11 11 2022

Պետական գերատեսչություններում ապօրինի աշխատանքից ազատումների դեպքերը շատացել են. Մարատ Ատովմյան



Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ամենաարդիական թեմաներից է մեր երկրի համար, որովհետև, ցավոք, սրտի շատ են լինում աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը՝ թե' մասնավոր ոլորտում, թե' պետական կառավարման համակարգում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը՝ անդրադառնալով պետական գերատեսչություններում աշխատանքից ապօրինի ազատումների դեպքերին:

«Մենք մի շարք գործեր ենք ունեցել և հիմա ունենք, որոնք գտնվում են տարբեր դատարանների վարույթներում՝ կապված հանրային ծառայողների աշխատանքային իրավունքների ոտնահարման հետ:

Մենք ունեցել ենք շրջակա միջավայրի նախարարության հետ կապված չորս հայց, որոնք բոլորն  էլ տարբեր դատարաններ բավարարել են, ունեցել ենք դեպք, երբ կրթության և գիտության  նախարարության հետ կապված հայց ենք ներկայացրել, և հայցը ներկայացնելուն պես նախարարի հրամանով աշխատակիցը վերականգնվել է իր աշխատանքում: Ունենք շահած գործ Երևանի քաղաքապետարանի դեմ, որը բողոքարկվել է քաղաքապետարանի կողմից: Ունենք նաև ԱԺ աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի հետ կապված գործեր, որոնք գտնվում են դատարաններում»:

Փաստաբանը նաև ընդգծում է, որ ոչ միայն այս հարցով, այլ առհասարակ, բոլոր առումներով մարդու իրավունքների խախատումներն անընդունելի են.

«Եթե մասնավոր ոլորտում կարող ես պատճառաբանել, որ գործատու է, կարող է տեղյակ չէ աշխատանքային օրենսդրությունից, բայց երբ դա պետական կառավարման համակարգում է, արդեն խոսում է ընդհանուր կառավարման համակարգում առկա համակարգային խնդիրների մասին»:

Ինչ վերաբերում է սխալ կառավարման համակարգի հետևանքով պետության կրած վնասին, Մարատ Ատովմյանը նշում է.

 «Պետությունը բավականին վնաս է կրում ֆինանսապես, որովհետև այս պարագայում քանի որ մեր դատարանները գերծանրաբեռնված են, բավականին երկար են տևում գործերը, և այստեղ հաշվիչը պտտվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ