18 08 2020

Վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

 

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության և ստացել բացասական գնահատական: Վերջինս պատահական ծանոթացել է 49-ամյա համաքաղաքացու հետ, ում հայտնել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու իր ցանկության մասին` նշելով, որ պատրաստվում է կրկին մասնակցել գործնական քննության: Համաքաղաքացին պատրաստակամություն է հայտնել օգնել երիտասարդին:

 2020թ. մայիսի 21-ին Իջևան քաղաքում 18-ամյա երիտասարդը մասնակցել է քննությանը և կրկին բացասական գնահատվել, որից հետո վերջինս պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ, 49-ամյա համաքաղաքացու դրդչությամբ վերջինիս տվել է գումար` ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական բաժանմունքի տեսուչին որպես կաշառք փոխանցելու և նրա կողմից քննության արդյունքը փոխելու և վարորդական իրավունքի վկայական տալու համար: 49-ամյա տղամարդը փորձել է գումարը տալ ոստիկանության տեսուչին, սակայն վերջինս չի վերցրել առաջարկված գումարը և հրաժարվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով երիտասարդի օգտին որևէ գործողություն կատարել:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (կաշառք տալուն դրդելու) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ (կաշառքի միջնորդության փորձ) հոդվածի 1-ին մասով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (կաշառք տալը) հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ