Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց մինչև հունվարի 16-ը, առավոտյան 11-ը։ Այս մասին լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանները պնդել են, որ նախ քննվի իրենց ներկայացրած՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը, քանի որ այն ավելի շուտ է ներկայացվել։ Դատարանը, սակայն, քննել է կալանքը երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը։
Ներկայացվել են քննիչի փաստարկները, դատախազության գնահատականը, այնուհետև՝ փաստաբանների հակափաստարկները։ Սակայն փաստաբաններն առարկություններն ամբողջությամբ դեռ չեն ներկայացրել։
Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաթղթեր և տեսանյութեր պետք է ներկայացնեն դատարանին։
«Մեղադրող կողմը մեղադրանքը կառուցել է այն փաստարկի վրա, թե հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ և անզեն։ Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի՝ արդյո՞ք այդ հանրահավաքները եղել են խաղաղ և անզեն։ Հատկապես մարտի 1-ի հանրահավաքը չի եղել խաղաղ և անզեն»,- ասաց Հայկ Ալումյանը։ Տեսանյութից, նրա խոսքով, երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով անձ կրակում ոստիկանների ուղղությամբ։
Փաստաբանն ասաց, որ դատարանին հարց է ուղղվել՝ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ եղել է ազատության մեջ, երբևէ փորձե՞լ է խոչընդոտել քննությանը։ Պատասխան է հնչել, որ ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը