24 04 2015

Տարբեր երկրների փաստաբաններ Հայաստանում քննարկում են Ցեղասպանության իրավական հետևանքները

Տարբեր երկրների փաստաբաններ Հայաստանում քննարկում են Ցեղասպանության իրավական հետևանքները

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի,  ինչպես նաև  փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ:

«Այսօր մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Հայաստան՝ քննարկելու Ցեղասպանության իրավական հետևանքները: Մենք փորձում ենք նաև այս միջոցով օտարերկրյա փաստաբաններին ներկայացնել մեր խնդիրները, փորձել նրանց միջոցով հասնել Ցեղասպանության միջազգային և վերջնական ճանաչմանը»,- ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ըստ պալատի մամուլի ծառայության հաղորդագրության, Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը խոսել է Ցեղասպանության խնդրով իր մտահոգության մասին: «Կարծում եմ, որ իրավական գնահատականը այս հարցի շուրջ շատ կարևոր է և կարևոր է, որ հարցի բարձրացումը և ներկայացումը հենց իրավական կողմով լինի, ուստի և այս դաշտում է և շատ կարևոր է կապը նաև պատմության հետ»

Միջոցառման ընթացքում Ցեղասպանության պատմաիրավական հիմքերի մասին խոսել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը. «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց Ցեղասպանությունը 100 տարի անց»  զեկույցով: Բացի բարոյական պահանջատիրությունից ներկայացվել է նաև խնդրի իրավական կողմը: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթեը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում»: 

Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ խոսել է  Հայոց Ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի ու մեխանիզմների մասին և մասնավորապես նշել տարբեր երկրների հետ համագործակցելու, միջոցներ ձեռնարկելու և իրավական նորմեր ընդունելու խնդիրները: Օրինակներ են բերվել բազմակողմ միջազգային պայմանագրերից, իրավական պրակտիայից ինչպես նաև նշվեց պատմական իրադարձությունների արդյունքում ընդունված տարբեր փաստաթղթերի մասին:

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ