28 01 2022

Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված․ «Փաստինֆո»

Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված․ «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աննա Ծառուկյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել, որն արդեն քննվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։

Փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել՝ հիմքում դնելով ոչ միայն այն հանգամանքը, որ Արղամանյանն արդեն նախկինում կալանավորման որոշում է կայացրել և այժմ չի կարող փոխել իր կարծիքը, կստացվի՝ փոխում է որոշումը, այլև՝ այն, որ Արղամանյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, բազմիցս քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել է իր աջակցությունը՝ իշխող քաղաքական ուժին, հետևաբար, Արղամանյանը սույն գործով ունի կաշկանդվածություն, քանի որ այս գործը քաղաքական հետապնդում է։ Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է և անցել խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդության բուն քննությանը։

Գրավի միջնորդության հիմքում պաշտպանը դրել է ոչ թե ներպետական, այլ՝ միջազգային նորմերի հիման վրա, մասնավորապես, հղում է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, համաձայն որի՝ անձինք ազատ արձակվելու երաշխիքներ ունեն։ Միջնորդության ըստ էության քննության համար դատարանը հետաձգել էր դատական նիստը՝ օրենսդրությունն ուսումնասիրելու համար, քանի որ, ինչպես տեղեկացրեց փաստաբանը՝ միջնորդությունը հետաքրքիր է եղել դատավորի համար։ Այդուհանդերձ, դատարանը միջնորդությունը քննել և մերժել է այն։

«Որոշման մեջ ոչ մի պրոֆեսիոնալ հիմք չեմ տեսնում։ Նորից ներպետական օրենսդրությանը հղումներ է կատարել, որ նոր հանգամանքներ չկան և այլն, նորմալ վերլուծություն չի կատարել, թե ինչն է հիմքը, որ ինքը չի առաջնորդվում միջազգային պայմանագրերով, ինչի պարտականությունը Սահմանադրությամբ ունի»,- նշեց Ծառուկյանը։

Փաստաբանը պատրաստվում է գրավի միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ