11  04  2019

Ինչո՞ւ են «Սպայկա»-ին տանում սննկացման

Ինչո՞ւ են «Սպայկա»-ին տանում սննկացման

«Սպայկա»-ի շուրջ ձևավորվող իրադարձությունների նմանվում են դետեկտիվ ֆիլմի։ Վարչապետը գնում է «Սպայկա»-ի նորաբաց ձեռնարկություն, մի քանի օր հետո ընկերության տնօրենին մեղադրում են հարկեր չվճարելու մեջ, հետո նրան կալանավորում են, ընկերության աշխատակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում, ապա «ավել-պակաս»-ի համար ներողություն խնդրում «պարոն վարչապետից», սրան զուգահեռ «Սպայկան» հայտարարում է, որ գյուղացիներից մրգերի և բանջարեղենի մթերումը վտանգի տակ է դրվում և վերջում ավելի կոնկրետ հայտարարում, որ 80 գյուղում չի կարող մթերում իրականացնել։ Փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունենում այս ընկերության հետ և ի՞նչ վնասներ դա կարող է հասցնել Հայաստանի գյուղատնտեսությանը և ընդհանրապես ներդրումային միջավայրին։

Շատ ժամանակ չի անցել, երբ իշխանությունների հրահանգով ձերբակալվեց շինարարական բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Սամվել Մայրապետյանը։ Քաղաքական շարժառիթներով այդ ձերբակալությանը և դրան առնչվող իրադարձությունների մասին շատ է գրվել։ Պարզապես արձանագրենք փաստը, որ Սամվել Մայրապետյանը այլևս նոր ներդրումային ծրագրեր Հայաստանում չի իրականացնում և ըստ ամենայնի՝ դժվար թե իրականացնի, գոնե տեսանելի ապագայում։

Հիմա նույնը տեղի է ունենում «Սպայկայի» հիմնադիր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ։ Թե ի՞նչ նշանակություն ունի այս ընկերությունը Հայաստանից գյուղատնտեսական մթերք արտահանելու հետ, երևի հայտնի է բոլորին։ «Սպայկա»-ի մոտ 300 բեռնատար մեքենաները (ֆուռերը) ամեն տարի տասնյակ հազարավոր տոննաների միրգ ու բանջարեղեն են Հայաստանից արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը, որ եթե ընկերությունը չմթերի գյուղմթերքները, ապա դա սաբոտաժ է, պարզապես անհեթեթություն է։ Եթե մի ընկերության շրջանառու միջոցներից ցանկանում են միանգամից հանել 7 մլրդ դրամ, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է դառնալ 14 մլրդ, 25 մլրդ, 30 մլրդ դրամ, ապա ինչպե՞ս կարող է այդ ընկերությունը գյուղացիներից միրգ գնել և գումար տալ դրա դիմաց։ Ավելին, նման մոտեցումը տվյալ ընկերության նկատմամբ ոչ այլ ինչ է, քան ընկերությանը նպատակամղված հասցնել սննկացման։ Այս ամենն ուղեկցվում է քարոզչական ֆոնով արդեն ձանձրալի դարձած «թալանի», «կոռուպցիոն համակարգի», «սաբոտաժի» և նմանատիպ այլ արտահայտություններով։ Ինչո՞ւ է դա անում Նիկոլ Փաշինյանը։ Տարբերակները մի քանիս են։

Առաջին․ հավանաբար ցանկանում է, որ վերոնշյալ ընկերությունը «մուծվի» իր կնոջ ղեկավարած հիմնադրամներին, ինչպես նաև՝ իր ընտանիքի, իր գլխավորած կուսակցության ծախսերի համար։

Երկրորդ․ Նիկոլ Փաշինյանը հերթական շոուն է բեմադրում՝ ցույց տալու համար, թե պայքարում է «կոռուպցիայի» դեմ, բյուջե է լցնում և այլն։

Երրորդ․ ձերբակալելով Դավթի Ղազարյանին, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում այդ ընկերության հետևում տեսնել «50» տոկոսները կամ բիզնես կապերը նախկին իշխանության հետ։

Չորրորդ․ իր գործելաոճին հավատարիմ, սա հանրության մի խավի հաշվին մյուս խնդիրները լուծելու Նիկոլ Փաշինյանի հերթական փորձն է։ Դրա մասին է վկայում նրա հայտարարությունը, որ այդ 7 մլրդ դրամով կարելի է ուսուցիչների աշխարավարձերը 10 տոկոսով ավելացնել։

Հինգերորդ․ հավանական է, որ այս ընկերությանը սննկացնելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այլ ընկերության համար «ճամփա» բացել, և դրա առաջին նշաննները արդեն կան։ Խոսվում է նոր ընկերության շուկա մտնելու մասին։

Սակայն նա չի հաշվարկել, թե ի՞նչ կարող է առաջացնել «Սպայկայի» նման ընկերությանը սննկացնելը և շուկայից դուրս մղելը։

Հայտարարությունները, որ մենաշնորհային դիրքում գտնվող «Սպայկային» կարող են փոխարինել այլ ընկերություններ, անտեղյակության արդյունք են։ Հայաստանում չկա և տեսանելի հեռանկարում չի կարող լինել նման հնարավորություններ ունեցող այլ ընկերություն։ Եղած կամ նոր մուտք գործող ընկերությունների հնարավորությունները սահմանափակ են, և արտահանման ենթակա բերքը մեծ մասը կմնա չիրացված։ Դա ոչ թե դժգոհություն, այլ պայթյուն կառաջացնի գյուղացիների մոտ, քանի որ նրանք զրկվում են իրենց եկամտի աղբյուրից։ Եթե Նիկոլ Փաշինյանը սա հաշվարկել է, ապա թող անի իր «քայլը», ինչպես ինքն է սիրում ասել՝ «դուխով»։

Այնուհետև, ինչպես արդեն նշեցինք վերևում, սա ևս մեկ ուժգին հարված կլինի Հայաստանի ներդրումային միջավայրին։ Նիկոլ Փաշինյանի քայլերն այս ուղղությամբ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ նա համապատասխան ծրագիր է իրականացնում։ Կասեցվում է Երևանի ՋԷԿ-ի ներդրումային ծրագիրը, դադարեցվում Ամուլսարի ներդրումային ծրագիրը, փակվում Ալավերդու կոմբինատը, քանդվում սպասարկման օբյեկտներ մայրաքաղաքում, տասնապատիկ բարձրացվում են հարկեր և տուրքեր, ձերբակալվում արդեն հիշատակած շինարարական ընկերության սեփականատերը և ահա հիմա էլ «Սպայկան», որը 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր էր սկսելու և որն արդեն պանրի գործարան էր կառուցել և սկսել աշխատեցնել։ Սա թերևս հենց այն տնտեսական հեղափոխությունն է, որի մասին սիրում է խոսել վարչապետ դարձած մարդը՝ հեղափոխական տեմպերով քանդել տնտեսությունը։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ