27 06 2020

Սոցապ-Փաբ համագործակցության թունավոր հետևանքը



Հունիսի 22-ին Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում (կարգավիճակը հստակեցնել Զարուհի Բաթոյանից) մասսայական թունավորման դեպք է գրանցվել, ըստ նախնական տվյալների՝ Երևանից պատվիրված սննդի պատճառով: Սննդի առաքումն արվել է Երևանի Պուշկինի 40 հասցեում գործող «էպիկուր» գաստրո-փաբից: Ըստ ունեցած տվյալների, այս զվարճանքի կենտրոնի հետ է նախարարությունը կնքել սննդի մատակակարման պայմանագիր, ըստ որում՝ խիստ յուրահատուկ պայմաններով։ Բայց այս մասին՝ հետո:

«էպիկուր» գաստրո-փաբը

Ընդգծենք, սա այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով ստեղծվել է, որ սպասարկի ծերատան՝ կորոնայից բուժված շահառուներին: 

Ավելի վաղ Yerevan.Today-ը տեղեկացրել էր՝ Կառավարությունն արհեստական մոտիվացիայով Սոցապ նախարարությանը հատկացրել է Աղավնաձորի համալսարականական պանսիոնատը և հետն էլ՝ 150 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:  Այդ մտահաղացումը կյանքի կոչելու համար, անմիջապես կանչվել է Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և նրան զուգահեռաբար երկրորդ տնօրենի կարգավիճակն է տրվել՝ պանսիոնատում բացված ծերատուն-մեկուսարանի համակարգող ղեկավար: 

Գրել էինք նաև պանսիոնատի գործարկման համար զավեշտալի գործարքների մասին, օրինակ՝ թե ինչպես է սոցապնախարարը տարբեր ընկերությունների հետ հապճեպ պայմանագրեր կնքել՝ ուղիղ մեկ անձից գնումով և առանց  սպասելու նախագծի հաստատմանը: Եվ այս ոչ իրավաչափ գործողությանը ուշադրություն չէր դարձվել ՀՀ ֆինաննսերի նախարարության ու Կառավարության կողմից, բայց այս մասին՝ վերջում: 

 

Աղավնաձորի պանսիոնատը

Սոցապնախարարություն-փաբ գործընկերային կապը և դրա թունավոր հետևանքները

Ավելի վաղ գրել էինք Պանսիոնատի շահառուներին Երևանի ռեստորանային ուտելիքով սնելու, մեղմ ասած, ոչ ընկալելի պետական մոտեցման մասին։ Որոշման հիմքերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, հատնի է միայն ծառայության մատուցման էքսցենտրիկ մասը:

Այսպես, «Էպիկուրի» մեքենան ամեն առավոտ  50 կմ-ից ավելի ճանապարհ է կտրում-հասնում Աղավնաձոր, որ շահառուներին ձու, թթվասեր ու թեյախոտ առաքի, ջուրը եռացվում է տեղում։ Հետո առաքիչը վերադառնում է մայրաքաղաք։ Կեսօրին շիլան ու կարտոֆիլի խյուսն  է եփվում, ապա նորից տաք սննդով բեռնված առաքիչ մեքենան ուղևորվում է Աղավնաձոր, դատարկում ու կրկին ետ է գալիս։ Երրորդ անգամ նույն՝ ավելի քան 50 կիլոմետր ճանապարհը «Էպիկուրի» անձնակազմը հոգնատանջ կտրում-անցնում է, որ մեր ծերերը ռեստորանային կամ փաբային ընթրիքը վայելեն:

Մատակարարվող սնունդը

Եթե միայն հաշվարկենք մեզ հասած տվյալներով այս ծախսի ընդհանուր արժեքը՝ մեկ օրվա համար, ապա հիմք պետք է վերցնենք սննդի համար նախատեսված օրավարձը՝ 4000 դրամ (ըստ աղբյուրի), եռահարկ  պանսիոնատի 18 հոգանոց  սպասարկող անձնակազմը և այս ընթացքում 14-23 հոգանոց շահառուների խումբը (ավելին չի սպասարկվել):

Արդյունքում կստացվի՝

18+14 x 4000 = 128000 դրամ (օրական) 

128,000 x 30 (1 ամիս) = 3 մլն 840 հազար դրամ

18+23 հոգնանոց կազմի դեպքում = 164,000 դրամ (օրական)

164 000 դրամ x 30 (1 ամիս) = 4 մլն 920 հազար դրամ

 

Գումարած դրան, ամեն օր, ըստ սոցապի հետ կնքած պայմանագրի, «ԷՊԻԿՈՒՐ»-ի սննդով բեռնված մեքենան 3 անգամ ավելի քան 50 կմ գնում-գալիս է, այսինքն՝ օրական ավելի քան 300 կմ, որովհետև նախարարությունը շահագրգռված է հենց «ԷՊԻԿՈՒՐ»-ին տալ տենդերը, չնայած նրան, որ նախկինում պետությանը մատակարարման փորձ չի ունեցել:

Այսպես, գործարքի հիմքում բացակայում է ըստ ընթացակարգի պարտադիր հաստատման ենթակա մենյուն, որում սնունդը կհաշվարկվի ըստ տեսականու և կալորիականության: Ստացվում է, որ հստակ չափորոշիչներով ու տեխբնութագրով հաստատված սննդակարգ չի կազմվել կողմերի միջև:

 

Թունավորման  եզրակացությունը   խոցելի է

Ահազանգից հետո մեր նկարահանող խումբը շտապեց Աղավնաձոր պարզվեց՝ թունավորման օրվա հաստատված մենյուն առկա չի եղել, սննդի պահանջվող մեկ լրացուցիչ բաժինը՝ ևս, որը պարադիր պետք է պահվեր նախորդ օրվանից: Կնշանակի՝ անհրաժեշտ  նմուշառուի պաշարը չի գտնվել։ Ասում են՝ չկար, բայց պետք է ուսումնասիրվեին թունավորման իրական պատճառները: Այս պայմաններում «Սննդի անվտանգության տեսչության» ու «Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» կողմից տրվելու է պաշտոնական եզրակացությունը։

Չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ թունավորման նախորդ օրվա սննդից նմուշառման կարիք չկար, թունավորման պատճառը, ասենք, 50 կմ ճանապարհ կտրած թթվասերի շոգից թթվելն է եղել: Մինչդեռ իրականում հունիսի 22-ի նախաճաշի թթվասերից առաջ՝ նախորդ օրվա ընթրիքը, եղել է քյուֆթա: Պանսիոնատի երկու բժիշկների ինքնազգացողությունը վատացել է հենց 22-ի առավոտյան, ենթադրաբար՝ ընթրիքից ժամեր հետո (այս մասին խոսվում է տեսնյութում): Որպես կանոն, հաստատություններում պարտավոր են 48-ից 72 ժամ, պահապանել տրված սննդից մեկ բաժին, նման դեպքերի համար։ Անհրաժեշտ պայման է նաև, մատակարարի դեպքում, հատուկ ջերմային ռեժիմ պահպանող մեքենա ունենալ, առաքման համար, ինչը ևս անհայտ է, եղել է թե ոչ։

Ընդգծենք, այս մարմիններից նմուշառումներ վերցնելու մասին ինֆորմացիան, ամեն դեպքում, խիստ հակասական է․ առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերցվել է անհրաժեշտ պաշար, մինչդեռ ՍԱՏՄ-ից կցկտուր հերքում են՝ ասելով, որ սննդի մնացորդներ չեն եղել։ Իսկ տնօրեն Հարություն Բալասանյանը Yerevan.Today-ին հայտնել է, որ նմուշառու վերցվել է բացառապես հունիսի 22 –ի նախաճաշից և թունավորումից տուժած անձնակազմից կենսաբանական նմուշառումներ։ Ընդգծենք՝ պաշտոնական եզրակացությունը ևս չկա:

Ինչպես երևում է տեսանյութից, ահազանգ շտապօգնություն, ոստիկանություն և ԱԻՆ չի արվել։ Դիմել են միայն ՍԱՏՄ և ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն։

Ծածկադմբոց արված թեման, ոստիկանություն ահազանգ չանելը ու մի շարք հակասություններ  հուշում են հնարավոր ներքին պայմանավորվածությունների մասին: Հիմնավոր կասկած կա, որ սոցապնախարարությում գործող անձինք մասնավոր շահի են ծառայել։ Ո՞ւմ․ հուսանք՝ կպարզենք:

 

Ինչո՞ւ է լռում թունավորման իրավիճակի թիվ 1 պատասխանատուն

Այսօր 6-րդ օրն է... Պանսիոնատում հետկորոնային սպասարկում ստացող ծերատան շահառուների և նրանց սպասարկող ողջ անձնակազմի թունավորման դեպքի մասին պաշոտանական ինֆորմացիա չկա: Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատու Սոցապնախարարությունը լուռ է, նույնիսկ հիմա, երբ ծերանոցի թունավորման ինֆորմացիոն արտահոսքը կա, ու մեծ աղմուկ է բարձրացել: Նախարար Բաթոյանին, որպես նախկին լրագրողի, խոսելու չդրդեց անգամ նախօրեի միջադեպը, որ ծագել էր թունավորման հետքերով «էպիկուր» հասած  հետաքննող լրագրողիս աշխատանքը  գործարարի կողմից  խոչընդոտելու արդյունքում:

ԸՆԴԳԾԵՆՔ՝Զարուհի Բաթոյանի գլխավորած նախարարությունը 6 օր շարունակ հարկ չի համարում թունավորմումից տուժածների վիճակի մասին գոնե ինֆորմացիա տարածել, բայց ծերատան շահառուները, ի վերջո իր պաշտպանության տակ են, նրանք ամենից անպաշտպան խավն են մեր երկրում, նրանց «տերը» սոցապնախարար Զարուհի Բաթոյանն է ի պաշտոնե, ու պետությունը՝ ի դեմս կառավարության:

Նկատենք, մինչ այս պահը լուռ են, նաև Սննդի անվտանգության տեսչությունն ու Առողջապահության նախարարությունը, իսկ ոստիկանությունում, պարզվում է, դեպքի առթիվ ընդանհրապես ահազանգ  չի արվել: 

Ձախից՝  սոցապնախարար Զարուհի Բաթոյան, ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյան, Արտավազդ Վանյան, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան   

Նշենք նաև, որ Պանսիոնատում Սոցապի շահառուների թունավորման դեպքը՝ ուշագրավ մանրամասներով հանրայնացրեց Yerevan.Today-ը, այն էլ՝ իր աղբյուրին հղում անելով: Բանն այն է, որ այդ օրը սոցապից մեր զանգերին պատասխանող չեղավ: Հիմա կտրուկ պայման է դրվել՝ թունավորման դեպքին ու պանսիոնատի գնումներին առնչվող հարցերն ուղղել բացառապես գրավոր, հետաքննող լրագրողի հետ դեմ առ դեմ այս թեմայի շուրջ պարզաբանում տալը կտրականապես մերժվում է։

Ի դեպ, տեղեկություն կա, որ թունավորման պատճառ դարձած սննդի մատակարաման տակ իրավական հիմքեր չկան կամ դրանք թերի են, այսինքն՝ գործն արվել է, բայց փաստաղթերն ամբողջական չեն կազմվել: Ենթադրվում է՝ իրավական հիմքերի թերի են, որովհետև նախարարությունն անհարկի շտապել էր շահագործել պանսիոնատը ու գնումներ անել՝ առանց սպասելու նախագծի հաստատմանը, կառավարության համապատասխան որոշում չկար: Այսպես՝ 2020, հունիսի 2-ին բանավոր խոսքի հիման վրա Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսանողական պանսիոնատը հատկացվել է Սոցապին, իսկ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 15-ին։

Մինչդեռ 12 օր առաջ՝ հունիսի 3-ից, այստեղ արդեն իսկ աշխատանքի է ընդունվել մի ամբողջ անձնակազմ երկուսը Երևանից առաքվող ուտելիքը դռան մոտից ներս բերող, տարաներն ու տոպրակները հավաքող, 3 բժիշկ, 3 բուժքույր, 4 դայակ, 4 մաքրուհի, վարորդ ու մեկ համակարգող տնօրեն: Պանսիոնատի սպասարկող անձնակազմի հետ կնքվել են քաղիրավական պայմանագրեր (հայտնի չէ՝ ով է հանդես եկել որպես պետության կողմ):  

Նոր ծերատուն՝պանսիոնատում. Ի՞նչ արժեր «գաղափարը»

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, որ կառավարությունում վարչապետ-Բաթոյան կարճ հանդիպումից հետո վարչապետը համաձայնել է մի նախագիծ ֆինանսավորել, որն այսօրվա սոցիալական ծանր պայմաններում պահուստային ֆոնդից պետք է «խլի» 150 մլն․ դրամ: Խոսքը հենց այս պանսիոնատի մասին էր․ ծերատուն-պանսիոնատ՝ հետկորոնային սպասարկման համար։ Պարզ ասած՝ որ  հիվանդանոցից դուրս գրվող ծերանոցի շահառուները կազդուրվեն այստեղ մի քանի օր ու մաիանգամից չվերադառնան տուն-ինտերնատ:

Սա, ի սկզբանե, եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանի գաղափարը, և ահա այս պարզունակ պատճառաբանությունը վարչապետը, ենթադրաբար, համարել է լրիվ հիմնավոր, անմիջապես բավարարել է տիկին Բաթոյանի պահանջը և ԿԳՄՍ-ին պատկանող Աղավնաձորի համալսարանական հյուրատունը՝ եռահարկ շենք՝ իր ողջ հարմարություններով, հատկացրել է Սոցապ նախարարությանը:  

Այսինքն՝ որոշվել է ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ՝ ՊԱՐԵՏԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ կորոնա-սպասարկող բոլոր  ՄԵԿՈՒՍԱՐԱՆԱՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ, և սա այն դեպքում, երբ սոցապնախարարությունը մինչ այդ արդեն իսկ ստեղծել էր ևս մեկ կարանտինային վայր իր միջոցների հաշվին։ Խոսքը Բյուրեղավանում լուծարված գիշերօթիկի մասին է, որն այդպես էլ  կիսադատարկ էր մնացել, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վարակակիր մի քանի մասնագետից բացի ոչ ոք այնտեղ ոտք չի դրել:

Որքանո՞վ էին իրավաչափ առանց նախագծի հաստատման ու առանց սպասելու կառավարության որոշմանը՝ Աղավնաձորի պանսիոնատի համար դուրս գրվող ծախսերը, ի՞նչ միջոցների հաշվին էին դրանք կատարվում, ո՞ր կառույցի հաշիվներից և որքանո՞վ էր նախարարությունն ապահովում գնումների գործընթացի մրցակցային լինելն ու թափանցիկությունը, այս հարցերի պատասխանները մինչ օրս չգիտենք: Աղբյուրից ստացված ու դեռևս չճշտված տեղեկության համաձայն՝ գնումների համար ծախսերի որոշ մասը փոխանցվել է Նորքի տուն-ինտերնատի հաշիվներից՝ անհայտ է նաև ինչ իրավական հիմքերով: Տվյալ ծերանոցի տնօրեն Արթուր Մելքոնյանը համառորեն խուսափում է պատասխանել Yerevan․Today-ի հարցերին։ Ասում են՝ որոշ փաստաթղթեր այդպես էլ չեն ստորագրվել:   

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը

Փոփոխություն՝ նախագծում

Աղավնաձորում պանիսոնատ ունենալու նախագիծը, ինչպես հետագայում պարզվեց՝ մինչ հաստատումը կրել է որոշակի փոփոխություն, ըստ որում՝ շատ տարօրինակ։ Այն է՝ ընդլայնել այստեղ սպասարկվելու իրավունք ունեցողների շրջանակը: Պաշտոնապես որոշման մեջ նշվում է՝

«Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղ» :  

 

Պանսիոնատը ծերատուն դարձնելու պաշտոնական որոշումը․

Կարելի է ենթադրել՝ նվազ քանակի շահառուներ ունենալու և այդ պատճառով աղմուկից խուսափելու համար հետագայում է միայն որոշվել՝ խմբագրել նախագիծը և ընդլայնել սպասարկումից օգտվողների շրջանակը․ սոցապի կողմից շահագործման շրջանում պանսիոնատը պետք է ունենա ծերանոցի մասնաճյուղի կարգավիճակ և սպասարկի առհասարակ ցանկացած խմբի տարեցներին և հաշմանդամություն ունեցող 18+ քաղաքացիներին։

Այդուհանդերձ, հարցերի հարցն է մնում՝ ի՞նչ ժամկետների համար է նախատեսվել 156 մլն դրամը՝ նորաստեղծ պանսիոնատ-ծերատան ծախսերի համար, դրանց ո՞ր մասն է պետության պահուստային ֆոնդից, ո՞ր մասն է սոցապնախարարության՝ տարեկան հաստատված միջմնաժամկետ ծրագրերի հաշվին արվել ու ո՞ր մասն է, ի վերջո, միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվում:

Բայց այս գործարքի մանրամասները շատ ավելին են, որոնց պաշտոնական պատասխանները ստանալուն պես կհրապարակենք: Մինչ այդ՝ ընդգծենք, այսօր՝ հունիսի 26-ին, դեպքից 6 օր անց, վերջապես ոստիկանությունը գործի է անցել՝ YerevanToday-ի ահազանգի հետքերով: Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստում, ոստիկանությունը հաստատեց՝ մեր տեղեկատվությունը ճիշտ է, ՍԱՏՄ-ն էլ պաշտոնական եզրակացությունը կհրապարակի:

 

Մի ուշագրավ փաստ ևս.

«ԷՊԻԿՈՒՐ»-ը, պարզվում է, պանսիոնատի երկրորդ մատակարարն է՝ այս կարճ ժամանակահատվածում:

Պանիսոնատը որպես ծերատուն-մեկուսարան գործարկվել է 2020 հունիսի 4-ից: Շահառուներին սնունդ մատակարարած նախորդ ծառայություն մատուցող ընկերությունը երրորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվել է սպասարկել: Մեկ այլ աղբյուրի վստահեցմամբ՝ իրականում այդ ընկերության սեփականատիրոջը ասվել է՝ պետք է պայմանագիրը խզել սոցապի հետ: Պահանջող անձը եղել է բարձրաստիճան պաշտոնյա: 

Նույն օրը, առանց հիմքերի, առանց հիմնավոր փաստերի պետգնումներով գործընկեր դարձած X ընկերությանը «վտարել են» մատակարարների շարքից՝ բանավոր բողոքելով՝ իբր սննդի անալի լինելուց: Մատակարարը առաջարկել է գրավոր հիմքեր ներկայացնել՝ ինչի՞ց են դժգահում շահառուները, առաջարկել է մթերքը լաբորատոր ուսումանսիրության տանել։ Նախարարությունից հրաժարվել են և մատակարարի հետ կարճ են կապել՝ պետք է խզել պայմանագիրը:

Մինչդեռ սույն մատակարարը եղել է նախարարության գործընկեր կազմակերպություններից մեկը, և մեկ այլ ծերատանը առաքվող նրա սննդից երբևէ դժգոհություններ չեն եղել։ Հետևաբար, հենց այս առավելության հաշվին էր այս X մատակարարին Աղավնաձորի պանսիոնատի մատակարարումը բաժին հասել:

Ստացվում է՝ առանց սպառիչ պարզաբանման կամ առիթի, խզվել է հիմնական գործընկերոջ հետ պայմանագիրը։ Այս ամենից հետո Պետությունը միանգամից պայմանագիր է կնքում արդեն մեզ հայտնի «Էպիկուր» երևանյան ընկերության հետ, մատակարարումները ապահովելու նպատակով։ Դժբախտաբար, մատակարարման տանսներորդ օրը գրանցվում է՝ «ԷՊԻԿՈՒՐ»-ի մատակարարած սննդից թունավորման դեպքը: Հարց է առաջանում, ինչու՞ խզվեց պայմանագիրը, մեկ ընկերության հետ, ինչու՞ տրվեց հենց այդ մեկին։

Տասնյակ անպատասխան հարցեր

  1. Ո՞վ է «ԷՊԻԿՈՒՐ»-ի սեփականատերը(երը) իշխանական անձերի հետ փոխկապակցված թելերի առումով, ինչպե՞ս նա հայտնվեց պետգնումների ոլորտում։
  2. Ի ՞նչ հանգամանքներում է «Էպիկուր»-ի սեփականատերը տեղեկացել սոցապի հապճեպ նախաձեռնած ծերատուն-պանսիոնատի գործարկման և այնտեղ պահվող տարեց շահառուներին սպասարկվող սննդի կարիքի մասին:
  3. Ի՞նչ հանգամաներում և ո՞ւմ միջոցով է «Էպիկուր»-ի սեփականատերը տեղեկացվել նախորդ մատակարարի հետ խզվող պայմանագրի մասին:
  4. Արդյո՞ք նախարարությունը սննդի մատակարարման գնման գործընթացում ապահովել է մրցակցային պայմաններ՝ այլ ընկերությունների համար:
  5. Քանի՞ հայտ է ներկայացվել պանսիոնատի սննդի մատակարարման ծառայությունների մատուցման համար, եթե այդպիսիք կան:
  6. Եթե եղել են, քանի՞ ընկերության գնառաջարկ է արվել մինչ այդ, այսինքն՝ X ընկերության հետ պայմանագիրը կնքելուց առաջ և վերջինիս հետ խղզելուց հետո, երբ Էպիկուրի հետ էր նույն պայմանագիրը կնքվում:
  7. Ինչո՞ւ է ընտրվել հենց «էպիկուր»-ը, ի՞նչ առավելություններով:
  8. Արդյո՞ք առկա է նախահաշվային նկարագրումը, որով ըստ տեսականու և որակական բնութագրումների կազմվել և հաստատվել է ճաշացանկը:
  9. Որքա՞ն է հաշվվում 1 անձի համար «էպիկուրյան» սնունդը, գումարած օրական երեք անգամ՝ 300 կմ առաքման ծախսը:
  10. Ինչո՞ւ մինչ օրս պանսիոնատին չի հանձնվել հաստատված ճաշացանկը, եթե առկա է:
  11. Որքա՞ն է կազմում տենդերի ամբողջ գումարը:
  12. Ինչո՞ւ մակնշված չէ ամեն օր Աղավնաձոր առաքվող սնունդը:
  13. Ինչո՞ւ առկա չէ առաքվող սննդի ընդունման-բաց թողնման ստորագրման համար պահանջվող փատաթուղթը:
  14. Ո՞վ է վերահսկում առաքվող սննդի որակը, քանակը և ի՞նչ պարբերականությամբ, ի՞չ գործիքներով:
  15. Ի վերջո՝ արդյո՞ք սնունդը և պատրաստվող մթերքը հատուկ է գնվում՝ տենդեռի պայմանները բավարարելու համար:

 

Տվյալներ՝ «Էպիկուր»-ի մասին

Միջադեպ նկարահանող խմբի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց

Այս և մի շարք խիստ էական հարցադրումներ օդում են մնացել, քանի որ դրանց պատասախանների հետքերով նախօրեին անսպասելի այցելեցինք Երևանի Պուշկինի 40 հասցե, և «Էպիկուր»-ի սեփականատերերը, փոխանակ պատասխանեին բարձրացված հարցերին, միջադեպ հրահրեցին: Այստեղ մեզ դիմավորեցին այն նախատրամադրվածությամբ, որ կեղծ ինֆորմացիա ենք տեղադրել ու սպառնացին, թե լրատվամիջոցն ու լրագրողը պիտի պատժվեն:

Շատ տգեղ տեսարան սարքելով ու հարայհրոցով, կենֆիլկտ հրահրելով, փորձեցին բուն թեմայից շեղել, որ խոհանոց չմտնենք և չնկարահանենք պետության հետ գործարք արած ընկերության մթերքն ու սանիտարական պայմանաները: Ավելին, միջադեպ հրահրած փաբի երեք սեփականատերերը՝ Տիգրան Գասպարյան, Գոռ և Արթուր Թադևոսյանները մեր նկարահանող խմբին գոռգոռոցներով ու սպառնալիքներով, անվայելուչ արտահայտություններով դուրս հանեցին տարածքից, որի իրավունքը չունեյին: Այս մասին հեղինակս տվել եմ հաղորդում, որպեսզի ՀՀ ՄԻՊ-ը, Հայստանում գործող միջազգային կազմակերպություներն ու լրագրողական կազմակերպությունները գնահատական տան լրագրողական գործունեությունը խոչընդոտած, հանրության հետաքրքրող, այս դեպքում՝ տարեցների սննդի մատակարար դարձած, պետության հետ գործարք արած և ենթադրվում է, որ 2 տասնյակից ավելի մարդու թունավորման պատճառ դարձած երիտասարդ գործարարների վարքագծին:

 

Ձախից՝ Գոռ և Արթուր Թադևոսյանները, Տիգրան Գասպարյանը 

Այդպես էլ հասկանալի չեղավ՝ ինչու պանսիոնատի սնունդը չի պատրաստվում տեղում՝ մանավանդ, որ տվյալ ուսանողական պանսիոնատն ունի խոհանոց, ճաշարան և բավարար պայմաններ, մանավանդ, որ աշխատանքի է ընդունվել  երկու երիտասարդ՝ զուտ պանսիոնատի սենյակներ սնունդը մտցնելու և տարաները հավաքելու համար:

Պետության  հոգածությամբ  ապրող  տարեցները  թունավորումը  ծածկադմբոց է արվել

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը Աղավնաձորի պանսիոնատի թունավորման օրը, այդ մասին ահազանգ չի ստացել, թեև նույն օրը՝ հունիսի 22-ին, դեպքի վայրում 4-5 ժամ աշխատել են սննդի անվտանգության տեսչության ու առողջապահության նախարարության մասնագետները: Yerevan.Today-ին հայտնեցին, որ մասնագետները դեպքի վայր են շտապել պանսիոնատի աշխատանքները համակարգող Հարություն Բալասանյանի ահազանգով:

Հարություն Բալասանյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մանկատան տնօրենն է: Մինչ այդ՝ Հայստանում  պանդեմիայի բռնկման օրերին դիմել էր նախարարություն, որ իրեն՝ որպես բժիշկ ինֆեկցիոնիստի, թույլ տան կամավորագրվել համավարակի դեմ պայքարի հիվանդանոցային աշխատանքներում: Փոխարենը նախարար Զարուհի Բաթոյանը նրան գործուղել է Աղավնաձոր:

Հայցում ենք ընթերողների ներողամտությունը, որ նույնիսկ 3 օր հրապարակումը ուշացնելու պարագայում, միևնույնն է` պետական մարմինները այդպես էլ չտրամադրեցին, այս ողջ պատմության տվյալների պարզաբանումները, որպիսզի հասարակությունը տեղեկանա, թե ինչ է իրականում տեղի ունենում։

Այս նյութը ներկայացնելով, չենք տվել գնահատականներ, այլ պատկան մարմինների ուշադրություննենք հրավիրում, ոչ միայն թունավորման հանգամանքներին, այլ նաև իրավական կարգավորումներին, գնումների ընթացակարգին, առանց օրենքի նախագծի և կառավարության որոշման ծախսեր և հատկացումներ անելու հանգամանքներին։

 

Տեսանյութում մեր այցելությունն է Աղավնաձորի պանսիոնատ, զրույց համակարգող Հարություն Բալասանյանի հետ, թունավորման դեպքին առնչվող գերատեսչական ներկայացուցիչների հակասական մեկնաբանությունները, և հատված «Էպիկուր»-ում միջադեպից։

Հետաքննությունը՝ Սյուզի Բադոյանի

Օպերատոր՝ Արտյոմ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ