26 09 2018

Իշխանափոխությունից անմիջապես հետո խնդիրների առջև են հայտնվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր․ «Հայոց աշխարհ»

Իշխանափոխությունից անմիջապես հետո խնդիրների առջև են հայտնվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կառավարությունը պատճառներ է փնտրում արդարացնելու տնտեսական ոլորտում սեփական սխալները։ Որ առաջիկա սպասումներն այս հատվածում հուսադրող չեն, կասկած չի հարուցում։ Որքան էլ առաջին հայացքից տնտեսական ակտիվության բարձր մակարդակը դեռ պահպանվում է, այնուհանդերձ վիճակը ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։   

Մինչ չկան նոր նախաձեռնություններ՝ գնալով սպառվում է նախորդ շրջանից կուտակված տնտեսական աճի ներուժը։ Վերջին հինգ-վեց ամիսներին Հայաստանի տնտեսությունը հայտնվել է մի տեսակ դադարի վիճակում, ինչը չափազանց վտանգավոր երեւույթ է։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի պահից խաթարվելու է տնտեսական աճի շարունակականությունը։   

Այս քաղաքականության հետեւանքներն արդեն սկսել են դրսեւորվել։ Դրանք անշուշտ կխորանան տարեվերջին ընդառաջ։   

Նախորդ ամսվա վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ տնտեսությունը սկսել է արագորեն կորցնել տարեսկզբի ձեռքբերումները։ Գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է հետընթացը։ Պատահական չէ, որ եթե մի քանի ամիս առաջ կառավարությունը խոսում էր տնտեսության մեջ հեղափոխական հաջողությունների հասնելու մասին, ապա այժմ հույսն ընդամենը կայունության ապահովումն է։ Թեեւ դա եւս հարցական է։  

Վիճակը փրկելու համար կառավարությունը մեղավորներ է փնտրում։ Ընտրվել է Ազգային ժողովը։ Պարզվում է, որ կառավարության տնտեսական ծրագրերի իրականացմանը խանգարում է Ազգային ժողովը։ Ուստի որոշել են միջոցներ ձեռնարկել խորհրդարանը հնարավորինս շուտափույթ լուծարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար։   

Թե Ազգային ժողովը որքա՞ն է խանգարում կառավարության ծրագրերի իրականացմանը, բոլորն էլ տեսնում են։ Չկա ներկայացված որեւէ նախաձեռնություն, որ խորհրդարանը չընդունի։ Նման բարենպաստ վերաբերմունք կերազեր ամեն մի կառավարություն։   

Սակայն ակնհայտ է, որ կառավարությանը չի հաջողվում բեկում մտցնել տնտեսության մեջ։ Որպես այդպիսին, չկա տնտեսական քաղաքականություն։ Բայց այս հարցում խորհրդարանը որեւէ մեղք չունի։   

Սխալ էին կառավարության տնտեսական հաշվարկները։ Որքան էլ թվում էր, թե միայն կոռուպցիայի դեմ պայքարը կարող է լինել տնտեսության զարգացման հիմքը, պարզվում է, այդպես չէ։   

Հակառակ ակնկալիքներին, արտաքին կապիտալը չի գալիս Հայաստան։ Խոստացված ներդրումային բումը չի կայանում։ Տնտեսությունն անորոշ եւ սպասումային վիճակում է։ Ու հիմա կառավարությունը մեղավորներ է փնտրում՝ սեփական սխալներն ու չիրականացված սպասումներն արդարացնելու համար։   

Որ ներդրողները նման անկայուն ու անկանխատեսելի իրավիճակում չէին գալու Հայաստան, պարզ էր սկզբնապես։ Բայց դրա մեղավորը առաջին հերթին կառավարությունն է՝ իր չհիմնավորված ու չկշռադատված գործողություններով։  

Ի՞նչ է արել մինչեւ այժմ կառավարությունը, որ ներդրողներն իրենց հանգիստ զգան Հայաստանում։ Կարելի է ասել՝ ոչինչ։ Հայտարարությունները, որ ներդրումները Հայաստանում պաշտպանված են, առ ոչինչ է, երբ այլ բան են վկայում կառավարության գործողությունները։   

Իշխանափոխությունից անմիջապես հետո խնդիրների առջեւ են հայտնվել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։ Քաղաքական դիվիդենտներ շահելու ակնկալիքով՝ կառավարությունն արգելափակել է դրանց իրականացումը, չնայած առանձին դեպքերում կատարվել են հսկայական ներդրումներ։   

Խնդիրը հասել է այնտեղ, որ ներդրողների նկատմամբ վերաբերմունքից սկսել են դժգոհել գործընկեր երկրների կառավարությունները։ Խոսքը մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մասին է։ Եթե առաջինի անհանգստությունները կապված են «Լիդիանի», ապա երկրորդինը՝ «Վեոլիա ջրի» հետ։   

Սակայն դա ամբողջը չէ։ Իր գործունեության կարճ ժամանակահատվածում կառավարությունը հասցրել է արգելափակել ոչ միայն արդեն գործող, այլեւ հաստատված մի շարք խոշոր ներդրումային նախագծեր։   

Նման անհարկի միջամտությունները լրջորեն հարվածում են երկրի ներդրումային միջավայրին։ Եթե որեւէ մեկին թվում է, թե այդպիսի իրավիճակում ներդրողները պիտի գան եւ ողողեն Հայաստանի տնտեսությունը, ապա չարաչար սխալվում է։   

Պատահական չէ, որ ներդրողները սպասումային վիճակում են, եթե, իհարկե, այդպիսիք դեռեւս մնացել են։ Բայց դա ոչ թե Ազգային ժողովի, այլ կառավարության մեղքն է։ Եթե վերջինս ցանկանում է բարելավել տնտեսական միջավայրը, որ ներդրողներն իրենց լավ զգան, ապա կարող է դա անել, անկախ նրանից՝ խորհրդարանը կլուծարվի, թե կմնա։  

Խորհրդարանը մեղավոր չէ, որ կառավարությունն անհարկի եւ չհիմնավորված մեղադրանքներով վարկաբեկում է տնտեսական ոլորտի ներկայացուցիչիներին, խնդիրներ է ստեղծում ներդրողների համար կամ չի կարողանում ներկայացնել տնտեսական քաղաքականության հայեցակարգ։   

Տնտեսությունը կայունության է ձգտում։ Այնինչ կառավարությունը մշտապես ճգնում է սրել իրավիճակը՝ հասարակության մեջ կուտակված էյֆորիան իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու ակնկալիքով։ Իսկ թե դրանից ինչպիսի վնասներ է կրում տնտեսությունը, կարծես այնքան էլ կարեւոր չէ։ Տնտեսական կյանքը Հայաստանում մղվել է հետին պլան։   

Հիմա էլ կառավարությունը փորձում է չհիմնավորված պատճառաբանություններով այդ իրավիճակն օգտագործել արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ