04 08 2022

Աղվան Հովսեփյանի գործը կշարունակի քննել Մնացական Մարիտիրոսյանը

Աղվան Հովսեփյանի գործը կշարունակի քննել Մնացական Մարիտիրոսյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին մերժեց ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Մնացական Մարտիրոսյանը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, շեշտելով, որ Մնացական Մարտիրոսյանն օբյեկտիվ կերպով չի քննում գործը, ինչպես նաեւ հաշվի չի առնում Աղվան Հովսեփյանի առողջական ծանր վիճակը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պայմաններում դատարանը պարտավոր է անհապաղ դատական նիստ հրավիրել եւ փոխել նրա խափանման միջոցի հարցը. «Մնացական Մարտիրոսյանը ընտրեց խուսափելու մեթոդը, իբր թե նոր հանգամանք չենք ասել։ Այս աբսուրդների մակարդակը, որ պարոն Մարտիրոսյանը անում է եւ փորձում է փաթաթել հասարակության վզին, իրավաբանական մեթոդներ է կարդում, ուզում է տպավորություն թողնել, թե իբր օրինական որոշում կայացրեց»։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետեւանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչեւ 31 եւ ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության եւ կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ