանգներն են: Դրանցից մեկն այն է, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշակի հայտարարություններ էր արել հիշյալ փոխոստիկանապետի կողմից կալանավորի հանդեպ բռնություն գործադրելու վերաբերյալ՝ հիմնվելով վերջինիս պատմածների վրա:   

Մյուս նրբերանգն այն է, որ ինչքան էլ ոստիկանությունը ապաքաղաքականացված եւ ապակուսակցականացված ուժային կառույց է, միեւնույն է, ոստիկանության ղեկավարությունն ընկալվում է տվյալ պահի իշխանության ներկայացուցիչ: Ի վերջո, նրանք այդ պաշտոնները հո ավտոմատ ռեժիմո՞վ չեն զբաղեցրել:   

Եվ հիմա, երբ, օրինակ, Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել, ապրիլ-մայիսին փողոցները փակելով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարբեր մարդիկ տարակուսում են, թե այդ ինչպե՞ս, ինչի՞ համար է նախկին իշխանության հետ ասոցացվող ոստիկանական նախկին բարձրաստիճան անձնավորությունը նոր, «հեղափոխական» իշխանություններից պաշտոն ստանում:   

Մենք, իհարկե, մեր ուրույն տեսակետն ունենք որոշ «նախկինների» նմանօրինակ նշանակումների, առանձին դեպքերում՝ պաշտոնի բարձրացումների վերաբերյալ: Դա պարզապես մեր ենթադրությունն է ու ենթադրության իրավունքով այն տեսակետին ենք հանգում, որ նման նշանակումներ են ստանում նախկիններից նրանք, ովքեր, ժամանակին լինելով իշխանության մեջ, գործել են իշխանության դեմ ու ինչ-ինչ ծառայություններ են մատուցել «հեղափոխական» առաջնորդներին: Վերջիններս էլ նման կերպ նրանց հատուցում են՝ «հեղափոխությանն աջակցելու» համար:   

Օրերս, իր այդ նշանակումը սյունեցիներին փորձեց բացատրել հենց Նիկոլ Փաշինյանը: Նա, ինչպես հիշում եք, մասնավորապես հայտարարեց, որ իր համար «կարեւորագույն խնդիր է ջարդել նարկոթրաֆիքի ողնաշարը», ի լրումն, թե՝ Սյունիքում շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը եւ այլն:   Ու հենց այդ հանգամանքները նկատի ունենալով՝ ընտրությունը կանգ է առել հենց Հունան Պողոսյանի թեկնածության վրա:   

Մի տեսակ տարօրինակ հիմնավորում է: Այն իմաստով է տարօրինակ, որ եթե Սյունիքում հիմնական շեշտադրումը նարկոթրաֆիքի, կրիմինալի ողնաշարը ջարդելն է, ապա գուցե մարզային ոստիկանապե՞տ նշանակեին տվյալ անձնավորությանը: Չէ, բայց իսկապես:   

Ո՞վ է մարզպետը, ի՞նչ է մարզպետարանը: Իրավապահ կամ ուժային կառո՞ւյց է: Կարծես թե՝ ոչ: Որքան հիշում ենք, մարզպետարանը տարածքային կառավարման մարմին է, մարզպետն էլ այդ մարմնի ղեկավարն ու որոշակի իմաստով՝ կառավարության լիազորված ներկայացուցիչը տվյալ մարզում:   

Իսկ կրիմինալի, այդ թվում՝ նարկոթրաֆիքի դեմ պայքարելու համար Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ կան պարոնայք Վալերի Օսիպյանի, Արթուր Վանեցյանի գլխավորած կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ: Հիմա, ի՞նչ, Հունան Պողոսյանը Սյունիքի ե՛ւ մարզպետն է, ե՛ւ ոստիկանապե՞տը, ե՛ւ ԱԱԾ տեղական ստորաբաժանմա՞ն ղեկավարը: Եթե մարզպետն է միայն կրիմինալի ու նարկոթրաֆիքի դեմ պայքարելու, ապա գուցե մյուս կառույցնե՞րն են ավելորդ կամ դրանց ղեկավարները: Թող միանգամից մարզպետը ղեկավարի դրանք:   

Այսօրինակ «հակահեղափոխական» հարցեր էլի կարելի է ձեւակերպել: Բայց էականը տվյալ դեպքում այն է, որ տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետարանի վրա, հանձին մարզպետի, կրիմինալի դեմ պայքարելու խնդիր է դնում՝ ունենալով այդ երեւույթի դեմ պայքարելու կոչված ու գործառույթ ունեցող պետական այլ կառույցներ:   

Ի դեպ, մի՞թե Հայաստանում ամենից ծանր հանցածին իրավիճակը հենց Սյունիքում է: Իսկ մյուս մարզերո՞ւմ ինչպիսին է վիճակը: Չենք կարծում, թե այդ առումով ինչ-որ մեծ տարբերություն կա: Բայց այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, մյուս տեղերում էլ նախկին բարձրաստիճան ոստիկանների չնշանակել:  

Ի՞նչ է, նախկին փոխոստիկանապետե՞րն են քչություն անում: Միայն Սյունիքո՞ւմ է «ուժեղ ձեռք» պետք: Մյուս մարզերում կարող են եւ կուսակցական նվիրյալներ նշանակվել, որոնք կամ հեկտարից են մի կերպ գլուխ հանում, կամ էլ մի ուրիշ անհեթեթ արտահայտությամբ են զվարճացնում հանրությանը:  

 Եվ այսպես կոչված նարկոթրաֆիքի մասին: Դա, կարծում ենք, չափազանցված բնորոշում է: Մեր երկիր, ավելի ճիշտ՝ մեր երկրի տարածքով թմրամիջոցներ անցկացնելու փորձեր եղել են ու էլի կլինեն: Կարեւորը դրա դեմ պայքարն է, որի մասին վկայող փաստեր պարբերաբար են արձանագրվել եւ արձանագրվում ու հայտնի են հանրությանը:   

Եվ հետո, մի բան է, երբ որեւէ անձնավորություն կամ առանձին հանցավոր խումբ փորձում է Հայաստանի տարածքով մի անգամ ինչ-որ բան անցկացնել (ու սովորաբար ձախողվում է), բոլորովին այլ բան է, երբ ասում ես՝ թրաֆիք, ինչը ենթադրում է փոխադրման կայուն ընթացք, դրան նպաստող հանցավոր ցանց, հղկված ու գործող ուղիներ եւ այլն: Ուստի հազիվ թե կարելի է խոսել թրաֆիքի մասին, այն էլ՝ պետության ղեկավարի մակարդակով:   

Եվ դա էլ այն դեպքում, երբ Հայաստանով թմրամիջոցների հոսքի մասին թեզը ադրբեջանական քարոզչության հյուսած առասպելներից է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ