25 01 2022

Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել․ News.am

Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Ընդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին անհեթեթ՝ սրճեփ գողանալու կասկածանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց։ Նախ նրան տան բակից դիմակավորված անձիք տարան անհայտ ուղղությամբ, ինչից հետո մոտ 2 ժամ նրա փաստաբանը չէր կարողանում պարզել, թե իրավապահ համակարգի որ մարմինն է կատարել գործողությունը և ամենակարևորը՝ ուր են տարել գնդապետին։ Տարակուսանքն ավելի մեծացավ, երբ ոստիկանությունից պարզաբանեցին, որ գնդապետ Շիրինյանին բերման են ենթարկել անցած տարվա օգոստոսին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում կատարված ինչ–որ սրճեփի գողության կասկածանքով։

NEWS.am-ի տեղեկություններով՝ այդ ամբողջը պլանավորված էր և ուներ կոնկրետ հրահանգավորում։ Այսպես, հունվարի 21-ին տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որին ոստիկանապետի գլխավորությամբ մասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության մեր աղբյուրը հայտնում է, որ նիստից հետո ՀՀ ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի համադասարանցի Վահե Ղազարյանը սրտնեղել է, թե Շիրինյանն իրեն անպատվել է և կոնկրետ հրահանգ է տվել շաբաթը մի քանի անգամ նրան ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ կոշտ միջոցներով բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով։

Կոնկրետ հրահանգել է եղել, որ զինված եւ դիմակավորված իրավապահները ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկեն նրան, մի քանի ժամ պահեն, Վահե Ղազարյանի անունից մի երկու «քաղցր բառ» փոխանցեն, այնուհետ բաց թողնեն։ Ըստ մեր աղբյուրի՝ առաջիկայում Սայաթ Շիրինյանին բերման ենթարկելու այլ դեպքեր էլ կլինեն՝ դարձյալ անհեթեթ պատճառաբանություններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ