08 04 2019

Դառնա՞լ «Դատավոր Հրաչ»․ ամեն մեկն ինքն է որոշում

Դառնա՞լ «Դատավոր Հրաչ»․ ամեն մեկն ինքն է որոշում

Իշխանափոխված կամ «նոր» Հայաստանի արդարադատության համակարգի, դիցուկ՝ դատական իշխանության մասին ինչ հայտարարություններ էլ արվեն, իրականությունը բոլորի աչքի առաջ է: Այդ իմաստով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը, ներառյալ նաև քաղաքացիական հայցերը, լակմուսի թղթի դեր են խաղում: Այսինքն, այդ գործերն ինդիկատորներ են, որոնցով կարելի է հետևություններ անել՝ բան փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել, կամ՝ շատ ավելի վատ է, քան նախկինում էր:

Գաղտնալսված ու հրապարակված նոր բացահայտումներ չկան, բայց անցյալ տարի մեծ աղմուկով պայթած սկանդալն էլ թերևս, լրիվ հերիք էր՝ դա հասկանալու համար: Դատավորների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարություններն էլ, թե «կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի» և այլն, այնքան են քննարկվել, որ անիմաստ է մի լրացուցիչ անգամ կրկնել:

Այս դեպքում հարցը կառավարության ղեկավարը, անվտանգության ծառայության տնօրենը կամ հատուկ քննչականի պետը չեն: Նրանք իրենց քաղաքական հարցերն ու վրեժներն են լուծում միգուցե, բայց դա իրենց խնդիրն է: Ու նաև հետագա պատասխանատվության իմաստով է իրենց խնդիրը:

Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը, կալանավորման կամ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գործերը լսող դատավորներն են հարցը: Շատ ենք լսել՝ «դե ի՞նչ անեն, իրենք ուրախ կլինեն որ իրենց ոչ ոք չզանգի, իրենք որոշեն, իրենք էլ հետո պատասխան տան»։ Իսկ նրանք իրականում ովքե՞ր են. Անկողմնակալ Ֆեմիդայի ծառանե՞րը, թե՞ գործադիր իշխանության ծառաներն ու շահերն սպասարկողները, ինչպիսին նրանց նկարագրում էին նրանք, ովքեր նաև այդ վիճակին վերջ տալու կոչերով ու դեկլարացիաներով եկան իշխանության:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» գործով ներկայացված մեղադրանքների հիման վրա կալանավորելու հարցը արդեն մի քանի անգամ անցել է տարբեր դատական ատյաններով: Ինչպես էր այն քննվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, հայտնի է ոչ միայն Հայաստանի հասարակույթանը, այլև միջազգային հանրությանը՝ սկանդալային գաղտնալսված հեռախոսազրույցների պատմությունից:

Ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ ճնշման տակ է եղել կամ չի եղել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը: Փաստը այն է, որ նրա նախագահությամբ այդ դատարանը վերացրեց նախորդ որոշումը, ինչը հիմք տվեց, որ դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվի (ուրիշ օր չէին կարող գտնել Աղետի գոտու վերականգնման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած նախկին նախագահին ազատությունից զրկելու համար): Հետագայում, որը այնքան էլ հեռու չէ, հավանաբար, կպարզվի՝ ճնշումներ եղել են կամ չեն եղել այդ գործով, այդ դատավորի վրա: Կայացված որոշումը շատ բան է ասում:

Նույն ձևով՝ պայծառատես պետք չէ լինել, հասկանալու համար, որ ճնշումներ կարող էին լինել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վրա, որը որոշել էր՝ նախագահն անձեռնամխելի է և ազատ էր արձակել: Բայց փաստը նաև այն է, որ 2018-ի օգոստոսոսի 23-ին նշված դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչն այն ժամանակ հիմք տվեց, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվի, փաստորեն, մինչև դեկտեմբերի 7-ը:

Դեկտեմբերի 7-ից հետո ու մինչև օրս էլ նույն գործով ու նույն հարցերով տարբեր դատական նիստեր են եղել: Այլ դատավորներ էլ են կանգնել ու դեռ էլի կկանգնեն այս փորձության առաջ: Ու հիմնական հարցն այն է, թե ով իրեն կդրսևորի որպես իրական դատավոր, ով կկարողանա այնքան համարձակ ու իրապես անկախ և անկողմնակալ դրսևորել, որ միմիայն օրենքի տառի վրա հիմնվի և ոչինչ ավելին, ու այդ հիմքով որոշում ընդունի կամ վճիռ կայացնի:

Քանի դատավոր կլինի, որ իրեն կպահի գաղտնալսված հեռախոսազրույցներում հիշատակված «դատավոր Հրաչի» նման, որ չոքերը թուլացած ու լեղապատառ զանգել էր զեկուցելու համար, թե գործը ջուրա, և որը ցուցում էր ստացել՝ ուզես-չուզես, պիտի կալանավորես:

Սա մի հարց է, որ ամեն դատավոր ինքն իրեն պետք է տա: Նրանք կանգնած են մի դիլեմայի առաջ։ Իրենք պետք է որոշեն. կատարել այսօրվա իշխանության քաղաքական կապրիզնե՞րը, թե՞ օրենքի պահանջներն ու իրենց մասնագիտական ու մարդկային խղճին դեմ չգնան: Կատարե՞լ այսօրվա իշխանության պահանջները, և դառնալ «դատավոր Հրաչ», թե՞՝ ոչ: Սա է խնդիրը։

 

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ