04 08 2017

Հ. Շ.-ի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի՝ 23.75 գրամ թմրանյութ

Հ. Շ.-ի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի՝ 23.75 գրամ թմրանյութ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհի Հ. Շ.-ի անձնական զննությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է ներարկիչ` լցված սև գույնի հեղուկով: Համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության` ներարկիչում եղած 23.75 գրամ հեղուկը տնայնագործական եղանակով պատրաստված առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ