15 04 2016

Հայաստանում կառավարական ռեսուրսները օգտագործվում են ի նպաստ իշխող կուսակցության. զեկույց

Հայաստանում կառավարական ռեսուրսները օգտագործվում են ի նպաստ իշխող կուսակցության. զեկույց

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է 2015 թվականի մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցը: Հայաստանին վերաբերող բաժնում մի շարք ուշագրավ դիտարկումներ կան: Մասնավորապես նշվում է, որ մեր երկրի ամենամեծ խնդիրը իշխող ՀՀԿ կուսակցության աջակցության համար կառավարական ռեսուրսների օգտագործումն է:

Մյուս խնդիրների թվում են տնտեսական և քաղաքական լծակների օգտագործումը, իրավապահ և դատական համակարգում կոռուպցիան և դատավորների ոչ լիակատար անկախությունը:  Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, լրագրողները մատնանշել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ կրկնաքվեարկության դեպքեր, լցոնումներ, ընտրական հանձնաժողովների անդամների և դիտորդների ահաբեկման դեպքեր:

Մարդու իրավունքների ոտնահարումներին անդրադառնալով՝ զեկույցն առանձնացնում է հունվարի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահը: Գործով 4 կուրսանտներ էին ձերբակալվել: Իսկ մայիսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ կան շատ վկաներ, որոնք վախենում են ցուցմունք տալ:

Ոստիկանության քննչական մեկուսարանների հասարակական վերահսկման խմբի հայտարարության համաձայն՝ իրավապահները կալանքն օգտագործում են որպես պատժի ձև: Պաշտոնական տեղեկություններով՝ 2015 թվականին առաջին 10 ամսվա ընթացքում Ոստիկանությունը կալանավորվածների մոտ կեսին բաց է թողել առանց մեղադրանք ներկայացնելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ