20 03 2019

Ճորտերը

Ճորտերը

Գյուղապետերի հրաժարականի պահանջով Հայաստանի մի շարք համայնքներում բողոքի ցույցեր են պարբերաբար լինում։ Գյուղացիները կամ տեղում են բողոքում կամ հասնում են կառավարություն։ Վերջին 10 ամսվա կառավարությունը սովորաբար աջակցում է ցուցարարներին, և գյուղապետերը հրաժարական են տալիս։ Կամ անձամբ պարտադրում է սուրհանդակ-պաշտոնյաների միջոցով, ինչպես եղավ Ուրցաձորում կամ քրգործ է հարուցում գյուղապետի նկատմամբ, և ի վերջո՝ դարձյալ հեռանում է, ինչպես եղավ Արշալույսում։

Բնական գործընթաց է հեղափոխական տրամաբանությամբ ապրող երկրի համար։ Ամենաանբնականը գյուղացիների պահվածքն է։

Բողոքի ցույց են նում ու հայտարարում՝ մեր գյուղապետը 30 տարի կերել ա։ Հարցնում ենք՝ ինչո՞ւ եք հիմա ասում, պատասխանում են՝ նոր իմացանք։ Մեկ այլ դեպքում, օրինակ՝ Զարթոնքում, նույն հարցին պատասխանում են՝ «Մենք մինչև հեղափոխությունը կամպյուտր չունեինք ու չգիտենինք, որ թալանում ա գյուղապետը»։ Նախ էդ գյուղացու ասածը, եթե կոպիտ չձևակերպենք, պարզ հիմարություն է։ Հեղափոխությունից հետո Նիկոլը ոչ մեկին կամպյուտր չի նվիրել, թեև աստիճանաբար հասցնում է նրան, որ ունեցողներն էլ վաճառեն՝ հաց գնելու համար։ Բացի այդ, համակարգիչ ունենալը դեռևս գյուղապետի ապօրինությունների վկայություն չէ։

Պատկերացնո՞ւմ եք, գյուղացիները բողոքում են գյուղապետից, պահանջում են հրաժարական ու աբսուրդ պատճառ են բերում․ «գյուղապետը մեզ բոլորիս ծեծել է»։

90 տղամարդ հավաքվել է բողոքի ցույցի ու հայտարարում, թե՝ մեզ ծեծել է գյուղապետը։

Եթե ձեզ 20 տարի գյուղապետը ծեծել է, ուրեմն գործ ունենք ճորտերի ու մտրակավոր ճորտատիրոջ հետ։ Գյուղապետն էստեղ ավելի քիչ մեղավոր է, քան գյուղացին ինքը, որ առանց ամաչելու կանգնում ու հայտարարում է, թե ինչպես է 20 տարի ծեծ կերել։ Էստեղ կապ չունի, թե ով է երկրի ղեկավարը՝ Նիկո՞լը, թե Նազարբաևը։

Ու մեր վարչապետն էլ զբաղված է դեմագոգիայով, թե՝ մարդիկ բողոքի ցույց են անում, որովհետև նրանց ձայնն էսքան տարի ճնշված է եղել։ Ես ինչ հիշում եմ, կառավարության դիմաց բողոքի ցույցեր են եղել, ամեն հինգշաբթի մեր ամենահետաքրքիր լուսաբանման ենթական եղել են բողոքի ցույցերը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ