27 03 2020

Անազատության մեջ գտնվողների վերաբերյալ ևս պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի. Ռուբեն Մելիքյան

Անազատության մեջ գտնվողների վերաբերյալ ևս պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի. Ռուբեն Մելիքյան

Ստեղծված իրավիճակում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ ևս պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Խնդիրը վերաբերում է հետևյալին՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով շատ լուրջ սահմանափակումներ են նախատեսված անազատության մեջ պահվող անձանց  նկատմամբ, և այդ հարցը մի տեսակ երկրորդական է դարձել, որովհետև կարծես թե բազմաթիվ այլ առաջնահերություններ կան: Բայց մենք չպետք է մոռանանք նաև այդ մարդկանց, որովհետև փաստացի նրանք մի շարք լրջագույն իրավուքններից են զրկվել: Եթե մենք փորձում ենք հատկապես միջդատական վարույթով անազատության մեջ պահվող անձանց մասով հարցը քննարկել, ապա տեսնում ենք, որ այս նոր հանգամանքն էապես փոխում է իրավաչափ շահերի հավասարակշռությունը, այսինքն՝ էապես մեծացնում է ազատության  կանխավարկածի նշանակությունը։ Եվ ամենևին պատահական չէ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այս տրամաբանությամբ փաստաթուղթ է հրապարակել օրեր առաջ՝ փորձելով սկսել իրավական չափորոշիչների մշակումը անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ՝ պետության վարվեցողության տեսանկյունից»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Վերոնշյալի վերաբերյալ, ինչպես նշեց իրավապաշտպանը, արդեն կա կալանքից ազատման առաջին դեպքը. «Մի քանի օր առաջ արդեն իսկ շատ ուրախալի է, որ գործերից մեկով դատարանն իմ կողմից նշված խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի փաստաթղթին հղում կատարելով՝ միջդատական կալանքից ազատել է կալանքի տակ պահվող անձին»:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որ այս հանգամանքը տարածվի նաև մյուսների վրա, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Կարծում եմ, որ դա պետք է թողնել ոչ թե պաշտպանների հայեցողությանը, այլ հենց դատախազությունն ինքը պետք է ոչ միայն միջնորդություններ հարուցի, այլ նաև միջդատական վարույթում գտնվող գործերով որոշումներ կայացնի անձանց ազատ արձակելու վերաբերյալ: Մենք գիտենք, որ եթե միջդատական վարույթում անձին կալանավորելու  որոշում կայացնելու բացառիկ իրավունքը դատարանինն է, անձին ազատ արձակելու բառառիկ իրավունքը դատարանինը չէ, և նույն դատախազն ու քննիչը կարող են սեփական որոշմամբ անձանց ազատ արձակել: Ես այն կարծիքին եմ, որ հենց առաջին հերթին դատախազությունը պետք է այստեղ միջոցներ ձեռնարկի անձանց ազատ արձակելու ուղղությամբ, դա կարող է լինել ինչ-որ չափանիշների մշակում և այլն, ամեն դեպքում այստեղ վստահաբար անելիք կա»:

Ռուբեն Մելիքյանը նաև ընդգծեց՝ պետք է չմոռանանք, որ գործ ունենք իսկապես լուրջ մարտահրավերի հետ և ինչպես ցանկացած այլ հարց, այնպես էլ արդար դատաքննության իրավունքը պետք է դիտարկել այս համատեքստում. «Այսինքն, իրավաչափ շահերի հավասարակշռությունը գնահատելիս պետք է հաշվի առնենք, որ պետությունը ողջամտորեն իրավուքն ունի նույն դատավարությունները հետաձգելու որոշակի ժամկետով:

Միաժամանակ, պետք է չմոռանանք, որ այդ հետաձգման ժամկետն ամեն օրը ցանկացած անազատության մեջ պահվող անձի (խոսքը վերաբերում է միջդատական վարույթում անազատության մեջ պահվող անձին) ազատության կանխավարկածի կշիռը մեծացնում է, որովհետև միջդատական կալանքի տակ գտնվող ցանկացած անձի տեսանկյունից յուրաքանյչյուր օր պետք է գնահատել հավասարակշռությունը՝ արդյոք նրան անազատության մեջ պահելու իրավաչափ շահը գերակշռո՞ւմ է նրան ազատությունը վերադարձնելու իրավաչափ շահին: Երկորդի պարագայում ավելանում է նաև այն, որ պահման պայամնները լրջորեն խստացել են և այլ պայամններում, եթե չլիներ այս արտակարգ դրությունը, դա նույնիսկ ուղիղ ձևով կդիտվեր որպես խոշտանգում»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ