15 02 2019

«Ջախջախված» մոնոպոլիստներն իրենց շատ էլ լավ են զգում

«Ջախջախված» մոնոպոլիստներն իրենց շատ էլ լավ են զգում

Դեռ 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետ էր ընտրվում, ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում մի շարք չքնաղ խոստումներ տվեց: Դրանցից մեկն էլ վերաբերում էր մենաշնորհների դեմ պայքարին:

Այսպես, իր այդ ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Զուտ ֆորմալ առումով, ես կարծում եմ, որ մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է»:

Դրանից մի քանի ամիս անց` օգոստոսի 17-ին` հայտնի հանրահավաքի ժամանակ, որին որպես վարչապետ, այսինքն` իրավիճակին տիրապետող անձ, Փաշինյանը նշեց, որ անգամ ոչ թե ժամեր, այլ` րոպեներ են պետք. «Ես 2017 թվականին ասեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ...»:

Իսկ ահա այս տարվա հունվարի 14-ին, երբ Փաշինյանը, վերջին անգամ ընտրվելով, նախագահի նստավայրում նշանակվեց վարչապետ, հայտարարեց. «Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով...»:

Ուրեմն, այս պահին Հայաստանում մենաշնորհային շուկաներ փաստացի պետք է չլինեին: Միայն թե հարցն այն է, թե ինչպե՞ս վարվենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ի պատասխան մեր հարցման` տրամադրված այս տեղեկատվության հետ` երեք ապրանքային շուկայի հետ կապված: Շաքարավազի և բանանի, որտեղ մենաշնորհը պետք է, որ անցած տարվա մայիսի կեսերից չլիներ, և մեկ էլ` ցորենի՝ նկատի ունենալով դրա հանրային հսկայական կարևորությունը (տես աղյուսակը):

Սկսենք շաքարավազից: Այստեղ, եթե 2016թ. համեմատ այս տարի ունենք տնտեսվարողների թվի նկատելի աճ, բայց մեկ է, 2017թ.-ի համեմատ, 10 տնտեսվարող լքել է այս շուկան: Սակայն այդ թիվը ընդհանուր պատկերի վրա չի ազդում` Սամվել Ալեքսանյանը, ինչպես որ տիրում էր շաքարավազի շուկայի հսկայական մասնաբաժնին, այնպես էլ` շարունակում է տիրել: Այսպիսով` ֆիքսենք. շաքարավազի շուկայում մենաշնորհը վերացված չէ:

Բանանի շուկան: Այն, որ «Քեթրին գրուպի» գործերը լավ չեն և անգամ ասում են, թե լքել է Հայաստանը, շատ է խոսվում: Ու դրանից հետո, թեև «Քեթրին գրուպի» դիրքը 57 տոկոսից նվազել է` մինչև 30, սակայն դա էլ փոքր թիվ չէ: Առավել ևս, որ շուկայում կա գրեթե համարժեք ևս մեկ ընկերություն, այսինքն` երկուսով որոշիչ դեր ունեն: Եվ ահա այստեղ մեկ էական նրբերանգ. 2017թ. փետրվարին, երբ Փաշինյանը պատգամավոր էր, ՊԵԿ-ին էր դիմել նման հարցումով. «Ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթղթերով ՀՀ բանան ներկրող են հանդիսանում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն և «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն: Հարց. Արդյո՞ք այս երկու ընկերություններն ունեն ընդհանուր սեփականատերեր կամ շուկայի բաժանման վերաբերյալ պայմանավորվածություններ (պայմանագրեր)»:

Տեսնես Փաշինյանն իր այդ հարցի պատասխանը գտա՞վ, և այդ դեպքում ի՞նչ կասի, հիմա բանանի շուկայում ևս բացարձակ մենաշնորհ կա՞, թե`ոչ: Առավել ևս հաշվի առնելով, որ անցած տարվա կտրվածքով` բանանի շուկայում արձանագրվել է գործող սուբյեկտների թվի կտրուկ նվազում` 40-42-ից մինչև 28:

Ինչ վերաբերում է ամենակարևոր ապրանքին` ցորենին, ապա այստեղ ևս «Ալեքս հոլդինգի» փայլը չի մարում: Ավելին, Փաշինյանի օրոք Սամվել Ալեքսանյանի դիրքերը դեռ մի բան էլ` ավելացել է` 49-ից հասնելով 53 տոկոսի: Գրեթե անփոփոխ է նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Մոդուս Գրանում»-ի դիրքերը: Չի փոխվել նաև շուկայում գործունեություն ծավալողների թիվը: Արդյունքում, ցորենի շուկայում ևս ինչ վիճակ որ հնուց կար, դեռ մի բան էլ ավել` պահպանվում է:

 

Այսպիսով, եթե անգամ այն շուկաներում, որոնց օրինակով մոնոպոլիստերին 40 րոպեում ջախջախել-վերջացնելու մասին հայտարարում էր Փաշինյանը, մոնոպոլիստներն իրենց շատ լավ էլ` զգում են, ուրեմն ի՞նչ կարելի է ասել մնացած բոլոր շուկաների մասին: Հետևաբար` Հայաստանում մոնոպոլիաները վերացե՞լ են. կարծես թե միայն Փաշինյանի հայտարարություններում: Իհարկե, որպես պատասխան` կարող են հազար ու մի բացատրություն բերել, թե սրանք արդեն այն մոնոպոլիստները չեն, որ կային առաջ, սրանք ժողովրդական մոնոպոլիստներ են, և այդպես շարունակ: Բայց դե, դրանից շաքարավազի 92 տոկոսանոց դիրքը հաստատ 12 չի դառնա:

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ