14  02  2019

Խորհրդարանն ինքն իրեն չի թողնում աշխատել

Խորհրդարանն ինքն իրեն չի թողնում աշխատել

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը փետրվարի 12-ից սկսել է քննարկել կառավարության ծրագիրը կամ Կառավարության ծրագրի ընդունման օպերացիան՝ երեք գործողությամբ, որի վերջնարդյունքը պարզ էր ի սկզբանե:

Մեկ ամբողջ օր վարչապետը ներկայացրեց ծրագիրը, հաջորդ օրն անցան հարց ու պատասխանի: Գրանցվել էր պատգամավորների գրեթե կեսը՝ 53 պատգամավոր: Նրանց մեծ մասը, իհարկե «Իմ քայլը» խմբակցությունից էին, որոնց մի մասը պարզվեց, հերթագրվել էր ոչ թե հարց տալու, այլ ծրագիրն ու այն ներկայացրած վարչապետին անխնա գովաբանելու համար։ Մեկն անգամ խոստովանեց, թե մեկ նախադասությամբ ծրագիր էլ բերված լիներ, դարձյալ կողմ էր քվեարկելու: Ընդդիմությունն էլ քննադատում էր, սպառնում դեմ քվեարկել, եթե չընդունվեն իրենց առաջարկները: Իշխանությունն էլ ի դեմս փոխվարչապետի, ընդդիմության առաջարկները գնահատեց բովանդակազուրկ և ոչ կառուցողական:

Մի խոսքով, երեք օր խորհրդարանական երկրի խորհրդարանում մենք լսեցինք մեջբերումներ ֆիլմերից, հումորային մանրապատումներից, Աստվածաշնչից, փիլիսոփաների մտքերից, եղան բանավեճեր:

53 հարցերին հետևեց հայտարարությունների փուլը՝ 42 գրանցված պատգամավորով: Կառավարությունն էլ ամբողջական կազմով լսում էր դրանք, դրա համար գործադիրի հերթական նիստը տեղափոխվեց հաջորդ օրը:

Իսկ ծրագիրն ընդունվեց, որովհետև այլ կերպ լինել չէր կարող՝ թողնելով մի պարզ հարցի տեղ՝ ինչի՞ համար էր այդ ամենը, եթե ոնց բերել էիք, ընդունելու էիք՝ առանց որևէ փոփոխության։

Մի քանի օր առաջ էլ նույն տրամաբանությամբ Ազգային ժողովը հանձնաժողովների նախագահներ էր ընտրում: Բոլոր 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրվել էր մեկական թեկնածու: Ի դեպ, նախապես հանձնաժողովներն ընդդիմությունն ու իշխանությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում բաժանել էին իրար միջև: Ասել է, թե ընտրությունը կատարված էր, մնում էր վավերացնել: Իսկ ի՞նչ արեց մեր խորհրդարանը: Բոլոր հնարավոր և անհնար հարցերը տրվեցին թեկնածուներին, մինչև պատգամավորներից ոմանք «սթափության կոչ» արեցին՝ շեշտելով, որ ընտրողը խորհրդարանից արագություն է ակնկալում:

Այո, ընտրողը Ազգային ժողովից արագություն է ակնկալում, այն նույն արագությունը, որով իշխանությունը գնում էր խորհրդարանական ընտրությունների և ասում, որ իրենք ուզում են աշխատել, բայց չեն թողնում, այն նույն արագությունը, որով խոստանում էին փոխել քաղաքացու կյանքը և լուծել խնդիրները, որոնք, ինչպես իրենք էին ասում, ամեն քայլափոխին էին:

Բայց ընտրողը ոչ միայն արագություն է պահանջում, այլ նաև արդյունավետություն, որի գրավականը ամենևին էլ աղմուկը չէ:

Հարգելի խորհրդարականներ, քայլ արեք դեպի խնդիրների լուծումը և թողեք ձեզ աշխատել:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ