14 02 2019

Ներդրումներն ու նոր աշխատատեղերը՝ «Գույք պարտքի դիմաց»-ի ձեռնարկություններում

Ներդրումներն ու նոր աշխատատեղերը՝ «Գույք պարտքի դիմաց»-ի ձեռնարկություններում

Հայաստանում չարչրկվող թեմաներից մեկին` «Գույք պարտքի դիմաց» գործարքին առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Այդ հրապարակման մեջ կոնկրետ փատերով ներկայացրել էինք, որ մոտ 100 մլն դոլար պարտքը Ռուսաստանի Դաշնությանը առաջացել էր հիմնականում 1993-1994 թվականներին, որը մարելու համար 2002 թվականին Հայաստանի կառավարությունը ռուսական կողմին փոխանցեց մի քանի ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երևանի նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները։

Այդ գործարքի շնորհիվ էր, որ այդ ձեռնարկությունները պահպանեցին իրենց հզորությունները և զերծ մնացին 90-ականներին փլուզված, սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառված հայկական արդյունաբերական հարյուրավոր այլ ձեռնարկությունների ճակատագրից։ Հաջորդ արդյունքն այն էր, որ այդ տարածքներում ստեղծվեցին աշխատատեղեր և կատարվեցին ներդրումներ։

Yerevan.Today-ը հարցումներ էր ուղարկել պատկան կառույցներին՝ տեղեկանալու համար, թե որքա՞ն ներդրումներ են կատարվել այդ ձեռնարկություններում, քա՞նի աշխատատեղ է ստեղծվել և որքա՞ն հարկ է վճարվել պետական բյուջե։

Տնտեսական զարգացման և ներդումների նախարարությունից ստացած պատասխանի մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2003 թ․հուլիսի 1-ի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ն և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ որոշ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որի կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2013 թ․-ի օգոստոսի 1-ին։

««Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր ու նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն՝ էլեկտրոնիկայի, ճշգիրտ ինժիներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում»,- նշված է պատասխանում։

Հավելենք, որ ազատ տնտեսական գոտում բացված արտադրությունների թվում են «Լեդ» լամպերի արտադրությունը, «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը՝ հայկական ArmTab պլանշետների և սմարթֆոնների արտադրող ընկերությունը և ուրիշներ։

Եվ ամենակարևոր ցուցանիշը, որից կարելի է պատկերացում կազմել «գույք պարտքի դիմաց» գործարքի շնորհիվ Հայաստան մտած ներդրումների մասին։ Ըստ նախարարության կողմից մեզ տրամադրած պատասխանի՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկից մինչև 2017 թվականը ներառյալ կազմակերպչի և շահագործողների կողմից փաստացի իրականացվել է 2,8 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել 326 նոր աշխատատեղ։ Այսինքն, խոսքը 4 տարվա ընթացքում բացված աշխատատեղերի և կատարված ներդրումների մասին է։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այս թեմայով բոլոր խոսակցությունները, ըստ որոնց Հայաստանը տուժել է կամ ինչ-որ բան է կորցրել, պարզապես կեղծիք են։

Ինչ վերաբերվում է վճարած հարկերին, ապա «Ալյանս» ազատ տնտեսական գոտին որպես այդպիսին ազատված է հարկերից, հետևաբար 1000 խոշոր հարկատուների ցանկում այն չկա։ Մինչդեռ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն (ամենայն հավանականությամբ առանց ԱՏԳ-ի մեջ մտած տարածքների) իր կայուն տեղն ունի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Պետական եկամուտների կայքում, սկսած 2014 թ․-ից հրապարակված այդ ցանկում, այս ընկերությունը հետևյալ հարկային վճարումներն է կատարել․

2014 թ․՝ 219 մլն դրամ

2015 թ․՝ 142 մլն դրամ

2016 թ․՝ 202 մլն դրամ

2017 թ․՝ 207 մլն դրամ

Սա վկայում է, որ այստեղ նույնպես գործ ունենք կանոնավոր գործունեություն ծավալող ընկերության հետ, որը ապահավում է աշխատատեղեր և հարկային եկամուտներ վճարում պետական բյուջե։

Սրանք խոսուն փաստեր են նրանց համար, ովքեր խեղաթյուրված պատկեր են ներկայացնում։ Ի դեպ, նարանց մեջ շատերն այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք 90-ականներին փոշիացրեցին 70 տարվա ընթացքում ահռելի ռեսուրսների ներգրավմամբ ստեղծված հայկական արդյունաբերությունը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ