15 05 2019

Հայկ Ալումյանը ներկայացրեց դրվագներ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից

Հայկ Ալումյանը ներկայացրեց դրվագներ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմանվոր լինելու կամ չլինելու հարցի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հատվածներ հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։ Ըստ Քոչարյանի պաշտապնների՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմում է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։

Նրա խոսքով՝ այդ խորհրդակցությանը մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարարության,ԱԱԾ–ի, ոստիկանության և մյուս ուժային կառույցների ղեկավարները և առանձին ստորաբաժանումների ղեկավարներ։

«Եթե չեմ սխալվում, մինչև ՊՆ ստորաբաժանումների դահլիճ մտնելը, նախագահը առանձին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության և ԱԱԾ ղեկավերների հետ, այնուհետ ներս է մտել ՊՆ ղեկավար կազմը, այդ թվում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև վարչապետ, նախագահի հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը։

Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, բառացի դժվար թե կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն առանձին գծերով կներկայացնեմ»,–իր ցուցմունքում նշել է Կարապետյանը։ Վերջինիս պատմածով՝ խորհրդակցությանը խոսք է գնացել Պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի՝ ընդդիմությանը միանալու մասին։

«Խոսք գնաց Մանվել Գրիգորյանի և ԵԿՄ անդամների զինվածության մասին, խոսեցին, որ դա իրենից վտանգ է ներկայացնում։ Քննարկումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը Միքայել Հարությունյանին հարց ուղղեցին, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը։ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել վարքագծով ոտքի կանգնեց, պատասխանեց, որ տեղյակ չէ, ինչից հետո նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում»,–Կարապետյանի ցուցմունքից հատված մեջբերեց փաստաբանը։

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայտարարում է արտակարգ դրություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ