07 10 2021

Պետք է ասել վճռաբեկ դատախազություն, անկախանալու անգամ կամք չունեն․ Արամ Վարդևանյան

Պետք է ասել վճռաբեկ դատախազություն, անկախանալու անգամ կամք չունեն․ Արամ Վարդևանյան

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, թե ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Այս քրեական գործով, ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ):

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները մերժել էին Աշոտ մինասյանին կալանավորել՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Բողոքարկվել է վճռաբեկ դատարան, վեեչրջինս էլ գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

Դատախազության հայտարարության և վճռաբեկ դատարանի որոշման առնչությամբ դիմեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, որը մինչ պատգամավոր դառնալն իրականացրել է Աշոտ Մինասյանի շահերի պաշտպանությունը։

«Դատախազությունը փոխանակ գիտակցեր իր կողմից հարուցված քրեական գործի կամ որպես հսկող հանդես եկող գործի խայտառակությունը, հայտարարություն է տարածում։ Խայտառակությունը հիշեցնեմ՝ Աշոտ Մինասյանին մեղադրում էր, թե փորձել է իշխանությունը յուրացնել և նախապատրաստում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը։ Նման մեղադրանք պաշտպանել է դատախազությունը՝ պնդելով, որ պետք է լինի կալանավորում։ Վճռաբեկ դատարանը գտել, որ նշված մեղադրանքի երկու կետերը՝ իշխանությունը յուրացնելը և վարչապետի սպանությունը նախապատրաստումը, հիմնավոր կասկածի նույնիսկ նվազագույն շեմը որևէ կերպ չեն հաղթահարում։ Ու փոխանակ ներողություն խնդրեն հանրությունից՝ նման կերպ մնոլորեցնելու և Աշոտ Մինասյանին նման քրեական հետապնդման ենթարկելու համար, փորձում են ինչ-որ հայտարարություն տարածել»։

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի որոշմանը, Արամ Վարդևանյանն ասաց․ «Խնդրում եմ չօգտագործել վճռաբեկ դատարան եզրույթը, պետք է օգտագործել ՀՀ վճռաբեկ դատախազություն, որովհետև վճռաբեկ դատարանը այլևս կամք չի ունեցել և ինչպես հասկանում ենք, այլևս անգամ կամք չունի հանդես գալու դատախազությունից անկախ դիրքից։ Քանի որ այն մասը, որ արձանագրել է, վերաբերում էր զենքին Աշոտ Մինասյանի իբրև առնչությանը։

Որովհետև Վճռաբեկ դատարանն ասում է՝ գիտե՞ք, եթե գործի նյութերը մի քիչ քիչ ուսումնասիրեք, կարող եք փորձել առնչություն տեսնել, բայց որ լայն եք ուսումնասիրեք, այդ առնչությունը չի երևում։ Բայց դե պետք չէ լայն նայել, պետք է նեղ նայել։ Այս մակարդակի գործընթացի մասին է խոսքը»։

Արամ Վարդևանյանը նշեց, որ ավելի մանրամասն կարող է թեմային անդրադառնալ Միհրան Պողոսյանը և պատիվ համարեց, որ իր գործընկերոջ հետ կարողացել է պաշտպանել Աշոտ Մինասյանի՝ լեգենդար հրամանատարի շահերը, ով անձամբ և որդիների հետ մասնակցել է վերջին ցավոտ պատերազմին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ