18 08 2018

Հնչեցին սպառնալիքներ` ընդ որում առանց թաքցնելու. Հայկ Ալումյանը վարչապետի ելույթի մասին. Yerkir.am

Հնչեցին սպառնալիքներ` ընդ որում առանց թաքցնելու. Հայկ Ալումյանը վարչապետի ելույթի մասին. Yerkir.am

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում արված հայտարարությունները սպառնալիք էին` ուղղված դատական համակարգին և առհասարակ ազատ խոսք արտահայտողներին: Այս մասին նա հայտնել է Yerkir.am-ի հետ զրույցում:

«Հնչեցին սպառնալիքներ` ընդ որում առանց թաքցնելու: Որպես իրավաբան կարող եմ ասել, որ մեր ոլորտը նման մոտեցումների դեպքում կարող է շատ ավելի վատ վիճակում հայտնվել, քան մինչ այդ էր: Ինձ թվում էր, թե հնարավոր չէ ավելի վատ վիճակ, քան ունեինք 100 օր առաջ, սակայն պարզվում է` ավելի վատ էլ կարող է լինել»,-ասել է նա:

Հարցին, թե արդյո՞ք կիսում է վարչապետի այն հայտարարությունը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, Հայկ Ալումյանը պատասխանել է.

«Ես չգիտեմ, թե ինչ ծավալով է բացահայտված Մարտի 1-ի գործը, արդյոք 10 զոհերի սպանության պատճառները, սպանողները և սպանության հրահանգ տվողները և զինողները պարզված ու բացահայտված են, և եթե ոչ, ինչպե՞ս կարելի է ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, լավ կլիներ` վարչապետի անունից պաշտոնական տեսակետ ասելու իրավուքն ունեցող որևէ մեկը մեզ համար պարզաբաներ, թե ինչպե՞ս է այն բացայահտված»:

Ալումյանի խոսքով` Փաշինյանի ելույթում հատվածներ կային, որտեղ նա վերապահումով էր մոտենում ազատ խոսքի իրավունքին:

«Վարչապետն իր ելույթում ազատ խոսքի իրավունքը վերապահեց ոչ բոլորին, այլ միայն նրանց, ովքեր իր կարծիքով մտածել սովորելուց հետո կարող են ազատ խոսք արտահայտել: Այսինքն մեզ մոտ ազատ խոսքի իրավունքը կապվում է ոչ թե Սահմանադրությամբ մարդուն տրված իրավունքից, այլ նրա հետ, թե արդյոք տվյալ մարդն արդեն համարում է, որ ինքը մտածել սովորել է»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ