21 11 2024

Նիկոլ Փաշինյանի դեմ հերթական հայցը՝ զրպարտության ու վիրավորանքի պատճառով



 

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի էր ունենում դատական նիստ՝ Բագրատ սրբազանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին:

Դատական նիստը նկարահանելու թույլտվություն չտրվեց։ Նիստի ժամանակ պատասխանողի, այսինքն՝ Փաշինյանի ներկայացուցիչը նշել է հայցի վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքը։

Դատական նիստից հետո Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ճեպազրույցում ասաց․ «Թեև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է քաղաքացիական դատավարությունում իր իրավունքները պաշտպանելու գործիքից օգտվել, բայց հաշվի առնելով կոնկրետ պատասխանողի անձը, նրա զբաղեցրած հանրային դիրքը և բարձր պաշտոնը, ամեն դեպքում ակնկալիք ունենք, որ վերջինս չի խուսափի իր խոսքերի համար պատասխան տալու հնարավորությունից։ Թեև այդ հանձին բնորոշ է, մեր հանրությանը քաջ հայտնի է իր՝ խոսքերը խեղաթյուրելու, փոխելու, ակնհայտ սուտ խոսելու դիրքորոշումներ, բայց սա ևս մեկ հնարավորույթուն է իր դիրքորոշումը պաշտպանելու, եթե գտնում է, որ իր ասածները իրականությանը համապատասխան են, կարող դատարանում համախատասխան պաշտպանություն գտնել։ Պատասխանողի վարքագծին բնորոշ է վիրավորական պնդումներ կատարել, որոնց համար երբեմն կանչվում է պատասխանատվության, երբեմն չի կանչվում»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է․ «Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ, դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։

Դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Բագրատ սրբազանը արքեպիսկոպոս է, այնինչ Փաշինյանն ասել է եպիսկոպոս։

Նշեք, որ անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանի դեմ մի շարք հայցեր են ներկայացվել զրպարտության ու վիրավորանքի հատկանիշներով։ Դրանցից մեկով քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն էր պահանջում ներողություն խնդրել զրպարտության համար, այդ ժամանակ ևս Փաշինյանի փաստաբանը նշել էր, որ վաղեմության ժամկետն անցել է։

Հովհաննես Խուդոյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ